Մեկնարկել է Վենետիկի 68-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է Վենետիկի 68-րդ միջազգային կինոփառատոնը
Իտալիայի Լիդո կղզում օգոստոսի 31-ի երեկոյան մեկնարկել է Վենետիկի 68-րդ միջազգային կինոփառատոնը, գրում է Agence France-Presse-ը։ Առաջին անգամ է, որ բացման օրը հանդիսատեսին ներկայացվել են միանգամից երկու ֆիլմեր։



Միջոցառումը բացել է Ջորջ Քլունիի «Մարտյան իդեր» աշխատանքը, որը մտնում է փառատոնի հիմնական ծրագրի մեջ։ Քլունին ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլեւ սցենարիստը, պրոդյուսերը եւ դերակատարներից մեկը։ Ֆիլմի սյուժեի հիմքում ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ ծավալվող իրադարձություններն են։



Քլունիի «Մարտյան իդերից» հետո հանդիսատեսին է ներկայացվել ռուս ռեժիսոր Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն անտիպոդները» վավերագրական ֆիլմը։ Վենետիկի 68-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրում ցուցադրվելու են 22 ֆիլմեր։Արտամրցութային կարգով ցուցադրվելու են 19,  իսկ «Հորիզոններ» ծրագրում` 24 ֆիլմեր։ Ինչպես գրում է Agence France-Presse-ը, ընտրական հանձնաժողովը դիտել է 5208 ֆիլմ, որոնցից 2511-ը` լիամետրաժ խաղարկային: Նշենք, որ անցած տարի նրանք դիտել էին գրեթե հազարով պակաս ֆիլմեր։



Հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկին այս տարի հավակնում է «Ոսկե առյուծի»՝    Յասմինա Ռեզայի «Սպանդ» պիեսի էկրանավորման համար: Վենետիկի 68-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին գլխավորում է Դարեն Արոնոֆսկին: