Խորհուրդ Րաֆֆի Հովհաննիսյանին

Խորհուրդ Րաֆֆի Հովհաննիսյանին
Այս պահին, երբ իշխանությունները մոլագար պայքար են մղում՝ ընդդիմությանը թույլ չտալու մուտք գործել Ազատության հրապարակ, որ այն ընդդիմադիր, բողոքավոր ժողովրդի համար փակ պահելը արդարացնելու նպատակով դիմում են այլեւայլ միջոցների՝ այն է, արտոնելով փողոցային առեւտուրը՝ այն դեպքում, երբ ամենուրեք փողոցային առեւտրի դեմ պայքար են հայտարարել, սակայն հրապարակում տարբեր ապարանջաններ վաճառողներ ցուցահանդես-վաճառքն են խրախուսում կամ խաղահրապարակի վերածում:



Ահա այս պայմաններում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն օգներ ժողովրդին նվաճել Ազատության հրապարակը եւ այդ նպատակով հայտարարեր հացադուլ եւ նստացույց հենց Ազատության հրապարակում, հետեւելով Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակին, ով 2008-ին 10 գիշեր շարունակ իր մեքենան կանգնեցրել էր Ազատության հրապարակում, ինքն էլ գիշերում էր այնտեղ... Ահա եթե նման քայլի դիմի Րաֆֆի Հովհաննիսյանը, դա, անշուշտ, արդյունավետ կլինի, որովհետեւ դրանով կօգնի ժողովրդին վերանվաճել Ազատության հրապարակը: Թե չէ այլ տեղ... Որպես քաղաքագետ՝ խորհուրդ կտամ, որ ակցիան ապարդյուն չանցնի եւ ոմանց կողմից նաեւ ծաղրական մեկնաբանությունների չարժանանա, անցկացնի հացադուլը Ազատության հրապարակում՝ նստացույցի ձեւով: Խոստանում եմ՝ այդ դեպքում ես էլ կմիանամ իրեն: ...Այո, կարող է նաեւ ծաղրանքի արժանանալ, սափրվել, իմիջ փոխել... Այսօր ժողովրդի հիմնական խնդիրը Ազատության հրապարակը նվաճելն է, որովհետեւ այն խորհրդանշական տեղ է. մեր անկախությունը, մեր արժանապատվությունը, մեր հաղթանակների արձանագրումը սկսվել է Ազատության հրապարակից: Այսօր բոլոր քայլերը քաղաքական գործիչների, ովքեր իրենց ընդդիմադիր են դիտում, նպատակամղված պետք է լինեն Ազատության հարապարակի վերանվաճմանը: Այլ տարբերակով ոչ մի դրական արդյունք չի արձանագրվի: Հասկանալի է, «Ժառանգություն» կուսակցությունը համաժողովրդական շարժման այս նոր փուլում խնդիր ունի իր տեղը գտնելու, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես կուսակցության առաջնորդ, նույնպես իր տեղը գտնելու խնդիրն ունի, որպեսզի գործընթացի լուսանցքում չհայտնվի: Եվ քանի որ այսօր ժողովուրդն է միասնական՝ ընդդիմության առջեւ խնդիր դրել՝ վերանվաճել Ազատության հրապարակը, եթե այս պարագայում պարոն Հովհաննիսյանը նստացույց անի ուրիշ վայրում, ապա չեմ հասկանում…



Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ իր նոր իմիջը Հայաստանի նոր փոփոխությունների գնալու սկիզբը կլինի, Հմայակ Հովհաննիսյանը նման ռեպլիկ արեց. «Այսինքն ակնարկել է, որ իր իմիջը մինչեւ հիմա կարգին չի եղել, հիմա կարգի՞ է բերում»:



Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Քաղաքագետների միության նախագահ