Երկխոսությու՞ն, թե՞ կրկին ջրբաժան

Երկխոսությու՞ն, թե՞ կրկին ջրբաժան
Երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորման պատճառով Կոնգրեսի կողմից երկխոսության առկախումից հետո այսօր ՀԱԿ-ն առաջին հանրահավաքն է անելու: Չի բացառվում, որ հենց այսօրվանից կտրուկ սրվի քաղաքական իրավիճակը, քանի որ օգոստոսի 2-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իշխանությունը մոտ 1-2 ամիս ունի արտահերթ ընտրությունների հարցում կողմնորոշվելու, այլապես իրենք սեպտեմբերին երկխոսության ողջամիտ ժամկետն ավարտված կհամարեն, եւ օրակարգում կմնա միայն մեկ պահանջ՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անհապաղ հրաժարականը:



Ուստի ենթադրվում է, որ ՀԱԿ-ը կհրաժարվի երկխոսելու իր քաղաքակիրթ կեցվածքից եւ հասարակական լայն զանգվածներին փողոց դուրս կբերի: Մանավանդ Լեւոն Զուրաբյանն արդեն հայտնել է, որ չորեքշաբթի ՀԱԿ քաղխորհրդի նիստը որոշել  է հաճախակիացնել հանրահավաքները: Քաղխորհրդի նիստում քննարկվել է նաեւ երկխոսության վերսկսման հավանականության հարցը:



Այս բոլոր հարցերի պատասխանները թերեւս կլսվեն հանրահավաքի ժամանակ: Իսկ մինչ այդ իշխանության հետ բանակցող ՀԱԿ պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հենց այսօրվանից իրենք կարող են նստացույցեր կազմակերպել: «Այսօր ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց նա:



Կոնգրեսի հետ բանակցող պատվիրակության անդամ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցինք՝ իշխանությունը մտահոգված չէ՞ Կոնգրեսի ակտիվանալով, հնարավո՞ր է մոտ օրերս փոխվի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը, եւ վերսկսվի երկխոսությունը. «Իշխանության վարքագծից ենթադրում եմ, որ որեւէ մտավախություն չունի: Հիմա Կոնգրեսը թող անցնի ակտիվ հանրահավաքների շրջան, բայց դա որեւէ վտանգ չի սպառնում: Իսկ մյուս մասով մենք ասել ենք, որ դա իրավական հարթությունում է»,-նշեց Բոստանջյանը:



- Այսինքն հնարավոր չե՞ք համարում, որ Կոնգրեսը կարող է հեղափոխություն անել:



- Ես միշտ ասել եմ հերթափոխ խոսքը՝  ոչինչ չեմ բացառում:



 - Դա նշանակում է, որ պատրա՞ստ եք իշխանությունը հանձնել:



- Ինչի՞ ես ինձ տենց հարցեր տալիս:



- Դուք եւս իշխանության մաս եք կազմում:



- Էհ...



Իսկ ինչ է կանխատեսում ՀԱԿ-ը՝ կավելանա՞ միտինգների մասնակիցների թիվը: Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Իհարկե, ժողովուրդը սպասելիքներ ունի եւ կտեսնի, եթե Կոնգրեսի ուղղությունը, դիրքորոշումը... եւ իհարկե կավելանա»: Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, միայն հաճախակի հանրահավաքներ կազմակերպելով Կոնգրեսը քաղաքական նոր իրավիճակ չի կարող ստեղծել: «Աշուն է, բոլոր քաղաքական ուժերն էլ ակտիվանալու են նախընտրական շրջանում:



Կոնգրեսի նախընտրական կամպանիան պետք է ավելի ռադիկալացնի իր քայլերը, այնպիսի ստրատեգիա վերցնի, որ կարողանա պրոցեսները տանել այն ուղղությամբ, որի կուլմինացիան լինեն բուն ընտրությունները»,- նշեց Բոզոյանը: Քաղաքագետ Մանվել Սարգսյանի դիտարկմամբ եւս «ամեն ինչ կախված է, թե պայքարի ինչ ձեւեր կընտրի Կոնգրեսը»: «Այն ձեւերը, որ մինչ օրս եղել են, կարծես թե ոչինչ չեն փոխել: Այնպես որ ամեն ինչ կախված է պայքարի ձեւերից: Հիմա դուք հավատո՞ւմ եք, որ նոր ձեւեր կլինեն, համենայնդեպս հայտարարություններից նոր ձեւերի մասին խոսք չկա»,- ասաց քաղաքագետը: