Կարենը զայրացրել է Արման Մկրտումյանին

Կարենը զայրացրել է Արման Մկրտումյանին
ՀՀ Արդարադատության խորհուրդն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանի կողմից 3 դատավորներին կարգապահական տույժի ենթարկելու առաջարկին: Մի երկար նախաբանից հետո, որտեղ ԱԽ-ն վկայակոչել է միջազգային նորմերն ու դատավորների անկախության թեմայով դեմագոգիա արել, միակ հոդաբաշխ միտքն այն է, որ կարգապահական վարույթը գաղտնի է:



Ապա անցել են օմբուդսմենին դատափետելու գործին, իբր ՄԻՊ-ը չի պահպանել միջազգային եւ ներպետական նորմերի պահանջները, «հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ թույլ տված լինելը` դրանով իսկ կասկածի տակ դնելով ոչ միայն դատավորների հեղինակությունը, այլեւ նրանց անկախությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը:



Մինչեւ  ՀՀ Արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չհամարի  օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, որեւէ այլ պետական մարմին իրավասու չէ հրապարակայնորեն նման գնահատականներ տալ»:



Ավելին՝ «ԱԽ-ի փոխարեն մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը ԱԽ-ի` որպես դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում, ուղղակի միջամտություն է ԱԽ գործունեությանը, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը»,- ասված է հայտարարության մեջ:



Այսինքն՝ մեր բոստանը մտնելու իրավունք չունես, ասել է վճռաբեկ դատարանի նախագահը Կարեն Անդրեասյանին եւ հորդորել «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից»: