Համացանցում (15.06.2010)

Համացանցում (15.06.2010)
Հայկական բլոգներում, էլեկտրոնային թերթերում ու սոցիալական ցանցերի հայկական տիրույթներում արդեն շաբաթից ավել է՝ քննարկվում է VO.X ռոք համույթի` Չարենցի "Ես իմ անուշ Հայաստանի" բանաստեղծության հիման վրա գրված երգի տեսահոլովակը: Ի՞նչն է հետաքրքիր այս հոլովակում: Նախ, որ այն, ինչպես խմբի նախորդ երեք տեսահոլովակները, սոցիալական բնույթ ունի: Ոչ այնքան մեղեդային, որքան բավական դրամատիկ տրամադրություն ստեղծող ռոք ռիթմերի ներքո VO.X-ը կարողացել է Չարենցի` առաջին հայացքից սիրո ու կարոտի զգացումներ առաջացնող բառերը զուգորդել սիրո ու կարոտի հետ նվազագույն աղերս ունեցող տեսարաններով ու սլոգաններով, ուշադրություն հրավիրելով էկոլոգիական, հասարակական ու սոցիալական խնդիրների վրա: Առաջին քառյակը` որպես օրինակ: Ես իմ անուշ Հայաստանի (Տոքսիկ աղբ) արեւահամ բարն եմ սիրում (Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ), /Մեր հին սազի ողբանվագ (Աղքատություն), լացակումած լարն եմ սիրում (Լքված երեխաներ), /Արնանման ծաղիկների (Թմրամոլություն) ու վարդերի բույրը վառման (Այլասերվածություն), /Ու նաիրյան աղջիկների (Թրաֆիքինգ) հեզաճկուն պարն եմ սիրում (Մարմնավաճառություն): Կոնկրետ իմ կարծիքով` հոլովակը միանշանակ տպավորիչ է: Նախ գաղափարը, հետո` մատուցման ձեւը: Երգն էլ, պատկերացրեք, գոնե ռոքի սիրահարների համար բավական տանելի առոգանություն ունի: Հավանողների բանակը շատ ավելի մեծ էր, քան ընդդիմախոսների, բայց հոլովակն այնուամենայնիվ շատ սուր քննադատության արժանացավ հայկական ինտերնետ հանրույթում` երեք ուղղություններով: Թերեւս ամենաթույլ ու քիչ հիմնավորված քննադատությունը եկավ քրիստոնյաների կողմից, որ երգի կրկներգում (միակ հատվածը, որ գրվել է խմբի անդամների կողմից), որպես գլխավոր արժեք` խաչի կողքին ներկայացված է նաեւ արեւ, իբր երաժիշտները հեթանոսություն են քարոզում: Երկրորդ, քիչ ավելի կոպիտ քննադատությունը հնչեց, այսպես անվանենք, պահպանողականների կողմից, որոնք պնդում էին, թե Չարենցի հանճարեղ խոսքերը ընդամենը մանր մանիպուլյացիայի են ենթարկված, եւ որ չէր կարելի նման ճղճիմ մեթոդներ կիրառել հանրաճանաչություն ձեռք բերելու համար: Երրորդ` ամենադաժան ու տեւական կրակահերթը տեղաց միասեռականների ու սեռական փոքրամասնությունների պաշտպանների կողմից: Խնդիրն այն էր, որ VO.X-ն իր տեսահոլովակում որպես այլասերվածություն էր ներկայացրել միասեռականությունը: Այս կապակցությամբ bravo.am-ին տված հարցազրույցում խմբի կիթառահար Արամ Րիանն ասում է. "Ես youtube տեսահոլովակ եմ գցում ու հատուկ նշում, որ սա վերաբերում է միայն Հայաստանին: Որովհետեւ այս մի կտոր հողի վրա ես ուզում եմ պահպանել այն արժեքները, որ մնացել են: Կարծեցին փոքրամասնություններին ճնշում, ոտնահարում ենք, նման բան չկա, մեզ ճանաչողները գիտեն, որ մենք այդպիսին չենք, նույնիսկ փոքրամասնության ներկայացուցիչ ընկերներ ունենք: Իմ ընկերների մեջ էլ թմրամոլներ կան, իրենց երեսին ասում եմ` "այլանդակ դեմքեր եք, սխալ բան եք անում, բայց ես ձեր համար գժվում եմ, կյանքս էլ կտամ ձեզ համար": Անձին պետք է անջատել երեւույթից, ցավոք, դա չեն հասկանում": Հոլովակը կա youtube.com-ում: Ընդամենը փնտրեք VO.X - I love Armenia: