Հիվանդանոցի տնօրենը բացատրում է, թե ինչպես են թյուրիմացաբար վիրահատել այլ երեխայի

Հիվանդանոցի տնօրենը բացատրում է, թե ինչպես են թյուրիմացաբար վիրահատել այլ երեխայի
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն այսօր news.am-ի թղթակցի հետ զրույցում բացատրել է, թե ինչպես է պատահել, որ շփոթմունքի արդյունքում 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն վիրահատել էին 4 տարեկան Նարեկ Դարբինյանին, մինչդեռ նա ընդամենը պետք է ենթարկվեր թոքերի ռենտգենի:



«Նարեկ Դանիելյանը անձամբ իմ կողմից երկուսուկես տարի առաջ թոքի ծանր վիրահատության էր ենթարկվել: Ծնողները նրան կրկին բերել էին` ռենտգեն անելու համար: Հիվանդանոցի ֆոյեում Նարեկն եւ իր ծնողները նստած են եղել, նրանց հետ է եղել մեկ այլ երեխա, որն էլ պետք է ենթարկվեր ամորձիների վիրահատության: Մանկաբուժության պրակտիկայում  ընդունված է երեխային վիրահատության տանելիս ասել, թե տանում են նկարելու, որպեսզի երեխան հոգեկան տրավմա չտանի: Եւ այդ օրը բուժքույրը հարցրել է. «Ո՞ր երեխային պետք  է տանենք նկարելու»: Նարեկի ծնողներն էլ, ովքեր բժշկի հետ կոնսուլտացիայից հետո երեխային պետք է տանեին ռենտգեն անելու, եւ շատ լավ գիտեին ռենտգենի կաբինետի տեղը, ասել են. «Մեր երեխային»: Նրանք բուժքրոջ ուղեկցությամբ գնացել են ոչ թե ռենտգեն կաբինետ, այլ` վիրահատարան: Նրանք երեխային հանձնել են բուժքրոջը, ով էլ  երեխային նախապատրաստել է վիրահատության»,-պատմել է Դալլաքյանը: Նրա խոսքով` ծնողները մի քանի րոպե անց են հասկացել, որ երեխան սխալ սենյակ է տարվել եւ բարձրացված աղմուկից հետո դադարեցվել է նրա վիրահատությունը:



Բ/կ-ի տնօրենի խոսքով` բժիշկներն այդ ընթացքում հասցրել են ընդամենը երեք սանտիմետրանոց կտրվածք անել երեխայի աճուկային շրջանում, ինչից հետո ստիպված են եղել կարել բացվածքը: Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ վիրահատության ժամանակ ինքը հիվանդանոցում չի եղել, մեկնել էր գործուղման, եւ իմանալով դեպքի մասին ընդհատել է գործուղումը, վերադարձել, հանդիպել է երեխայի ծնողների հետ եւ ողջ բուժանձնակազմի անունից ներողություն հայտնել:



«Այս սխալը մենք շատ ծանր ենք տանում, դա երկրաշարժի պես անսպասելի բան էր: Ես չէի ուզենա, որ հասարակության մոտ թյուր տպավորություն ստեղծվեր մեր բուժհիմնարկի վերաբերյալ»,- հայտարարել է Դալլաքյանը` հավաստիացնելով, որ տեղի ունեցածը միակ եւ բացառիկ դեպքն է եղել բ/կ-ի գործունեության պատմության մեջ:



News.am-ը հայտնում է, որ քաղաքապետի հրամանի համաձայնա աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը, ինչպես նաեւ` մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը` թողնելով աշխատելու համապատասխանաբար որպես վիրաբույժ եւ բուժքույր:



Բ/կ-ի տնօրեն Ն. Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:



Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: