Սյունիքում կրթությունը վստահել են Զայչիկին

Սյունիքում կրթությունը վստահել են Զայչիկին
Մեր երկրում շատ աբսուրդ, անհասկանալի ու անարդար երեւույթներ կան, բայց որ դպրոցն էլ դասվեց դրանց շարքը՝ աններելի է: Սիսիանում տարիներ առաջ կար մաթեմատիկական թեքումով մի փոքրիկ վարժարան, որը հիմնադրել էր մաթեմատիկական գիտությունների թեկնածու  լուսահոգի Լերմոնտ Մինասյանը: Հետագայում, ինչպես մյուս լավագույն կառույցները, այնպես էլ Սիսիանի պրոֆտեխուսումնարանը վերացավ: Ուսումնարան, որտեղ տարիներ ի վեր մասնագետներ էին պատրաստում: Ուսումնարանի շենքը՝ արհեստանոցներով, տեխնիկայով, սարքավորումներով, գույքով հանձնվեց վարժարանին, որը հետագայում դարձավ թիվ 5 դպրոց:



Համլետ Ալեքսանյանը նշանակվեց տնօրեն, ու սկսվեց առուծախը: Կարճ ժամանակահատվածում մեքենատրակտորային պարկն անհետացավ՝ հարստացնելով մեկ-երկու հոգու: Ամենավատն այն է, որ այդ գործարքն իրականացրեցին Սյունիքի մարզպետարանի, դատախազության, ոստիկանության աչքի առաջ: Մնում ես ապշած. մի՞թե կարելի է ուսումնական պրոցեսների համար նախատեսված ամբողջ տեխնիկան գրպանել: Մասնավորապես 2 տրակտոր, 1 «Գազ 66» թափքավոր մեքենա, 1 կոմբայն, այլ մանր ու միջին գյուղատնտեսական սարքեր, մետաղամշակման ու փայտամշակման հաստոցներ:



Եվ այս ամենից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իրեն պատեպատ է տալիս, թե դպրոցներում կոռուպցիա չկա: Իհարկե կա, այն էլ՝ մեծ չափերի, միայն թե ցանկություն է պետք դրանք վերացնելու համար: Դպրոցներում կատարվող անօրինությունները չէին լինի, եթե մարզի կրթությունը լիներ հուսալի  ձեռքերում, բայց ավաղ օր օրի փակվում են դպրոցները: Եվ դա հասկանալի է, քանի որ Սյունիքում կրթությունը վստահվել է մի մարդու՝ Լյուդվիգ Հարությունյանին, ում Զայչիկ են անվանում: Այդ մարդու կերպարը պատկերացնելու համար բավական է եւ այն, որ այդ ոլորտում ամենաբարդ խնդիրը կարող է լուծվել 10 հազար դրամով. Մեկ պարկ կարտոֆիլով կամ մի քանի գլուխ կաղամբով: Եվ ինչպե՞ս կարող է այդ մարդը պատշաճ կերպով ղեկավարել մարզի ամենամեծ ու ամենածանր բնագավառը, էլ ուր մնաց պայքարել նման երեւույթների դեմ: Դպրոցի ամբողջ գույքը վաճառելուց հետո հիմա էլ վաճառվում են շենքի հանրակացարանային մասի առաջին հարկի տարածքները:



Տարբեր մարդիկ վարձակալության անվան տակ զբաղեցնում են այդ տարածքները՝ առանց որեւէ օրինական հիմքերի: Գումարները պետք է մուտքագրվեն դպրոցի արտաբյուջետային հաշվին, սակայն գումարների մասին ոչ ոք տեղյակ չէ: Այս ամենից հետո խոսել դպրոցի կրթության ու դաստիարակության մասին, կարծում ենք՝ ավելորդ է:



Ահա այստեղ է, որ մարզպետարանի կրթության վարչությունը պետք է հաշիվ պահանջի դպրոցի տնօրենից, բայց ավաղ, այդ բանը մենք՝ աշխատողներս, չենք տեսնում արդեն քանի տարի է:



Խ. Դավթյան, Հ. Հակոբյան