Բռնության ենթարկված աղջիկն ինքնասպանության շեմին է

Բռնության ենթարկված աղջիկն ինքնասպանության շեմին է
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի մանկապիղծ ուսուցչի պատմությունը անտարբեր չթողեց գրեթե ոչ մեկի, սակայն քչերն են հետաքրքրվում  նրա կողմից բռնության զոհ դարձած աղջիկների ճակատագրով: Այդ դպրոցում տիրող հանցագործ միջավայրը բացահայտած աղջիկներից մեկն այսօր ինքնասպանության շեմին է, եւ ոչ ոք չկա նրա կողքը, որպեսզի հետ պահի նրան այդ քայլից:



Անիին (անունը փոխված է) ճանաչեցի, երբ նա դեռ 15 տարեկան էր: Ապրում եւ սովորում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում: Դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, իսկ Անին այստեղ հայտնվել էր սոցիալական պայմանների պատճառով: Մայրը, չկարողանալով կերակրել աղջկան, նրան ուղարկել էր հատուկ դպրոց, որտեղ Անին սեռական բռնության էր ենթարկվել ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից:



Թե ուսուցչի անառակաբարո գործողությունները, թե դրանց մասին մամուլի հրապարակումները սթրեսի էին ենթարկել աղջկան: Բացի այդ, Անիի կենսագրության մեջ դաջվել է այն, որ նա ավարտել է, իր խոսքով, «դոդերի դպրոցը»: Հատուկ դպրոցի բոլոր սաների ուղեղներում անջնջելի հետք է թողել այն գիտակցումը, որ իրենք «աննորմալ են»: Թե Անին, թե դպրոցի մյուս աղջիկները մշտապես այն բարդույթն են ունեցել, թե «նորմալ տղեն իրենց չի ուզի», մանավանդ, որ իրենք սեռական բռնության են ենթարկվել:



Հենց այս կարծրատիպն ու սոցիալական ծանր պայմաններն էլ ստիպեցին աղջկան դպրոցն ավարտելուց հետո շուտափույթ ամուսնանալ: Ամուսնությունը երկար չտեւեց. Անին վերադարձավ մոր տուն, որտեղ հաճախ կիսաքաղցած օրեր անցկացրեց: Մայրը վատառողջության պատճառով թողել էր աշխատանքը: Ընտանիքին օգնելու համար ամռանն աշխատում էր դաշտում:



Այսքանը գիտեի Անիի մասին մինչ երեկ նրանից զանգ ստանալս: Ասաց, որ Երեւանում է, ուզում է հանդիպել ինձ: Դժվարությամբ ճանաչեցի նրան. շատ էր փոխվել, հյուծված եւ ընկճված տեսք ուներ: Ասաց, թե արդեն մեկ ամիս է` Երեւանում է ապրում: «Մաման խտրականություն էր դնում էրեխեքի մեջ, ինձ վատ էր վերաբերվում, ես չէի կարում էդ վիճակի հետ հաշտվել, թողեցի-դուրս եկա տնից»,- Անիի խոսքերն ինձ շատ զարմացրին:



Մոր կողմից խտրականության կոնկրետ դրսեւորումներ նա չպատմեց, փոխարենն ասաց, թե այս ընթացքում մշտապես փող է ուղարկել տուն: «Էսօր էլ զանգել էին, ասում էին` կարա՞ս 15 հազար ուղարկես: Գազի փողը չեն մուծել, անջատել են, մրսում են: Հիմա չգիտեմ` ումից վերցնեմ, որ ուղարկեմ տուն»: Անին վիրավորված է մորից ու փոքր քրոջից, որոնք հեռախոսազրույցների ժամանակ մոռանում են 18-ամյա աղջկանից հարցնել` ո՞նց ես:



«Զանգում ա, չի ասում` աղջիկ ջան, էսօր ինչ ես կերել, ընդհանրապես կերել ես, թե չէ: Որտե՞ղ ես քնել: Մենակ հարցնում են` փող երբ ես ուղարկելու…»: Տնից դուրս գալուց հետո Անին 3 անգամ փողոցում է գիշերել: «Ես կարող էի վատ ճանապարհ ընտրել փող աշխատելու համար, բայց չարեցի դա: Չարբախի շենքերից մեկի մուտքում էի քնում: Հետո մի ծանոթ մարդու հանդիպեցի, ով բուտկա ունի: Հիմա գիշերը էդ փոքր բուտկայում եմ քնում` աթոռի վրա նստած»,- պատմում է Անին:



Հասկանալի է, որ հատուկ դպրոցում անգամ տառաճանաչության մակարդակը չհաղթահարած աղջիկը ինչ աշխատանք կարող է կատարել: Միայն այն, ինչը կապված է իր արտաքին տեսքի հետ: Լավագույն դեպքում` վաճառողուհի: Անին կարճատեւ աշխատել է սուպերմարկետներից մեկում, աշխատած գումարի մեծ մասն էլ, իր խոսքով, տուն է ուղարկել:



«Ես ապրելու իմաստ չունեմ, ավելի լավ ա` մեռնեմ, քան թե սենց բոմժի պես ապրեմ»,- անտարբերությամբ ասում է 18 ամյա աղջիկը: Նա արդեն երկու անգամ ինքնասպանության փորձ է արել: Մի անգամ մեծ քանակությամբ քնաբեր է խմել, որից հետո հայտնվել է հիվանդանոցում: Հաջորդ անգամ իրեն ընթացող մեքենայի տակ է գցել. բարեբախտաբար, հարվածը թույլ է եղել:



Մոր տուն վերադառնալ չի ուզում: Ակնհայտ է, որ Անին հոգեբանական խնդիրներ ունի: Մասնագետ չլինելով` չկարողացա նրան օգնել, ոչ էլ սեփական բնակարան ունեմ, որպեսզի իմ տուն տանեի փողոցում հայտնված աղջկան: Այս ամենը չէի գրի, եթե չանհանգստանայի, որ Անին վտանգի մեջ է: Ամեն տեսակի մարդ կարող է հանդիպել նրան փողոցում, գուցե կփորձեն օգտագործել` մարմնավաճառության կդրդեն կամ թրաֆիքինգի կենթարկեն: Նրա կողքին այժմ ոչ ոք չկա, որպեսզի գոնե խորհուրդով օգնի:



Մանկատան եւ հատուկ դպրոցի նախկին սաները հարմար թիրախ են հանցագործների համար: Իսկ կանանց եւ երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները հավանաբար սպասում են, որ Անին թրաֆիքինգի իրական զոհ դառնա, որից հետո կսկսեն օգնել նրան, աղմուկ բարձրացնեն, դրամաշնորհներ շահեն:



Մի՞թե հասարակությունն ու պետությունը որեւէ պատասխանատվություն չեն կրում այն երեխաների ճակատագրի համար, որոնք բռնության են ենթարկվել պետական հաստատությունում` պետական բյուջեից աշխատավարձ ստացող ուսուցչի կողմից: Մի՞թե անհաջող ընտանիքում ծնված երեխաները դատապարտված են բոմժ կամ մարմնավաճառ դառնալու:



ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ