ՃՈ պետը ճաղերի հետեւում կհայտնվի՞, թե՞ պաշտոնանկ կարվի

ՃՈ պետը ճաղերի հետեւում կհայտնվի՞, թե՞ պաշտոնանկ կարվի
Բավական է պաշտոնյան ընկնի իշխանության «սեւ ցուցակի» մեջ, եւ նրան կարող են նույնիսկ մարդասպան դարձնել: Դեռ նոր-նոր էին ՃՈ համակարգում ոստիկանության 6-րդ վարչության հայտնաբերած խոշոր չարաշահումների փաստերն ուղարկվել ՀՔԾ ու գործ հարուցվել, 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանն էլ ձերբակալվել, երբ կայքերից մեկը հիշեց Մարգար Օհանյանի մասնակցությամբ սպանության մի դեպք:



1993-1994 թվերին, երբ Մ. Օհանյանը պետավտոտեսչության վաշտի հրամանատար էր, Սեւանում մի վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված զենքից ծանր վիրավորել է Սեւանի պետավտոտեսչության աշխատակից ոմն Վանիկի, որն ավելի ուշ մահացել է: Մարգար Օհանյանին հաջողվել է սպանվածի հարազատներին փողով լռեցնել եւ գործը փակել տալ: Խոսակցությունները, թե այս բացահայտումներով Ալիկ Սարգսյանը հո՞ղ է նախապատրաստում Մարգար Օհանյանին վերջնականապես պաշտոնանկ անելու նպատակով, փորձեցինք ճշտել ոստիկանապետից:



«Կներեք, ի՞նչ  եք առաջարկում, նման դեպքերում ի՞նչ անեմ, եթե չարաշահումներ եմ հայտնաբերում ինքս իմ համակարգում»,-չքմեղացավ ոստիկանապետը: «Խոսում եք ինքնամաքրման մասին, երբ որ մեր կառույցն էլ է հայտնաբերում նման չարաշահումներ, գոնե դրանք ողջունեք, ըմբռնումով մոտենաք, որ էս երեւույթը եղել ու արմատախիլ է արվում»: Հարցին, թե գուցե ստուգումները մեկնարկել են հենց նրան պաշտոնանկ անելո՞ւ նպատակով, ոստիկանապետը տրվեց  ոչ վաղ անցյալի հուշերին:



«Բոլորովին: Ներսիկ Նազարյանի թեման շահարկվեց տարիներ շարունակ: Նույնը ասում են Մարգար Օհանյանի մասին, երկար տարիներ իր հետ մարդկային ամենալավ հարաբերություններն ենք ունեցել: Էսօր էլ իրոք թշնամի չեմ կարող համարել, դրա կարիքը չկա, բայց Ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ համապատասխան ինֆորմացիա ենք ստացել, որ կան լուրջ չարաշահումներ: Հանձնարարել են 6-րդ վարչությանը եւ էլի համապատասխան ծառայությունների  հետ համատեղ միջոցներ ձեռնարկել, ստուգել: Ստուգման արդյունքում բացահայտվեցին մի քանի հանգամանքներ, որոնք ոչ ներելի էին, ոչ թաքցնելու, ոչ էլ ես իմ տեսակով դա կարող էի մարսել»,- ասաց Սարգսյանն ու նեղսրտած մանրամասնեց.



«Այսօր ոստիկանությունը վառելիքի լուրջ խնդիր ունի, կրճատումներ կան, որոշակի, ինչու չէ՝ վառելիքի գնի թանկացման հետ կապված խնդիրներ ունենք: Էսօր էս պարագայում Ճանապարհային ոստիկանությունում չարաշահումներ են եղել, յուրացման թվերը ձեզ ծանոթ են. ես կարո՞ղ էի դրա նկատմամբ ներողամիտ լինել»:



Այնուամենայնիվ դա կհանգեցնի՞ Մարգար Օհանյանի պաշտոնանկությանը, հարցրինք Սարգսյանին: «Այս պահին հայտարարում եմ՝ որեւիցե ցուցմունք անձամբ Մարգար Օհանյանի անձի հետ կապված այս պահին չկա: Ես երեկ գործն ուղարկել եմ Հատուկ քննչական ծառայություն եւ վառելիքի չարաշահման հափշտակման, եւ վարորդական վկայականների տրամադրման հետ կապված մեկ այլ քրեական գործ եւս:



Առայժմ Մարգար Օհանյանի հետագա պաշտոնավարման խնդիրը դրված չէ, նույն իմ կողմից դրված չէ, որովհետեւ պետք է կարողանանք հիմնավորել՝  նա էս ամեն ինչից տեղյակ եղե՞լ է, թե՞ ոչ: Անշուշտ, եթե նա տեղյակ լինի, ըստ քննության բացահայտման, ցուցմունքներ լինեն, որ էս վառելիքից նրան էլ է մասնաբաժին հասել, ինչի՞ մասին է խոսքը, Մարգար Մնացականիչը, սովորական մյուս ոստիկանների, քաղաքացիների նման թող իր պատասխանը տա: Բայց էս պահին չկա նման բան»:



Իմ լուսանկարը գործողության մեջ մի դրեք



Երեկ մենք անդրադարձել էինք նաեւ ՃՈ պետին  պաշտոնանկ անելու պատճառներից եւս մեկին, ըստ որի՝ Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը, որը Նոր Նորքի ոստիկանապետն է, վերջերս Երեւանի  ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին հյուրընկալելուց առաջ, նրան հաճոյանալու նպատակով, աշխատասենյակից հանել է Սարգսյանի լուսանկարը, ինչից էլ վրդովվել է Սարգսյանն ու որոշել է եղբայրներին պատժել: Եվ այդ մասին արտահայտվել է կոլեգիայի նիստում:



Երեկ այս թեմայի մասին եւս խոսեց ոստիկանապետը. «Սա մի քիչ բարդացված է: Որոշ տեղերում իմ լուսանկարը հայտնվել էր աշխատասենյակներում, ես գտնում եմ, որ սենյակներում մեկ նկար պիտի լինի, դա հանրապետության ղեկավարն է, որը խորհրդանշական է: Իմ նկարներն էլ էին հայտնվել քաղաքացիական հագուստով, համազգեստով՝ մի տեղ գեներալ-մայոր, մի տեղ՝ գեներալ-լեյտենանտ, ես դրա կարիքն ընդհանրապես չունեմ եւ կոլեգիային մի բան եմ ընդամենը հայտարարել՝ արգելում եմ որեւիցե մեկին իմ լուսանկարը սենյակներում ունենալ, պետք է լինի միայն նախագահի լուսանկարը, եւ դրանով ավարտվել է էս ամբողջ թեման, եւ հետագայում սկսվեց վերլուծությունը, եւ քանի որ իր բաժնում ինչ-որ մեկի այցելության հետ կապված տեղափոխել են, թե ինչ, թողնում եմ իրենց խղճին: Իմ լուսանկարը խնդրում եմ գործողության մեջ մի մտցրեք էս հարցով, որովհետեւ դրա կարիքը չկա, նախարարի նկարը բոլորովին պարտադիր չի, որ սենյակներում լինի, ես էլ մի նենց քաղաքական դեմք չեմ, որ լինի»: Ապա հանգեց եզրակացության. «Պետք չէ, որ մարդիկ ինձ ճանաչեն, նորմալ երկրներում ոստիկանապետին ընդհանրապես չեն ճանաչում»: