Աստծո շաղ տված թաշկինակները

Աստծո շաղ տված թաշկինակները
Հատված վեպից



Ու պառավն ասաց` եվ Աստված է վկա, ես ներքեւում նստած՝ տեսնում եմ, ներքեւում նստած՝ տեսնում եմ, որ մարդկությունը ստեղծվել ու ծնվել է խաղաղ ապրելու համար:



Մարդկությունը ստեղծվել ու ծնվել է խաղաղ պայմաններում խաղաղ ապրելու եւ հանուն իր բարօրության` խաղաղ արարելու-ստեղծագործելու համար: Եվ հայվանը, որ հայվան է, քերթվելուց բառաչում է, մորթվելուց բառաչում է: Ապրված ցավից նա բողոքում-լացում է: Սով քաշելուց նա բառաչում-բողոքում է: Իսկ ցավ տարած-սոված մարդը պիտի բառաչի ու բառաչի: Եվ ներքեւում նստած՝ ես տեսնում եմ, ներքեւում նստած՝ ես տեսնում եմ, թե վերեւներում ի՜նչ ֆոկուսնիկների սատանայակերպ խմբեր կան, ի՜նչ անցավ-անդարդ, իրենց հնացած ու հնամաշ աթոռներից եզի համառ-բթությամբ պոկ չեկող տնաքանդներ կան, թույն ու թարախ կապած անգրագետ ու անկիրթ տնաքանդներ կան, որ մեզնից ու սեփական ժողովրդի ցավերից կտրված-հեռու՜-անհունության մեջ փքված-նստոտած, նոր բացած շամպայնի ի՜նչ լպրծուն բաժակաճառեր են քրքջում իրար երեսի՝ ներքեւիններիս հաշվին:



Ու սուտ դիրքավորված-փքված իրենց հալով` ի՜նչ դիրքավորված բթամտությամբ են դատում ներքեւիններիս վերաբերյալ: Ներքեւիններիս, որ անհրաժեշտ պահին, իրենց ուզած անհրաժեշտ պահին, մեր ցավի ու վշտի արտասուքները ափով սրբելուց հետո կամքի, արիության, հերոսամարտի ու հերոսության ընդունակ մեր զավակներից կազմված ի՜նչ բանակներ են իրար դեմ զորաշարժի ենթարկում: Եվ ի՜նչ անպատիժ խարդավանքներ են գործում: Ու թուրքի պառավն ասաց` եւ երկիրս, մեր ու ձեր երկիրը, մեղք է սրանց ձեռքը: Մեղք է երկիրս սրանց ձեռքին: Ու պառավն ասաց` հի՜ն մարդիկ ինչ լավ են ասել` այս երկիրը մարդկանց երկիրն է: Ի՜նչ ճիշտ-վեհություն կա էս պարզության մեջ: Առայժմ ոչ մեկն ուրիշ երկիր-մոլորակ չի հայտնագործել: Չկա ուրիշ երկիր-մոլորակ: Այնպիսին, որ մեր հիշողությամբ ու մեր կարոտով մարդիկ կապրեին:



Չկա: Ոչ մեկը դեռ չի հայտնագործել: Ու պետք է փայփայել այս երկիրը: Պետք է փայփայել: Որովհետեւ այս երկրի նմանը չկա ոչ մի տեղ: Ու ճիշտ է ասված` բավական է հրացանազարկ անել մի ջեյրան կամ մի սայգակ` եւ ամբո՜ղջ հոտը տեղափոխվում է նոր բնակավայր: Եվ ովքե՞ր են հրահրում պատերազմները: Ու հրահրելուց հետո ո՞ր դիրքերում են նրանք: Ու ինչո՞ւ է մարդկանց այդ տեսակը չարացած մտնում այս երկիր: Մարդն ինչո՞ւ է չարացած ծնվում: Այդ ի՞նչ կարգի մայրեր են, որ չարացած զավակներ են ծնում: Ու պառավն ինքն իր հարցից խեղճացավ ու խեղճացած-տարակուսած՝ պատասխանեց ու ասաց, տարակուսանքով ասաց` բայց մայրերն ի՞նչ կապ ունեն, ի՞նչ կապ ունեն մայրերը: Եվ ես մինչեւ հիմա մտածում եմ ու պատասխանը չեմ գտնում, չեմ կարողանում գտնել հարցիս պատասխանը, չեմ կարողանում գտնել` իմ Թահիր-տղան, արնածոր դանակը ձեռքին, քերթվող ու մարդու նման սրտակեղեք աղերսող կատվի, մեր երկիր նետված Աստծո թաշկինակի առաջ կանգնած, այդ ինչո՞ւ էր իր նմանների հետ ու իր նմաններին գլխին հավաքած, ուրիշի աղերսին անտարբեր` չարակամ հռհռում: Ասուն ու անասուն ցավ են զգում ու ցավից ցավ են քաշում: Ասունը ինչո՞ւ է անասունի անտարբերությամբ ու անասունի նման իր նման Աստծո տված ասունին ցավ տալիս ու ցավ պատճառում: Եվ որտեղի՞ց է մերձավորի, իր նմանի, արյունակցի նկատմամբ մարդ-արարածի` ցավ պատճառելու հակումը: Մարմաջը: Ինչո՞ւ է մարդը մարդուն փորձում նվաստացնել, ստորացնել, ոչնչացնել: Աստծո ստեղծած ու տված մարդն ինչո՞ւ է իր  նման Աստծո ստեղծած ու տված մարդուն ու արարածին ստորացնում... Սպանում:



Քերթահան անում: Մորթում: Ինչո՞ւ: Արդյո՞ք նա զգում է` ինքն Աստծո մարդը չէ, ինքը հակամարդն է: Ինքը չարն է ու ինքը Սատանան է: Չար ու նենգ եւ մաղձոտ մարդը զգո՞ւմ է, որ ինքը մարդ չէ` Սատանա է: Ու պառավն ասաց` մարդ պիտի սիրով մտնի այս աշխարհն ու այս երկիրը եւ այս մարդկանց  ու այս մարդկության մեջ: Մարդ պիտի սիրով մտնի մարդկանց մեջ: Աստված այդպես է կամենում: Ու թուրքի պառավն ասաց` ժողովուրդը մեղք է, էրմանի, ժողովուրդը մեղք է: Նրա հավաքական կերպարն ու բնազդը զգում է ամեն ինչը: Ու մեր ու ձեր ժողովուրդները, աշխարհիս ու երկրներիս ժողովուրդը ստեղծվել է լավ ապրելու համար, ցավից, չոռից, պատերազմներից, սովից, տառապանքներից հեռու, անվնաս, ապահով ու անցավ, խաղաղ ապրելու համար: Եվ Աստված իր ստեղծած անհատ-մարդկանց ցավ է տալիս, մեկ-մեկ ցավ է պարգեւում, ցավ է պատճառում, որպեսզի էդ անհատներն իրենց հասած ցավ-տառապանքներով հեռու պահեն իրենց ժողովրդին էդ ցավ-տառապանքներից:



Աստծո տված՝ իրենց մարմնին քաշած ցավով հեռու պահեն իրենց ժողովրդին ցավ-տառապանքներից: Իրենց ժողովրդին հասնող ցավ տառապանքներն իրենցով անում, իրենց վրա վերցնում ու ազատում են իրենց ժողովրդին վերահաս վտանգներից ու ցավ-տառապանքներից: Ու ամեն ժամանակ, բոլո՜ր ժամանակներում ժողովուրդն իր իմացած զավակին ու իր ճանաչած զավակներին ծնում է իրեն հասնող ամեն մի վտանգի պահին: Ամեն մի ժողովուրդ ճակատագրահաս պահերին ունենում ու ծնում է իր անմնացորդ նվիրումով եւ կյանքի նվիրումով իր լուսապայծառ թագերով իր ինքնազոհ-պայծառ զավակներին: Եվ ամեն մի ժողովուրդ իր տականքն էլ է ունենում իր մեջ պահած: Ու իր սրբացած զավակների կողքին ու նրանց զուգահեռ՝ իր տականքն էլ է ունենում իր մեջ պահած: Եվ ամեն մի ժողովուրդ, իր ստահակին ու տականքին տեղ տալով իր գրկում, որդեկորույս ու որբացած մոր նման մազերը փետրելով ու փետրելով, հեծեծում է իրենից հեռացած-անմահացած իր սրբացած զավակների համար: Ու պառավը նորից կրկնվեց ու ասաց` ժողովուրդը մեղք է. նա ընդհանուր հավատ ունի ու նա Հավատ ունի եւ Հավատը չկորցրած, բերանը բաց հավատում է սրան-նրան:



Իր փառավոր ու լուսաշող իղձերի իրականացման համար ու հանուն իր իղձերի ու երազների, լուսաշող երազների իրականացման ու Հավատը ներսում պահած, լուսաշող հավատացյալի իր կերպարով, բերանը բաց ու հավանության աղաղակներով՝ սրա-նրա հետեւից է գնում, սրան ու նրան է փնովում, սրան ու նրան է խրախուսում ու զորավիգ լինում: Ու պառավն ասաց` բայց ավաղ, նրա Հավաքական կերպարը` երբեք, սակայն եւ մեկ-մեկ խաբվել է կարողանում ու իր միջից ելած ստահակից ու տականքից խաբված լինելով, խռովկան երեխայի նման երեսը փակող-ծածկող շղարշ է տանում երեսին ու ոչ մեկին տեսնել չի ուզում ու կորսված եւ պորտալարով իրեն կապված իր սիրասուն զավակների, իրենից անժամանակ հեռացած ու «իր մասին մտածող» իր սրբացած, իրենից հեռացած զավակների կորստյան լացն է նորից փորձում լացել: Իր որբության լացն է փորձում լացել: Իր միայնակության լացն է լացում:



Ու պառավը եւս մեկ անգամ կրկնվեց ու ասաց` ժողովուրդը մեղք է, ու նրա մանր չինովնիկն ու պաշտոնյան, միջին չինովնիկն ու պաշտոնյան, նրա բարձրաստիճան չինովնիկներն ու պաշտոնյաները պիտի զգան ու գիտակցեն, մի շա՜տ պարզ բանի նման պիտի հասկանան, որ իրենք ուրիշի տեղն են նստոտած: Որ իրենք ուրիշների տեղերն են նստոտած, եւ իրենցից էնքա՜ն խելացիներն  ու եռանդուն ջիղով գործունյաներն ու աշխատասերները, սովետի թմբիրից փախչող այնքա՜ն ազնիվները կան, որ դուրսն են մնացել, որ խորթ զավակի պես, էս երկրի խորթ զավակի պես որբացած դուրս են մնացել, ու գործազուրկն են երկրիս եւ գործազուրկն են երկրիս:



Ու էդ նու՜յն` ուրիշի փոխարեն ուրիշի տեղերը նստոտած, իրենց քեռիների ու հոպարների ու պապաների նման երկիրն անդեմ թմբիրի վերածած ու ծուլության մեջ կոխած, երկրի իր իսկական ու խելացի ու բանիմաց զավակներին արգելք դառած, իրենց բթամտությամբ ամեն մի նորին ու բարեփոխումներին արգելք դառած, առնվող-ծախվող ու ամեն ինչի մեջ կոպեկ հաշվող ու իրենց «քյարը» լավ իմացող ու լավ հաշվարկող բութ չինովնիկն ու բութ պաշտոնյան եւ խելացի-վաշխառու-քաղքենի պաշտոնյան ու խելացի-վաշխառու-քաղքենի չինովնիկը պետք է հասկանան ու գիտակցեն, մի շա՜տ պարզ բանի նման պիտի հասկանան, որ իրենք վտանգն են երկրի: Իր բթամտության հետ չհամակերպվողի, երկրի աղ-զավակների ու այդ զավակների սիրասուն երկրի ու Հայրենիքի վտանգն ու գերեզմանափորն են իրենք: Իրենք, երկդիմի ու երեսպաշտ հալով, բյուրոկրատ իրենց կերպարով` ժողովրդի զզվանքն են իրենք: Ու ժողովրդից թքվող քամահրանքն են իրենք: Ու վաշխառու իրենց հալով` ժողովրդի տզրուկներն են իրենք: Ու թուրքի պառավը վախվորած ասաց` չարն են սրանք իրենց ժողովրդի: Չարն են սրանք: Իր ժողովրդին չհասկացող մարդն ու չինովնիկը եւ պաշտոնյան չարն է այդ ժողովրդի: Ու աշխարհս ու երկիրս չարի ու բարու կռվի մեջ է:



Սարմեն ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ