Դա ընդամենը էմոցիոնալ երիտասարդների եւ ոստիկանների միջեւ միջադեպ է

Դա ընդամենը էմոցիոնալ երիտասարդների եւ ոստիկանների միջեւ միջադեպ է
ՀԱԿ-իշխանություն երկխոսության վեցերորդ հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեին օգոստոսի 9-ին ոստիկանության եւ ՀԱԿ 7 ակտիվիստների բախման մանրամասները, երեկ պարզվեց՝ առանց սկսվելու հետաձգվել է: Երկու պատվիրակությունների ղեկավարները՝ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը, խոսել են ու պայմանավորվել, որ կհանդիպեն օգոստոսի 23-ին: Այնուհետեւ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում է, որ «պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ վերջնական պայմանավորվածություն հանդիպման օրվա մասին ձեռք կբերվի պատվիրակությունների ղեկավարների միջեւ», ինչը եւ արվել է՝ «հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին»:



Տարբեր կարծիքներ կան, թե ինչու հետաձգվեց ուրբաթ օրվա հանդիպումը, այդ թվում յոթ երիտասարդների ձերբակալության, անպատրաստ լինելու, անելիքը չիմանալու կամ արտահերթի հարցի քննարկումը ինչ-որ ժամանակով հետաձգելու պատճառով: Պատվիրակության անդամները հրաժարվում են մեկնաբանել՝ պատճառաբանելով, որ հետաձգումը որեւէ էական հանգամանքով պայմանավորված չէ: Հատկապես տարօրինակ է, որ մի քանի շաբաթ առաջ հանդիպումներից ուղիղ եթեր պահանջող, երկխոսության թափանցիկության մասին խոսող ՀԱԿ անդամները պարտիզանի նման լռում են: «Հետաձգումը զուտ պայմանավորվածության հարց էր, ուրիշ խնդիր չկար»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ հրաժարվելով պատասխանել որեւէ այլ հարցի:



Իշխանական պատվիրակության անդամներից Վարդան Բոստանջյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մանրամասներին տեղյակ չէ: Իսկ ՀԱԿ կալանավորված 3 երիտասարդների խափանման միջոցի քննարկումը պատճառ չէ՞, - հարցրինք Բոստանջյանից: «Չեմ ուզում դա պատկերացնեմ, բայց վատագույն դեպքում, եթե մեծ ֆանտազիա կիրառենք, կարելի է այդպես էլ ենթադրել»,-ասաց նա: Ենթադրվում է, որ օգոստոսի 23-ի հանդիպմանը կրկին կքննարկվի ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ օգոստոսի 9-ի միջադեպը:



Այդ մասին ասել էր ՀԱԿ պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը: «Հաջորդ հանդիպմանը նախատեսվում է, որ պետք է քննարկվեն օգոստոսի 9-ի միջադեպը եւ օրակարգային մյուս հարցերը, մասնավորապես ՀԱԿ-ի կողմից առաջարկված արտահերթ ընտրությունների հարցը: Այսինքն կարող է եւ ներկայացնենք մեր կողմից պատրաստված պատասխան փաստաթուղթը»,- մեզ հետ զրույցում ասաց կոալիցիոն պատվիրակության ՕԵԿ ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը:



Բոստանջյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու նախորդ հանդիպմանը չներկայացրին իրենց պատրաստած 135 էջանոց պատասխան փաստաթուղթը, որպեսզի ՀԱԿ-ը կարողանար այս ընթացքում ծանոթանալ դրան: «Բացարձակապես մենք պրոբլեմ չունեինք: Իրենք առաջարկեցին, որ մենք երիտասարդ ակտիվիստների հարցը մտցնեինք օրակարգ, մենք էլ ասեցինք՝ ոնց ուզում եք: Թե չէ շատ համալիր, շատ հիմնավորված պատասխան ենք կազմել»,-ասաց ԲՀԿ ներկայացուցիչը: «Չեմ կարծում, որ դա լուրջ խնդիր է: Կառաջարկեն՝ հետագայում կքննարկենք: Քաղաքական իրավիճակ է փոխվում, եւ մենակ մեզանից կախված չէ»,- նույն հարցին պատասխանեց Վահագն Խաչատրյանը:



Կոալիցիոն պատվիրակության ԲՀԿ ներկայացուցչի համար զարմանալի է, որ այդքան սպասված երկխոսության օրակարգային գլխավոր՝ արտահերթ ընտրությունների հարցը մղվել է երկրորդ պլան, եւ այլ հարցեր են առաջ մղվում ՀԱԿ-ի կողմից: «Եթե արտահերթ ընտրությունների խնդիր է դրված եւ օրակարգի առանցքային հարցն է համարվում, որ այլ բան չի կարող լինել, ապա որոշ երիտասարդների քաղաքացիական վարքագծի պատճառով այդպիսի հրատապ հարցը հետաձգելն ինչ-որ տեղ զավեշտալի է ստացվում»,- կարծիք հայտնեց Բոստանջյանը:



Նա իշխանական պատվիրակության մյուս ներկայացուցիչների պես ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներին քաղբանտարկյալ չի համարում: «Ինչ քաղբանտարկյալի մասին է խոսքը: Ես կարծում եմ, որ ՀԱԿ ներկայացուցիչները եւ ամբողջ ՀԱԿ-ը եւս հասկանում են, որ այդ միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակը ոչ մի քաղաքական նպատակ չի կարող ունենալ: Դա ընդամենը էմոցիոնալ երիտասարդների  եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպ է»,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը: Մինչդեռ ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ ասել է. «Բոլորն էլ հասկանում են, որ քաղբանտարկյալների առկայությունը խոչընդոտ է երկխոսության համար, եւ ամեն ինչ պետք է անել՝ հաղթահարելու համար այդ խոչընդոտը»: