Վուվուզելն է կանչում

Վուվուզելն է կանչում
"ՀԱՀ 2010"-ը, որին հետեւում է աշխարհի բնակչության ուղիղ կեսը, նաեւ մեր ուշադրության կենտրոնում է: Տեղեկացնենք, որ "սեւ մայրցամաքում" արտասահմանյան լրագրողներին թալանած հանցագործները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Նախ` խաղերի մասին:



A խումբ



ՀԱՀ-Մեքսիկա բացման խաղը հետաքրքիր ստացվեց: Չնայած տանտերերը այս խմբի ֆավորիտը չեն, գրանցված 1:1 հաշիվը ցույց տվեց, որ դեռ միանշանակ չէ, թե ովքեր դուրս կգան խմբից` ՀԱՀ-ն ու Մեքսիկա՞ն, թե՞ Ուրոգվայն ու Ֆրանսիան, որոնց հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիով:



B խումբ



Այստեղ կայացած 2 խաղերը նույնպես շատ հարցականներ առաջացրին: Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներից Արգենտինայի հավաքականը, չնայած գրագետ խաղին, դժվարությամբ կոտրեց Նիգերիայի ֆուտբոլիստների դիմադրությունը: Հարավամերիկացիներին հաջողվեց միայն խաղասկզբում 1գոլ խփել, բայց հետո խաղն աստիճանաբար հավասարվեց: Աֆրիկացիները նույնիսկ խաղը փրկելու հնարավորություն ունեին: Վերջնական հաշիվը 1:0-ն էր` հօգուտ Արգենտինայի: Վերջինիս հույսը` Լիոնել Մեսին, նիգերիացիների դարպասը գրավելու մի քանի անհաջող փորձ արեց ընդամենը: Ֆուտբոլային աշխարհի այն կարծիքը, թե Մեսին հավաքականում վատ է խաղում, առայժմ հաստատվում է: Խմբի մյուս խաղում Հարավային Կորեայի հավաքականն ուղղակի "ոչնչացրեց" Հունաստանին` երկու անպատասխան գնդակ խփելով: Առայժմ հայտնի չէ, թե որ թիմն Արգենտինայի հետ դուրս կգա խմբային փուլից:



C խումբ



Այս խմբում առայժմ փայլուն խաղ են ցուցադրել ԱՄՆ եւ Անգլիայի գլխավոր թիմերը, որոնք  գրանցել են 1:1: Չնայած Անգլիայի բաց թողած գոլի մեջ մեղավոր էր միայն դարպասապահ Գրինը, որի անփույթ խաղի հետեւանքով Անգլիան զրկվեց 2 միավորից, այնուամենայնիվ դա չի նվաստացնում մոբիլ խաղ ցուցադրած ամերիկացիների հաղթանակը: Երկու թիմերին հավանաբար կտեսնենք փլեյ-օֆում: Խմբի մյուս` ձանձրալի խաղում Սլովենան 1:0 հաշվով հաղթանակ տարավ Ալժիրի նկատմամբ:



D խումբ



Առայժմ միակ գոլառատ հանդիպումը D խմբի Գերմանիա-Ավստրալիա խաղն էր: Չնայած ավստրալացիների թիմը ուժեղ թիմի համբավ ունի, "գերմանական մեքենան" աշխատեց գերազանց, ոչ մի շանս չթողնելով մրցակցին: Յոահիմ Լյովի սաները խաղակեսերից յուրաքանչյուրում 2-ական գոլ խփելով ապացուցեցին, որ աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից են: Իսկ մինչ այդ տեղի էր ունեցել Սերբիա-Գանա խաղը, որտեղ հզոր սերբերը ձախողվել էին: Աֆրիկացիները 11 մետրանոցից մեկ անպատասխան գնդակ խփելով, վաստակեցին երեք միավոր:



Եւ ամենահետաքրքիր դեպքերը "ՀԱՀ 2010"-ից: Հոնկոնգի բուքմեյքերական գրասենյակներից մեկը երկու օրվա ընթացքում ապօրինի կարգով վաստակել է ութ միլիոն դոլար: Ոստիկաններն ասում են, որ սպորտից կախվածություն ունեցողները պատրաստ են խնայել նույնիսկ իրենց սննդի հաշվին, միայն թե խաղադրույք կատարեն սիրելի թիմի օգտին: Մարզական ազարտը խորթ չէ նաեւ պետությունների առաջին դեմքերին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1արկղ գարեջրի վրա գրազ է եկել բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ: Յուրաքանչյուրը խաղադրույք է կատարել իր հավաքականի օգտին: Բայց թիմերը ոչ-ոքի են խաղացել: Իսկ դերասան Ջոն Տրավոլտան, որը կնոջ հետ բարեգործական ծրագրերով գտնվում է ՀԱՀ-ում, կանխագուշակել է իր հայրենակիցների հաջողությունը: Մինչ ֆանատները քննարկում են խաղերի արդյունքները, առաջնության կազմակերպիչները գլուխ են ջարդում ուրիշ խնդիրների համար: Օրինակ, ինչպես պայքարել Յոհաննեսբուրգում առաջացած խցանումների դեմ: Առայժմ խնդիրը լուծել չեն խոստանում: Հյուրերին խորհուրդ են տալիս ավելի շատ հասարակական տրանսպորտից օգտվել: Բայց ամենավառ երկրպագուներին նույնիսկ խցանումները չեն վախեցնում: Մի ուսուցիչ Իսպանիայից Հարավային Աֆրիկա է հասել երկու ամսում: Նա կտրել է ութ հազար կիլոմետր` սկուտերով: Լրագրողներին ուսուցիչն ասել է, որ դա արել է, քանի որ խոստացել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Խուան Մատոյին: "Նա ինձ չհավատաց,-ասել է երկրպագուն:-Երեւի ինձ գժի տեղ դրեց, բայց խոստացավ, որ եթե ես հասնեմ Աֆրիկա, ապա անձամբ ինձ խաղի տոմս կտա": Կհասնի՞ համառ երկրպագուին տոմս` առայժմ հայտնի չէ: