Սոնա Ամատունու օրագիրը (15.06.2010)

Սոնա Ամատունու օրագիրը (15.06.2010)
Շատ եմ սիրում, երբ մարդիկ անկեղծանում են: Մեկ էլ տեսնում ես քո հարյուր տարվա ճանաչած մարդը բոլորովին ուրիշ է, ոչ այնպիսին, ինչպիսին դու իրեն պատկերացրել ես: Անցած օրը ծանոթներիցս մեկի անկեղծացման պահն էր, ու պատահաբար ես էի հայտնվել կողքին: Ի՜նչ զմայլելի պատմություն արեց նա՝ իր կյանքի պատմությունը: Ինչ կա ավելի հետաքրքիր, Հասմիկ ջան, քան 60-ը բոլորած տղամարդու խոստովանությունը: Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ իր կարծիքով գտել է իր հիվանդության սպեղանին: Դա սերն է, սերն ու սեքսը: Եւ ամուսնացած, երկու հասուն զավակների ու թոռների տեր մարդը, որ հաստատ սիրառատ մի էակ է, պարբերաբար սիրահարվում է, խելահեղ սիրավեպեր ունենում, բաժանվում, սիրահետում, քունը կորցնում, թանկ նվերներ անում, գիշերներ լուսացնում սիրած էակի պատուհանների տակ: Նա այնպես զմայլված ու հուզիչ էր պատմում այդ ամենը, որ ես մի պահ մոռացա նրա կնոջ մասին, որին հաստատ դաժան ճակատագիր է բաժին հասել: Այս Դոն Ժուանը, չնայած բազում սիրավեպերին, չի բաժանվել կնոջից, բայց եւ չի եղել մի կլոր տարի, որ իր կնոջ կողքին ու նրա հետ ապրի: Սիրավեպերը հաջորդել են միմյանց: Ով ասես չի եղել նրա կյանքում՝ էլ իրենից տարիքով մեծ կին, էլ իր աղջկա տարիքի աղջնակ, էլ ուզբեկ ու հույն, էլ շիկահեր ու սեւահեր, էլ կրթված ու անկիրթ, էլ գեղեցիկ ու տգեղ, էլ ամուսնացած եւ կույս, էլ պոռնիկ ու ուսանողուհի: Մի խոսքով՝ մարդը ամեն ինչ ճաշակել է եւ, որպես արդարացում, շրջապատում հայտարարել, որ դա է իրեն պահում այս աշխարհում, հակառակ դեպքում վաղուց սրտի կաթվածից մահացած կլիներ: Իսկ ինչպե՞ս է այդ ամենը տարել կինը, ինչպե՞ս է, որ չի բաժանվել, որ այդ բուռն սիրավեպերից մեկն իրեն չի մղել խելահեղ քայլի: Պարզվում է՝ դա էլ է եղել: Սիրուհիներից մեկին, օրինակ, տարել է հայրական տուն (ինքն առանձին է ապրում) եւ ստիպել, որ ծնողների հետ ապրի: Ինքն էլ պարբերաբար այցելել է հայրական տուն ու քնել այս կնոջ հետ: Եւ սա պատճառ է դարձել, որ կնոջ ու ծնողների հարաբերությունները փչանան: Իսկ կի՞նդ ինչպես է հաշտվել այդ վիճակի հետ, հարցնում եմ ես: Ի՞նչ հաշտվել՝ էն սկանդալները, որ կինս է սարքել, ոչ մի տղամարդ չէր տանի: Ինքը տարել է: Խեղճ կին, մտածում եմ ես: "Իսկ մի անգամ ընդհանրապես կինո էր",- պատմում է նա: Ուրեմն մի երիտասարդ աղջկա հետ է կապվել, որի մասին կինն իմացել է: Սկզբում էլի վեճ-ղալմաղալ: Հետո" մի օր տուն է գալիս, մեքենան կանգնեցնում է բակում, որ տուն բարձրանա, աչքն ընկնում է իրենց լուսամուտներին, տեսնում է սիրուհին իրենց պատուհաններն է լվանում: "Մինչեւ հասա հինգերորդ հարկ, սիրտս տեղից դուրս էր գալիս, ինչ ասես մտքովս անցավ": Պարզվում է՝ կինն այս անգամ հնարամտություն է բանեցրել. ինչ-որ ճանապարհով գնացել, գտել է այս աղջկան, հետը մտերմացել եւ բերել իրենց տուն, հետո էլ աշխատանքի լծել: Բայց դե, ամեն անգամ չէ, որ այսպես խաղաղ է ընթացել նոր սիրուհու հայտնվելը: Դրանցից մի քանիսի համար նա ավտոմեքենա է գնել, երկուսի համար՝ տուն, մյուս բոլորին հագցրել է, պահել: Եւ երբ այդ մասին կինն իմացել է, սկանդալն ավելի հյութեղ է դարձել: Լավ է գոնե ֆինանսական մեծ կարողությունների տեր անձնավորություն է, եւ այդ ծախսերը շատ նկատելի չեն եղել ընտանեկան բյուջեի վրա: Վերջում հարցնում եմ՝ բա մինչեւ ե՞րբ այդպես: Ասում է՝ քանի կենդանի եմ:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ