Խաղը կայացավ, հարցականները մնացին

Խաղը կայացավ, հարցականները մնացին
Եկեք խոստովանենք, որ այդքան սպասված, այդքան կրքեր բորբոքած ու շահարկումների առարկա դարձած Հայաստան-Ռուսաստան խաղը շատերիս մոտ երկակի զգացում թողեց: Եթե խաղին մոտենանք զուտ այն հաշվարկով, որ հակառակորդը` Ռուսաստանի հավաքականը, ՖԻՖԱ-ի վարկանիշով մեկ կարգ բարձր թիմ էր, որի կազմում մի իսկական աստղաբույլ էր խաղում` «Արսենալի», «Չելսիի», «Տոտենհեմի» ու «Շտուտգարդի» առանցքային խաղացողներով, ապա իսկապես նման ոչ-ոքին պետք է որ ուրախացնի մեր հավաքականի երկրպագուներին: Սակայն, մյուս կողմից էլ, եթե իրոք հավակնում ենք Եվրո-2012-ի եզրափակչում տեսնել մեր տղաներին, ապա ցանկացած միավորի կորուստը մեզ հեռացնում է այդ բաղձալի հեռանկարից: Առավել եւս, որ առջեւում մնացած հինգ խաղերից չորսն արտագնա են, որից երեքն էլ` հենց խմբի հիմնական ֆավորիտների հետ:



Իսկ ամենակարեւորը` խաղի արդյունքը չպատասխանեց այն հիմնական հարցին, թե արդյո՞ք չկար որեւէ պայմանավորվածություն, ավելի շուտ` արդյո՞ք ռուսական կողմը չէր օգտագործել բոլոր լծակները` իր պայմանները պարտադրելու համար: Պարզ է, որ կասկածները փարատել կարող էր միայն մեր թիմի հաղթանակը, ինչը տեղի չունեցավ: Իսկ ոչ-ոքին կարող էր «խոսացած» լինել: Չմոռանանք, որ պատվախնդիր եւ լուրջ ծրագրեր ունեցող թիմերի համար (ինչպիսին ներկա պահին երկու հավաքականներն են) ոչ-ոքին ավելի շատ նշանակում է երկու միավորի կորուստ, քան մեկ միավորի ձեռքբերում: Խաղից անմիջապես հետո ռուսական կայքերը ողողված էին խաղի արդյունքի վերաբերյալ ակնհայտ դժգոհությամբ. ռուսները գրեթե միաբերան գտնում էին, որ իրենց հավաքականն ուղղակի երկու շատ կարեւոր միավոր կորցրեց Երեւանում:



Խաղից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում երկու թիմերի գլխավոր մարզիչներն էլ բավարարվեցին հերթապահ հայտարարություններով, ինչից դժվար էր ենթադրություն անել՝ գոհ են, թե դժգոհ խաղի արդյունքից: Թերեւս փոքր-ինչ անբավարարվածություն դրսեւորեց Դիկ Ադվոկատը, որը, ինչպես հայտնի է, արդեն հասցրել է Ռուսաստանում իր նկատմամբ բացասական վերաբերմունք ստեղծել եւ քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուր սայթաքում կարող է իր համար ճակատագրական լինել:



Մտահոգիչ էին նաեւ մերոնց ցուցադրած խաղի որակական ասպեկտները. չկար այն ագրեսիվ, դիտարժան, հաղթանակին միտված խաղը, որ մենք տեսանք աշնանային ելույթներում: Ճիշտ է, շատերը եւ առաջին հերթին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դա բացատրում են «գարնանային գործոնով»` խաղացողների ֆունկցիոնալ ոչ լիարժեք պատրաստվածությամբ: Իսկ միգուցե մենք ժամանակից շուտ մեծ հույսե՞ր կապեցինք մեր հավաքականի հետ եւ նրանից ավելին ենք սպասում, քան նա այսօրվա վիճակով ունակ է:



Սակայն հարկ է արձանագրել, որ այսօր ունենք հավաքական, որը եթե անգամ դեռ ի զորու չէ հավասար «կռիվ տալ» ամենա-ամենաների հետ, ապա գոնե աստիճանաբար հասնում է այն մակարդակին, որ ստիպում է իր հետ հաշվի նստել, խառնել շատերի խաղաքարտերը, անակնկալներ մատուցել: Եվ սա արդեն ձեռքբերում է այն վիճակի համեմատ, երբ մեր հավաքականը տարիներ շարունակ հիմնականում միավորներ բաժանողի կարգավիճակում էր: Պետք է հուսալ, որ այդ ժամանակներն այլեւս չեն վերադառնա:



Զինվենք համբերությամբ ու սպասենք հունիսի 4-ին Ռուսաստանում կայանալիք պատասխան խաղին, իսկ դրանից երեք ամիս անց էլ` մնացած չորս խաղերին, որոնցից յուրաքանչյուրը մեզ համար բախտորոշ է լինելու:



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ