Նոր գիրք՝ «Ռուբեն Հախվերդյան»

Նոր գիրք՝ «Ռուբեն Հախվերդյան»
«Թող Աստված ների մեղքերն իմ որոշ,



Կյանքն իմ անհանգիստ, վարքն իմ անորոշ,



Ես նրա կամքով երգեր եմ գրել,



Փորձել երգերով մեղքերն իմ քավել»:



Սրանք Ռուբեն Հախվերդյանի տողերն են՝ զետեղված իր մասին պատմող «Ռուբեն Հախվերդյան» գրքում, որի հեղինակը Շուշան Արզաքանյանն է: Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում կազմակերպված գրքի շնորհանդեսին ներկա էին անձամբ երգահանը, գրքի հեղինակը, մի շարք արվեստագետներ, քաղաքական գործիչներ:



Լրագրողների հետ զրույցում երգահանն իրեն հատուկ անփութությամբ ու անտարբերությամբ նշեց, որ իր համար մեկ է՝ իր մասին գիրք է հրատարակվել, թե ոչ: Նա չի կարդացել գիրքը եւ չգիտի էլ, թե ինչ են գրել իր մասին: «Գաղափար չեմ ունեցել, որ իմ մասին գիրք է գրվում, բայց երբ ընկերոջդ կինը քեզ առաջարկություն է անում, չես կարող մերժել այդ առաջարկը: Ես չեմ կարդացել գիրքը, հրավիրել են՝ եկել եմ: Իմ սիրած գիրքը «Գանձերի կղզին» է. ասենք, որ գրիպով հիվանդանում եմ, այդ գիրքն եմ կարդում, գլուխս փաթաթում եմ տաք բանով, բրդե գուլպաներ եմ հագնում ու կարդում եմ «Գանձերի կղզին», որպեսզի հեռանամ այս գարշելի իրականությունից»,- նշեց երգահանն ու հավելեց, թե չի կարծում, որ այս գիրքը կարդացողներ շատ կլինեն:



6 հազար 500 դրամ արժողությամբ գիրքը նվիրված է Ռուբեն Հախվերդյանի 60-ամյակին, որտեղ, բացի նրա կենսագրությունից, առանձին բաժիններով զետեղված են նաեւ մամուլի արձագանքները եւ ժամանակակիցների խոսքը նրա մասին: «Ինքն իր երգով ամեն անգամ նվեր է անում իր ժամանակակիցներին, ինքն անակնկալների մեր արքան է, մենք էլ որոշեցինք գրքի տեսքով իրեն անակնկալ մատուցել:



Գրքում հրապարակել ենք նաեւ 17-ամյա Ռուբենի ձեռագիր նամակը, որն իր մայրիկի արխիվից եմ վերցրել»,- նշեց Շուշան Արզաքանյանն ու ավելացրեց, որ Հախվերդյանի երգն արդեն 40 տարի կարողանում է հետաքրքրել, ուսուցանել, ուղղորդել, դաստիարակել ու լինել սիրելի շատ սերունդների համար:



Գրքի հեղինակը Հախվերդյանի տարիների հարցազրույցներից հատընտիր է կազմել, իսկ ժամանակակիցների խոսքի մեջ ներառել երգահանի արվեստի մասին կարծիքներ արտահայտող 64 ճանաչված մարդկանց խոսքը: Նրանց մեջ կան եւ մտավորականներ, եւ գիտնականներ, որոնց մի մասը ներկա էր շնորհանդեսին, բայց, հակառակ ներկաներից շատերի խնդրանքին, Հախվերդյանը հրաժարվեց երգել, ասելով, որ հիվանդ է ու երգի կեսից կսկսի հազալ: