Իմ խելառ հրաշք

Իմ խելառ հրաշք
Նվիրվում է Գայանե Բաբայանի հիշատակին-Կարմիր վերնաշապիկով սերս չի ամուսնացել,-Գայանեն քիչ է մնում ճախրի:



- Հետո՞ ինչ՝ դու ես ամուսնացած, երկու երեխա ունես: Հո տասը տարի քեզ չի՞ սպասել:



Բայց Գայանեի կրակը ընկերուհու նման 10 հոգի էլ իրենց սառցե տրամաբանությամբ չեն մարի:



- Գնալու եմ մոտը,-ավելի է բորբոքվում:-Վանքի ճամփին հանդիպեցինք: Ընկերների հետ վանքը տեսնելու էին եկել:



Այդ երկնամերձ լեռնաշխարհում, ուր յուրաքանչյուր տասը կիլոմետրին վանական մեկ համալիր է ընկնում, եկեղեցին Քրիստոսի հայրական տունը չէ, այլ պատմաճարտարապետական հուշարձան, ոչ թե աղոթքի, այլ պատմական արմատներիդ ու պատմական սնափառությանդ հաղորդակցվելու վայր: Ու թեեւ ամեն կին ունի իր կարմիր վերնաշապիկով կամ սպիտակ նժույգով տղամարդը, եկեղեցու ճամփին նրան ճանաչելու աստվածապարգեւը երազանքի հետ հաշտ քչերին է տրվում: Այս անգամ Աստված ներկա էր եղել: Գայանեն երախտապարտ էր իրեն վիճակված  շնորհի համար, եւ ջերմ էր եղել նրանց հանդիպումը (Գայանեի եւ Աստծո):



- Դե ոչ այնքան, որ պաչպչվենք, բայց ուրախ ու ներած էի ու հեռվից ձեռքով արի: Ասում եմ` դեռ սեր չունե՞ս, ինձ կհասկանայիր:



Գավառը գվվում է` խելառ բանաստեղծուհին երեխաներին թողել է ամուսնու մոտ ու գնացել ուրիշ տղամարդու հետ: Գվվոցի մի կտորն է ճիշտ` որ գնացել է: Երեխաներին թողնելը ճիշտ չէ: Ճիշտ չէ նաեւ ուրիշ տղամարդու մոտ գնալը` Գայանեն իր սիրո մոտ է գնացել: Արան` Գայանեի ամուսինը, զանգահարում է Աշխենին.



- Ասա թող վերադառնա: Սիրում եմ, առանց իրեն չեմ կարող: Թքել եմ հասարակական կարծիքի վրա: Կներեմ, միայն թող հետ գա: Նրա հետ հեշտ է:



Գայանեն ու Աշոտը հասարակական կարծիքի վրա թքած չունեն, նրանք դա չեն նկատում: Գայանեն չի նկատում նաեւ Արայի ներման պատրաստակամության վիրավորականությունը: Աշխենը համոզված է, որ պետք է բորբոքվի, քամահրանքով մերժի նրա ներումը, իսկ Գայանեն`



- Թող չների,-ասում է,-ես իրեն չեմ սիրում: Ես խեղդվում էի դրանց ցեղի ամենօրյա չուլուփալասային խոսակցություններից, փողային մակարդակից:



Քանի դեռ կինն ու սատանան իր ներսում ներդաշնակ են, ինքը սիրով է ապրելու: Երբ կինը կմեռնի (իսկ կինը միշտ սատանայից շուտ է մեռնում), ու կմնա անհրապույր սատանան, ինքն էլ կմտածի իր սիրո բանաստեղծությունները փողի վերածելու մասին: Ինքն էլ կմտածի փողի մասին:



- Բնական մորթուց մուշտակի մասին: Ես փող սիրում եմ: Ինձ փող պետք է: Որ կնոջը փրկեմ: Կին կա, կաթսաների մուր քերելուց այնկողմի կյանքի մասին բան չգիտի: Նա էլ է, չէ՞, կին: Ինքն էլ կուզեր Սան-Ռեմո, գեղեցկության հաղթարշավ: Բայց մեջները բողոք չկա: Հաշտ չեն, է, հարմարվող են:



- Դու որ չես հարմարվում, կարծում ես ճիշտը դա՞ է: Եթե անգամ դու Չարենցին համարժեք մեծություն լինեիր, եթե նույնիսկ հազար անգամ ճիշտ լինեիր, պարտադիր չէր ամեն ինչ այդպես ուղիղ ու չոր ասել: Ամեն ինչի համար ձեւ կա:



Հարմար, չափավոր երեսպաշտությունը Աշխենն ուզում է ընկալվի որպես մարդկային հոգատարության ու արդարացիության դրսեւորում միաժամանակ, բայց ինքն էլ գիտի, որ ներկայացնում է թեթեւակի նախանձի ու ինքնավստահության խառնուրդը, որը համարյա միշտ կա Գայանեի նկատմամբ բոլորի վերաբերմունքի մեջ: Քանի որ անգամ տաղանդավոր արվեստագետ տղամարդը մղվում է  դեպի հմայիչ ու կոկետ, կանացի կոչվող կինը, իսկ յուրաքանչյուր կին, անկախ տաղանդից, իր արժանիքների մեջ ոչ երկրորդական է համարում գեղեցկությունը, մարմնավոր ցանկալիությունը, ու դա անպայման ինչ-որ չափով կեղծ է: Եվ Գայանեին անհայտ: Գայանեն գեղեցիկ է, ինչպես մասրավարդ: Հողմերի դեմ, արեւի ու անձրեւի դեմ, տապին ու սառնամանիքին` մերկ, երբ գեղեցիկ է. մերկ ու բաց, երբ հմայքի կտոր անգամ չկա մեջը: Կողքից թվում էր, թե սառնամանիքին առանց գուլպայի Գայանեն չի մրսում. կողքից թվում էր, թե Գայանեին մի կտոր ցամաք հաց ու բանաստեղծություն է պետք միայն: Կողքից թվում էր, թե Գայանեն ագահ ու ժլատ է: Կողքից շատ բան էր թվում: Երբ մարդը ոչինչ չի թաքցնում, մեզ թվում է` ամեն ինչ տեսնում են: Այնինչ, երբ չեն թաքցնում, տեսնելու համար տեսանող պետք է լինել:



Մի օր Գայանեն այլեւս չդիմացավ. ամենօրյա տառապալի, ջղաձիգ, սիզիփոսյան անարդյունք պայքարին չդիմացավ ու ասաց` հոգնեցի:



Ասաց.



- Հոգնել եմ, տեր, կանչիր` գամ:



Վերջին օրն էր: Այդ օրը նա դատաստանական վերջի ու սկզբի, նոր սխրալի մի ուսմունքի հունդը գցեց` դատենք  ու դատվենք: Երկնային ահերն ու երկրային  պայմանականությունները մերժած` դատենք ու դատվենք: Կեղծավորաբար չխուսափենք դատվելուց, ինչ է թե` դատվելու քաջությունը չունենք, ինչ է թե` արդար դատելու խիզախությունը չունենք:



ԱՇՆԱ