Մենք հաղթահարեցինք մեր վախերը

Մենք հաղթահարեցինք մեր վախերը
Անցած շաբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքի մասնակիցների թիվը, թերեւս, հասել էր գագաթնակետին: Օպերայի հրապարակը սպասում էր ՀԱԿ առաջնորդի վճռական խոսքին: «8 օր շարունակ շուրջ հազար մարդ գիշերեց վրաններում, իսկ հազարի չափ էլ գիշերներն անցկացրեց Ազատության հրապարակի նստարանների կամ Օպերայի շենքի աստիճանների վրա, ամենօրյա հանրահավաքներին մասնակցեցին 100 հազարից ավելի քաղաքացիներ»,- իր խոսքում ասաց հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Մինչ առաջնորդի խոսքը



«Մենք բաժանվեցինք մեր վախերից եւ ինքներս մեզ ապացուցեցինք, որ կարող ենք կտրվել տաք տներից եւ անձրեւի ու արեւի տակ, իշխանության ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների ներքո բարձրաձայնել՝ մենք քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, մենք ուժ ենք եւ երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքի հանդեպ ունեցած իրավունքից, Հայաստանը հանցագործ իշխանությունից ազատելու եւ երկրում օրինական իշխանություն հաստատելու մեր առաքելությունից»,- այսպես սկսեց իր խոսքը «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը:



Ըստ նրա՝ 8-օրյա նստացույցը դարձավ ջրբաժան: Նկատենք, որ նա այս վերջին օրերին առաջին անգամ գրավոր տեքստից էր կարդում եւ հուզված էր: Միաժամանակ, իր խոսքով, կարծես ժողովրդին նախապատրաստում էր հանրահավաքների եւ նստացույցի ավարտին: «Մենք գուցե հավաքվենք եւ գնանք մեր տները, բայց Ազատության հրապարակից չենք հեռանալու, քանի որ Ազատության հրապարակ է այնտեղ, որտեղ հավաքվում են այս գործի թեկուզ երկու նվիրյալ: Մենք Ազատության հրապարակ ենք դարձնելու մեր բակերը, մեր գյուղերը, մեր հիմնարկները, մեր տները»,- հայտարարեց Փաշինյանը:



Այս խոսքերից հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին կարծիքներ փոխանակել, թե պայքարը մտնում է կարեւոր եւ վճռական փուլ: Մարզերից ոտքով Ազատության հրապարակ հասածները ոգեւորված «հաղթանակ» եւ «միացում» էին վանկարկում: Անկախ ամեն ինչից, ըստ Փաշինյանի, պայքարն «ուժ է տալու հուսալքվածներին եւ քաղաքացիներին»: «Մենք զինվորագրվելու ենք պայքարի, լինելու ենք շատ, բայց չենք լինելու ամբոխ, լինելու ենք մեկ գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, եւ այդպես հարյուր հազար, հինգ հարյուր հազար, մեկ միլիոն»,- ասաց Նիկոլը:



Ընդվզում առաջնորդի խոսքին



ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը  ոչ թե ելույթ ունեցավ, այլ ներկայացրեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ընդունած, Կոնգրեսի քաղխորհրդի բոլոր անդամների եւ  տարածքային կառույցների ղեկավարների հետ համաձայնեցրած «Շուրջօրյա նստացույցների բանաձեւ» փաստաթուղթը:  Ըստ էության, առաջնորդը փաստաթղթում վերլուծեց շուրջօրյա հանրահավաքը եւ կոչ արեց դադարեցնել հանրահավաքն ու նստացույցը: Նրա հորդորը` գնալ տները, դժգոհությամբ ընդունվեց հանրահավաքի մասնակիցների կողմից:



Տարբեր բացականչություններ լսվեցին, Լ. Տեր-Պետրոսյանը հանդուրժողականության եւ միասնականության կոչ արեց: «Այսօրվանից մեր հիմնական լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»,- ասաց նա` նշելով, որ  պետք է հետեւել Կոնգրեսի որոշմանը եւ պատրաստ լինել ամեն պահի շարունակելու շուրջօրյա նստացույցերը։ Հաջորդ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 28-ին:



Ոչ տոնական Քոչարին



Ն. Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց պարել հայկական ավանդական քոչարին եւ ձեռնամուխ լինել վրանների հավաքմանը: Չնայած ակնհայտ դժգոհություններին, վրանային քաղաքի բնակիչները սկսեցին վրանները ծալել: Նրանց մի մասն ասաց, որ սրտատրոփ կսպասի ՀԱԿ հաջորդ հանրահավաքին, իսկ մյուս մասը թեւաթափ ու հիասթափված հեռացավ հրապարակից: