Պատգամավորները չիջան ծեծված կանանց մոտ

Պատգամավորները չիջան ծեծված կանանց մոտ
Երեկ ցերեկը, մինչ խորհրդարանում ընթանում էր ԱԺ նիստը, կառավարության մոտ ծեծված առեւտրական ցուցարարների մի խումբ ու այլ հարցով բողոքավորներ եկան խորհրդարանի դիմաց` ազգընտիրների մոտ, թերեւս հույս ունենալով լսելի դարձնել նրանց իրենց խնդիրը:



Ցուցարար կանայք ու մի քանի երեխաներ իրար ձեռք բռնելով` կենդանի պատ կազմեցին, փակելով Բաղրամյան փողոցը: Ընթացքում միջադեպից եկած կանայք բարկացած պատմում էին առավոտյան կառավարության դիմաց կատարվածի մասին: «Մենակ տեսնեիք ինչ էր կատարվում: Իսկական Սումգայիթ էր, Սումգայիթ, էդ ո՜նց էին բրթում, խփում կնիկներին, էս երեխու թեւերը լրիվ կապտացրել են, 8-րդ դասարանի երեխա ա»,-ոգեւորված պատմում էր կանանցից մեկը: «Բա սա պետություն ա՞, բա իրանք մեր իշխանավորներն ե՞ն, մեր հաշվին հարստանան ու մեր պետության մեջ մեզ գործազուրկ սարքեն ու հետն էլ ծեծե՞ն: Բա իրանք իրավունք ունե՞ն:



Մեզ աղքատացրել են-գցել փողոցները, հիմա էլ ծեծում են: Տեսնեիք ինչ էր կատարվում»,- իր հերթին ավելացրեց կանգնածներից մեկ ուրիշը: «Թող մեր հաշվին, մեր հարկերի հաշվին առած 50-100 հազար դոլարանոց մեքենաները ծախեն, մեզ համար աշխատատեղ ստեղծեն կամ թող թողնեն մենք մեր գործն անենք»,- կոնստրուկտիվ առաջարկ արեց կանանցից մեկը` շարունակելով. «Ինչի՞ պետք ա իրանք մեր հաշվին թանկանոց մեքենաներով ման գան, ամբողջ օրը ռեստորաններում քեֆ անեն, մեր երեխեքը հաց չունենան ուտելու, մեզ էլ սարքեն գործազուրկ ու ծեծե՞ն»: «Իրանք իրանց քաղքենիությամբ ուզում են աղքատությունը թաքցնել, փոխանակ աղքատությունը վերացնեն, աղքատներին են  վերացնում: Թող ինձ նորմալ գործ տան, ես փողոցում առեւտուր չեմ անի: Թե՞ նորմալ գործերը մենակ իրանց ու իրանց հարազատների համար ա: Ամոթ իրանց, բա կանանց վրա ձեռք կբարձրացնե՞ն:



Էլ սրանից ավել ի՞նչ անեն»,-հայտարարեց մեկ այլ ցուցարար: Առավոտյան բռնության ենթարկված առեւտրական կանայք չէին հասցրել դատարկվել, եկան ոստիկանները, թե՝ բացեք ճանապարհը: Մի մասը չենթարկվեց, որից հետո սկսվեց հրմշտոցն ու ծեծուջարդը, ոստիկաններն այստեղ էլ քաշքշեցին ու ծեծեցին կենդանի պատ կազմած կանանց ու երեխաներին: Չնայած միջադեպն ԱԺ-ի դիմաց էր, ու ցուցարարները եկել էին ազգընտիրներին իրենց բողոքն ականջալուր դարձնելու, որեւէ պատգամավոր չիջավ նրանց մոտ: ԱԺ-ում շարունակվում էր նիստը: Ոստիկանության քաշքշոցից ու ծեծից հետո առեւտրական կանայք ցրվեցին: Խորհրդարանի աշխատակիցները ծեծվող կանանց աղաղակը լսել էին, պատգամավորները չէին լսել:



«Ինչո՞ւ չիջաք ցուցարարների մոտ» մեր հարցին ի պատասխան՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Կոնկրետ ես տեղյակ չեմ եղել: Մենք այստեղ նստած աշխատում էինք»: Ասել է թե` ԱԺ-ի դիմաց հնարավոր է կանանց, երեխաներին ծեծեն, ու խորհրդարանում ոչ ոք տեղյակ չլինի՞, նկատեցինք մենք: «ԱԺ-ում մենք նստած՝ քվեարկություն ենք արել, հարցեր ենք քննարկել: Ես իմ աշխատասենյակում եմ եղել, ինձ որեւէ մեկը չի ասել` այնտեղ մարդ կա կամ մարդ չկա»,-հայտարարեց իշխող կուսակցության ներկայացուցիչ պատգամավորը` կառավարության առջեւ կատարվածի առթիվ մեր հարցին պատասխանելով. ««Ժառանգության» պատգամավորները եղել են վարչապետի մոտ, վարչապետն իրենց մոտ զանգահարել է ոստիկանապետին ու հանձնարարել ծառայողական քննություն իրականացնել:



Դա արդեն իրավական տիրույթում է, եւ ես իրավական տիրույթի խնդիրները չեմ մեկնաբանի: Ցանկացած հակաօրինական քայլ դատապարտելի է: Շատ լավ է, որ այդ հարցը միանգամից հայտնվեց երկրի վարչապետի ուշադրության տիրույթում»: ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին, երբ հարցրինք, թե ինչպես է գնահատում կառավարության առաջ տեղի ունեցած ցուցարար առեւտրականների ու «Ժառանգության» պատգամավորների ծեծը, ԲՀԿ-ականը հայտարարեց. «Վատ եմ գնահատում: Մենք դեռ ժամանակ ունենք, դրանով կզբաղվենք: Այսօր սպասում ենք տեղեկատվության, թե ինչ է տեղի ունեցել: Մենք կխոսենք նաեւ պատկան մարմինների հետ եւ դրա պատասխանը վաղը կտանք»:



Սաֆարյանը խուսափեց պատասխանից, թե ինչո՞ւ դուրս չեն եկել ԱԺ հասած ցուցարարների մոտ` կրկնելով, թե վաղը կտան իրենց գնահատականը: ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին հարց ուղղեցինք, թե կանայք ու երեխաները եկել են ԱԺ-ի առաջ, փողոցն են փակել, ինչո՞ւ դուրս չեկաք նրանց մոտ` լսելու բողոքը, չէ՞ որ Դուք ընտրված եք, այսպես ասած` ժողովրդի ընտրյալն եք: «Երբ որ «այսպես ասածով» եք խոսում, չեմ ուզում Ձեր հարցերին պատասխանեմ: Այդուհանդերձ, քանի որ խնդիրը կարեւոր է` կպատասխանեմ: Եթե այդպիսի բաներ են եղել, ապա ծառայողական քննությունը կվերաբերվի նաեւ դրան»: ՀՀԿ-ական, «Եվրոստանի» Մանվել Բադեյանն ընդհանրապես տեղյակ չէր միջադեպից: «Ես չեմ իմացել, որ մարդիկ եկել են, ուզում են որեւէ մեկի հետ հանդիպել:



Ծեծելը բոլոր դեպքերում վատ է: Օրենքով թույլատրվում է, որ ոստիկանությունն ուժ կիրառի, բայց միայն սահմանված դեպքերում, եթե կարգ են խախտել: Պատգամավորին ընդհանրապես իրավունք չունեն ծեծելու ոչ մի պարագայում»: «ՀՀ քաղաքացիները եկել էին ՀՀ կառավարության շենքի առջեւ, ինչը որեւէ հակասահմանադրական գործողություն չի պարունակում: Եկել էին պաշտպանելու իրենց իրավունքները»,-մեզ հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը` հավելելով. «Եթե չգնան կառավարության մոտ լուծում տալու իրենց խնդիրներին, ապա էլ որտե՞ղ պետք է լուծում փնտրեն: Ես շատ եմ ցավում, որ իրավունքների պաշտպանությունը բախվել է բիրտ ուժի:



Մեր խմբակցությունը քիչ առաջ միջադեպը դատապարտող հայտարարություն տարածեց, եւ կարծում եմ, որ պետք է դեպքին տալ եւ իրավական, եւ քաղաքական գնահատական: Եվ այս դեպքը կատարվում է  վարչապետի լուսամուտների տակ: Անպատժելիությունը, ցինիկությունը հասնի այն աստիճանի, որ շարքային ոստիկանը թույլ տա իրեն ձեռք բարձրացնել ԱԺ պատգամավորի վրա: Ես չեմ կարծում, որ որեւէ շարքային ոստիկան իրեն թույլ տար նման բան, եթե չկար համապատասխան հրահանգ»: Երեկ միջադեպը դատապարտել են Հայ ազգային կոնգրեսն ու Տիգրան Կարապետիչի ԺԿ-ն:

ՀԳ - Ի դեպ, այսքանից հետո երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում երկու կանայք կանգնել էին նախագահականի դարպասների մոտ ու, չնայած ոստիկանների հորդորներին, հրաժարվում էին հեռանալ. ուզում էին Սերժ Սարգսյանին դուրս գալուց բռնացնել ու իրենց հարցերը պարզել: