Թերթերի դեմ արշավը շարունակվում է

Թերթերի դեմ արշավը շարունակվում է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ երեկ հրապարակեց ԱԺ պատգամավոր «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական գործով վճիռը։ Դատարանը հայցը բավարարեց մասնակի՝ «Երկիր» օրաթերթին պարտավորեցնելով ՀՀԿ-ական պատգամավորին վճարել 200 հազար դրամ՝ «լակոտ» բառով նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար։ Վճռով օրաթերթը պարտավորվեց նաեւ Արզաքանցյանին վճարել եւս 80 հազար դրամ՝ փաստաբանական եւ 8 հազար դրամ՝ դատական ծախսերի համար։



Դատարանը մնացած մասով հայցը մերժեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը «Երկիր» օրաթերթից պահանջում էր 3 միլիոն 568 հազար դրամ՝ «131 դեմք ու դիմակ» հոդվածում տեղ գտած «էդ լակոտը», «ստիլյագ», «առավել հասկանալի խոսում է հայերենի Քյավառա բարբառով», «աղջիկներ է տանում-բերում», «հայտնի է նաեւ որպես կազինոների մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի» եւ այլ արտահայտություններով իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար:



Փաստորեն, Արզաքանցյանի հայցը 6 էպիզոդով մերժվել է, եւ ընդամենը մեկ էպիզոդով է բավարարվել, այն էլ՝ մասնակի: Օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանի խոսքով, հայցն իրենց մասամբ է բավարարում, քանի որ սպասում էին, որ ամբողջությամբ կմերժվեր: «Դատարանը փորձել է վճռի մեջ դնել իրավական հիմնավորումներ եւ նախադեպային որոշումներ ոչ միայն Հայաստանի դատական պրակտիկայից, այլեւ եվրոպական դատարանի պրակտիկայից»,- մեզ հետ զրույցում ասաց Եսայանը եւ հավելեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը.



«Մեկ էպիզոդով՝ «լակոտ» արտահայտության համար, որն ուրիշի ուղղակի խոսք էր, եւ որի վերաբերյալ մենք ունեինք բավարար ապացույցներ, վկաներ, որ այդպիսի արտահայտություն եղել է, հայցը բավարարվեց: Մենք այս մասով վճիռն անպայման բողոքարկելու ենք»: Երեկ դատարանում վճռի հրապարակումից հետո Արզաքանցյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը դժվարացել է ասել, թե արդյոք պատգամավորը կբողոքարկի՞ վճիռը.



«Կծանոթանանք վճռին, հետո նոր կասենք՝ կբողոքարկենք, թե ոչ։ Հիմա ռեալ չէ ինչ-որ բան ասել»,- պատասխանել է նա։ Ամեն դեպքում՝ սա կարելի է հաղթանակ համարել, քանի որ ընդամենը 2 օր առաջ «Ժամանակ» օրաթերթի դեպքում դատարանը խայտառակ վճիռ կայացրեց, որով խմբագրությունը պետք է 3 մլն դրամ վճարի Քոչարյանների ընտանիքին եւ հերքում տպագրի: