Ոստիկանը ձեր համար լիցքաթափման գործիք չի

Ոստիկանը ձեր համար լիցքաթափման գործիք չի
Վարչապետի նախկին խորհրդական, սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանի՝ մանկապղծության մեջ բացահայտումն այնքան աղմկոտ էր, որ իր բլոգում նույնիսկ վարչապետը հիասթափություն ու ցավ հայտնեց, իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով ժամանակին դիֆերամբներ էր ձոնում սփյուռքահայ գործընկերոջն ու բարեկամին, նրան հայ մարդու իսկական ու օրինակելի կերպար համարում,  աղմկոտ բացահայտումից հետո ոչինչ չասաց: Իսկ վերջինս ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ էր: Երեկ կառավարության նիստի ավարտից հետո ոստիկանապետը հայտնվեց լրագրողների «ոստայնում»:



Մենք, օգտվելով առիթից, փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ նրանից, իսկ զրույցը սկսեցինք պեդոֆիլից: Շարունակում է նրան իսկական հայի կերպար համարել. «Էն ա դուք ձեր մեկնաբանություններն անում եք, էլ իմ բացատրությունները ձեզ պե՞տք են որ: Չէ, հիմա էդ կարծիքին չեմ, վատ բան ա արել: Եթե իրոք ըտենց ա, ես էն ժամանակ չէի կարա էդ մասին իմանայի, ոնց որ դուք եւ մնացած բոլորը, բացի ձեր շահարկումներից... թամադայություններ, քավորություններ, էդ դեբիլությունները որտեղի՞ց են հնարել, ես չեմ հասկանում, արդյունավետ գործով զբաղվեք, մարդկանց հանգիստ թողեք: Ինչ անենք՝ ազգությամբ էլ հայ ա եղել, դրանում է՞լ ենք մենք մեղավոր: Իհարկե դատապարտում եմ, իսկ ո՞վ չի դատապարտի, եթե էդպիսի երեւույթ կա»:



Հարցին, թե հիասթափվա՞ծ է սփյուռքահայ բարեկամից, ասաց. «Ընդհանրապես երեւույթից եմ հիասթափված եւ էն մարդուց, ով որ կարա իրան էդպիսի արարք թույլ տա»: Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե ինքն այդ մասին նախապես իմացել է, սակայն լռել, ասաց. «Մեղադրողները, չգիտեմ ոնց ասեմ, կոպիտ բառ եկավ մտքիս մեջ, բայց լավ, էսպես կձեւակերպեմ՝ շատ վատ մարդիկ են»: Մեր ռեպլիկին, թե ավելի՞ վատն են, քան պեդոֆիլ Սերոբ Տեր-Պողոսյանը, ոչ տարավ, ոչ բերեց՝ նետեց. «Այ, էս բանում ինձ մեղադրողները Սերոբ Տեր-Պողոսյանից ավելի վատն են կամ նույն մակարդակի կլինեն»:



ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ, ԻՆՉԻ՞ ԵՔ ՈՒԶՈՒՄ ՄԵԶ ՀԵՏ ԱՄԵՆ ՕՐ ՀԱՐԱԲԵՐՎԵՔ



Փետրվարի 28-ից մինչեւ մարտի 3-ը թեեւ լրատվամիջոցները հեղեղվեցին ոստիկանության ու «Ժառանգություն» կուսակցության միջեւ տեղի ունեցած բախման մասին փաստող տեսանյութերով, Ալիկ Սարգսյանը երեկ հայտարարեց. «Մարտի 3-ին ոստիկաններն օրինաչափ են գործել, որեւիցե խախտում չի եղել, եւ ես նրանց պաշտպանելու եմ իմ բոլոր հնարավորություններով եւ թույլ չեմ տա որեւիցե մեկը, անկախ իր զբաղեցրած դիրքից, հասարակության մեջ իմ ոստիկաններից մեկին վիրավորի, էլ չեմ խոսում անձնական վիրավորանքի մասին:



Իսկ եթե մարդիկ իրենց  անձեռնմխելիությամբ են որոշում հանդես գալ, թող չմոռանան, որ դրա դիմաց իմ ոստիկաններն էլ արժանապատվություն ունեն, որ իրենց անձեռնմխելիությունից ոչ մի բանով պակաս չէ, մի բան էլ ավել է. իրանց անձեռնմխելիությունը թող պահեն իրանց»: Մեր հարցին, թե տեսանյութերը դիտելուց հետո՞ է այդ կարծիքը կազմել, վստահեցրեց. «Իհարկե,  տեսել եմ եւ շատ նյարդայնացել, որ կարող է սենց պահի իրան Ազգային ժողովի պատգամավորը: Շատ վատ է»: Միջադեպի գլխավոր հերոս Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե ծառայողական քննություն սկսե՞լ են, Սարգսյանը  պատասխանեց. «Ձեր հարցին ընդհանրապես չեմ ուզում պատասխանել, ափսոս սկսեցի խոսել Ձեր հետ»:



Ապա շարունակեց. «Ես ծառայողական քննություն կատարում եմ էն դեպքում, երբ որ հանգամանքները տանում են դրան, երբ խախտում է կատարվել, որը պատժելի արարք ենք համարում: Էն դեպքում, երբ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ոստիկանների գործողությունն օրինաչափ է եղել, մեզ ներկայացվեց ամբողջ տեսագրությունը, մենք քննարկել ենք եւ գտել, որ նման վերաբերմունքի պարագայում ոչ իրավաչափ որեւիցե գործողություն չեն կատարել: Չի կարելի ոստիկանին վիրավորել, թույլ չեմ տա ոչ մեկին՝ անկախ ձեր պատգամավորական մանդատներից, ձեր մանդատներն այլ նպատակի ծառայեցրեք, ոչ թե երկրի զինանշանը գլխարկի վրա կրող մարդուն էս տիպի խոսքեր ու այլանդակ վերաբերմունք ցույց տվեք»:



Ապա պարոն ոստիկանապետը շարունակեց. «Ոստիկանությունը քավության նոխազ չի, ոստիկանը ձեր համար լիցքաթափման գործիք չի, խնդրում եմ ոստիկաններին հանգիստ թողեք եւ մի վիրավորեք: Եթե համազգեստ են կրում, դա չի նշանակում, որ նրան ամեն րոպե պետք է անձնական վիրավորանք ուղղեք: Ես մեղադրում եմ բոլոր մարդկանց, կլինի պատգամավոր թե ով՝ իմ համար նշանակություն չունի...»: Փոստանջյանը պահանջեց իրեն տրամադրել այն տեսանյութը, որը տեսել է Սարգսյանը:



«Ես չեմ ուզում Ձեր հետ հարաբերությունների մեջ մտնեմ, ամեն րոպե Ձեզ կադրեր տրամադրեմ: Մերը հրապարակային ա՝ ամբողջ տեսանյութերը հրապարակված է, գնացեք-նայեք, ինչո՞ւ եք ուզում մեր հետ ամբողջ օրը հարաբերվեք, պահանջեք, տեսնեք»,-բորբոքված Զարուհուն դիմեց Սարգսյանն ու սպառնաց, որ այսուհետ ավելի խիստ է լինելու: Մեր հարցին, թե «ավելի խիստ» ասելով ի՞նչ նկատի ունի, պատասխանեց. «Ես հասկանում եմ Ձեր հարցի իմաստը, ավելի խիստ՝ նկատի ունեմ ոստիկանին մոտենալ, փորձել ներգրավել ամեն տեսակ քաշքշուկների ու արկածախնդրության մեջ: Չի կարելի, աշխատեք քիչ շփվեք ոստիկանների հետ»:



ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՄՊԱՏԻԱ ՉՈՒՆԻ



Հանպատրաստից բացօթյա հանդիպման կուլմինացիան Ալիկ Սերգեյիչի ու Զարուհի Փոստանջյանի երկխոսությունն էր հեղափոխության թեմայով:  Փոստանջյանը Սարգսյանից հետաքրքրվեց անցած տարի հայտնած այն մտքով, թե դեռ օրորոցում խեղդելու է հեղափոխական մտքերը. «Հեղափոխության նկատմամբ ես առանձնապես սիմպատիա չունեմ,  որովհետեւ հեղափոխությունը ցնցում է, զինված ճանապարհով իշխանության բռնազավթում, որը նորմալ տարբերակ չի, քաղաքակիրթ չի»:



Երբ Փոստանջյանը հակադարձեց, թե քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում նման ձեւակերպում չկա, իսկ հեղափոխությունը կարող է լինել քրեորեն հետապնդելի արարք, եթե լինի դրա ձեւակերպումը, ուրեմն իր հայտարարությունը բռնության կոչ է դառնում, Սարգսյանը պատգամավորի պորտը տեղը դրեց. «Դուք ի՞նչ եք պատկերացնում՝ զենքերով  զինված մոլեգնել մայրաքաղաքում, եւ ես դա չկանխե՞մ, Դուք դա՞ եք ուզում, միգուցե փորձեք մի անգամ՝ իմ վերաբերմունքը կտեսնեք կոնկրետ էդ պահին: Հեղափոխության գործիքը զենքն ա»:



Զրույցը վերածվեց լեզվակռվի, կողմերը, իրար հերթ չտալով, սկսեցին խլացնել միմյանց: Սարգսյանը վստահեցրեց, թե կարող է լեզվակռվում հաղթել Զառային. «Ձեր հետ հավասար ես կարամ խոսեմ, ձայնային տվյալներս էլ հերիքում են: Դուք խոսեք՝ ես էլ եմ խոսելու, մեկ ա՝ ես չեմ թողնելու ինձնից շատ խոսեք, եւ ասում եմ՝ որտեղ հեղափոխություն, էնտեղ զենքի գործադրում, որը ես մեղադրում եմ: Դուք պրովոկացիայի եք գնում, տիկին Զարուհի, Ձեր գործելաոճն էլ շատ լավ ճանաչում ենք»: Մի խոսքով, հումորի երեկոն գլուխը քարով էր տվել: