Գազոնը հա՞րկ է վճարելու

Գազոնը հա՞րկ է վճարելու
Կարեն Կարապետյանն ընդդեմ կրպակատերերի կամ, ավելի ճիշտ՝ «մարտ առանց կանոնների» պայքարը դեռ չի ավարտվել: Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է այս հարցով կրկին դիմել «Ժառանգություն» խմբակցությունը: Հովիկ Աբրահամյանն այս մասին քննարկում կհրավիրի առաջիկա երկուշաբթի, իսկ Ստեփան Սաֆարյանը  կրպակատերերից հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարան դիմելու համար:



«Քաղաքապետն ասել էր, որ միայն ժանգոտված եւ չգործող կրպակներն են ապամոնտաժվելու, սակայն այսօր էլի մի քանի ահազանգ ենք ստացել, որ եւ վարչական շրջանից են այցելում իրենց, եւ կրպակատերերին են կանչում վարչական շրջան եւ հրահանգում ապամոնտաժել կրպակները»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:



Երեկ  մենք այցելել էինք Վարդանանց փողոցի շինանյութի շուկա, որտեղ մի քանի կրպակներ կան: Պայմանագրով նրանց դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա գործելու: Վարդանանց 22 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը  հիասթափված է. «Նայի, ապեր ջան, «չենջին» լիցենզիա շատ դժվար են տալիս, ես ունեմ էդ լիցենզիան եւ հազիվ աշխատում եմ: Եթե ստեղից հանեն-տանեն ուրիշ տեղ՝ իմ լիցենզիան էլ ա կորում: Ես ոչ մեկին չեմ խանգարում, 3 ընտանիք ապրում ա էս փոքր կետով, գումարած՝ կենսաթոշակային եմ մուծում, հարկերն էլ ամիս չի եղել, որ մի օր ուշացնեմ. ինձ հանում են, ի՞նչ անեն, էդ գազոնը որ դնեն, ոչ հարկային գումար կգնա, ոչ էլ իմ ասած 3 ընտանիքը կապրի»:



«Գնունու շուկայի» կրպակատերերին ոչ մի փոխհատուցում չեն առաջարկել, ոչ էլ որեւէ տեղ, որպեսզի կարողանան աշխատել:



Եթե քայլենք քաղաքամայր Երեւանում, ապա կհամոզվենք, որ մինչ կրպակների ապամոնտաժումը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի մեր քաղաքը: Խանջյան փողոցում՝ Վարդանանց փողոցի խաչմերուկում գտնվող գետնանցումը չնայած երկու տարի առաջ է կառուցվել, այսօր արդեն գտնվում է անմխիթար վիճակում: Ամբողջովին քանդված է առաստաղը, լույս չկա, իսկ պատերին ամեն մի թոկից փախած մի մակագրություն է թողել. մի տեղ «fuc Emo», մի ուրիշ տեղ՝ «Կարոն Լիլոյին շատ է սիրում»:



Գետնանցումից դուրս ես գալիս ու ընկնում Օղակաձեւ զբոսայգու սրճարանների ճիրանը: Ինչո՞ւ այս ամենը չի նկատում քաղաքապետը: Անգամ ՀՀ կառավարության շենքի մերձակայքն է անմխիթար վիճակում: Ֆինանսների նախարարության կողքի աղբը երեկ եւս չէր մաքրվել: Իսկ Մելիք Ադամյան փողոցում՝ կառավարության ետնամասում, սալիկներն են քանդված: Ընդ որում, քանդվածքն այնքան երկար է այդպես մնացել, որ տեղում մոլախոտ է աճել: Շենքի պատերն էլ են արդեն քանդվում, եւ վերանորոգման աշխատանքներ այստեղ չեն նշմարվում:



Հարություն Մկրտչյան