Կենտրոնը՝ գերակա շահի զոհ

Կենտրոնը՝ գերակա շահի զոհ
Դժգոհում ենք, որ Խորհրդային Միության ժամանակ բոլշեւիկները քանդուքարափ արեցին Երեւանի հին սեւ շենքերը, եկեղեցիները, որոնք պատմամշակութային արժեք էին ներկայացնում, դժգոհում ենք, որ Նոր Ջուղայում, Արեւմտյան Հայաստանում մեր պատմական հուշարձաններն են ավերում:



Առաջին դեպքում սփոփվում ենք, որ գաղութացված երկիր էինք եւ մենք չէինք մեր գլխի տերը, երկրորդ դեպքում էլ՝ որ թշնամու ձեռքով է ավերվում մեզանից խլված մեր տարածքներում: Սակայն մեր հայրենիքում, որտեղ անկախ պետականություն ունենք եւ մեր գլխի տերն ենք, չգիտեմ, թե ավերված հուշարձանների համար ինչով պետք է սփոփվենք, հատկապես, որ աշխարհի հնագույններից՝ 2792-ամյա քաղաքում այնքան էլ շատ հնություններ չկան:



«2000 թվականին, երբ սկսվեցին Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքները, մոտ 27 պատմամշակութային արժեք ներկայացնող շենք քանդվեց ու ոչնչացվեց»,- տեղեկացնում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Խորհրդային Միության տարիներին այդպիսի շենքերի վրա ցուցանակներ էին փակցված՝ պահպանվում է պետության կողմից, եւ ներառված էին համապատասխան ցուցակներում:



Կայսրության փլուզումից հետո նախկին օրենքները չեղյալ համարվեցին, եւ չէին էլ շտապում նորերն ընդունել, ինչն էլ իրավունք էր վերապահում քանդել պահպանելու նպատակով նախկին ցուցակներում ընդգրկված շենքերը: «Միայն 2004թ. ՀՀ-ն ընդունեց 1616-Ն որոշումը, որի մեջ նշվեց Երեւան քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկը: Այսինքն՝ կառավարությունը շենքերը քանդեց, նոր միայն ընդունեց այդ շենքերը պահպանելու որոշում:



Ժամանակին անգամ դատախազությունն է տեղեկանք ներկայացրել երկրի նախագահին, որ քանդվում են պատմամշակութային շենքերը, տեղեկանքում զետեղված էին եւ Հյուսիսային պողոտայի, եւ հետագայում Գլխավոր պողոտայի շենքերը: Փաստորեն, դատախազության 2006թ. տվյալներով, Երեւան քաղաքում ոչնչացվել է 27 պատմամշակութային շենք»,- պարզաբանում է Սեդրակ Բաղդասարյանը:



«Ցավոք, 2000թ. ուժը կորցրած էին համարվում նախկին օրենքները, եւ մենք չէինք կարող գործել իրավական դաշտում: Մինչեւ 2004թ. չի եղել պետական ցուցակ, եղել է ուղղակի ցուցակ՝ նախագծի ձեւով, որը կառավարության կողմից հաստատված չի եղել: Կարող եք հարցնել, իսկ ի՞նչ էիք անում այդ չորս տարիներին. Խորհրդային Միության փլուզումից հետո վերագնահատում էինք այդ արժեքները»,- տեղեկացնում է Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:



Կառավարության որոշմամբ կազմվել է երկու ցուցակ, առաջինում ընդգրկված են եղել պետության կողմից պահպանվող շենքերը, երկրորդում՝ տեղափոխման ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները: «Քանի որ արդեն նախատեսված էր որոշ շենքեր քանդել, օրինակ, Բուզանդի 9, 17, 25 շենքերը, առաջին ցուցակից տեղափոխվում են երկրորդ ցուցակ: Սկզբում եղել է ցանկ, որտեղ նշված էր, որ շենքերը պահպանվում են, հետո կառավարությունը լրացուցիչ ցուցակ է կազմում, որտեղ նշվում են, որ այս շենքերը պետք է տեղափոխվեն:



Դրանք թվով 14-ն են: Քարերը համարակալում են, անփույթ կերպով շենքը քանդում եւ տանում անհասկանալի ու անհայտ ուղղությամբ: 2007թ. որոշում են կայացրել, որ այդ շենքերը պետք է մի տարածքում նույնությամբ կառուցվեն, եւ առայսօր ոչինչ չի կառուցվել: Իմ դիմումին Երեւանի ճարտարապետ պարոն Դանիելյանը 2009թ. պատասխանել է, թե Բուզանդ, Պուշկին փողոցների շենքերը գտնվում են կառուցապատողի մոտ: Տարածքը տվել են, հետն էլ՝ քարերը: Էդ ո՞ր կառուցապատողն է քարերը տանելու ու պահի»,- շարունակում է Բաղդասարյանը:



Կարո Այվազյանն այդ առիթով տեղեկացնում է. «Այդ 14 հուշարձանների նախագիծն արվում է, հեղինակային խումբ է ստեղծվել, արդեն պատրաստ է մի տարբերակը, երկրորդ տարբերակն է արվում, վերջնական տարբերակը՝ էսքիզային վիճակով, մշակույթի նախարարություն կտարվի, որից հետո կքննարկվի մեր գիտամեթոդական խորհրդում»: Իսկ թե քանդել-կառուցելու գործընթացի վրա որքանով է իրավասու ազդել Ճարտարապետների միությունը, նախագահ Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Այդ խնդրով զբաղվող համապատասխան հանձնաժողովն է որոշում, թե որ հուշարձանը պետք է պահպանվի տեղում եւ որը տեղափոխվի: Մենք հասարակական կազմակերպություն ենք, եւ այդ հուշարձանների ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնելը մեր իրավասությունից դուրս է, մենք, անհրաժեշտության դեպքում, ընդամենը կարող ենք ահազանգել»:



Խնդիրն այսքանով կամ անտարբերությամբ չի սահմանափակվում, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն արդեն չորս տարի է՝ ահազանգում ու պայքարում է քաղաքի ճարտարապետական տեսքի խաթարման եւ պատմամշակութային շենքերի ավերման դեմ. «Իմ խորհրդարանական գործունեության առաջին թիրախում եղել են Երեւանի քաղաքաշինական նկարագիրը, մշակութային ժառանգության եւ մշակութային միջավայրի աղճատումը: Կառավարության որոշում կար, որ քանդվող շենքերը պետք է վերականգնվեն Արամի փողոցի վերջնամասում, ոչ միայն այդ տարածքն առայսօր հստակ չէ, նաեւ հուշարձանների մեծ մասի ճակատագրը: Ինչպես Կենտրոնի բնակիչները գերակա շահի զոհ դարձան, այնպես էլ մեր քաղաքի մշակութային նկարագիրը: Ես պաշտոնական նամակով դիմել եմ մշակույթի նախարարություն՝ հասկանալու, թե այդ շենքերը, իբրեւ պետական սեփականություն, որտեղ են (իհարկե գիտեմ, որ մասնավորի մոտ են մնացել), արդյոք վերականգնվելո՞ւ են, եւ ի՞նչ եղավ տարածքի ճակատագիրը: Մեր պետությունը հայտարարում է, որ մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումն իր առաջնահերթությունն է, սակայն ես համապատասխան վերաբերմունք չեմ տեսնում հատկապես Երեւանի նկարագրով»:



Ֆելիքս Եղիազարյան