Հայոց կինեմատոգրաֆի ծաղկումը ոստիկանության շրջանից

Հայոց կինեմատոգրաֆի ծաղկումը ոստիկանության շրջանից
Երեկ Սիրահարների այգում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր «Սոցիոսկոպ» ՀԿ-ն՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Լուսանկարիչներն իրենց լուսանկարներում անդրադարձել էին հիմնականւմ խաղաղ հանրահավաքների անցկացման, արժանապատիվ կյանքի, խոշտանգումների չենթարկվելու, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, մայրության, մանկության ու քաղաքական  իրավունքներին:



Մրցույթին ներկայացված մոտ 100 լուսանկարչական աշխատանքներից ժյուրին ընտրել եւ ներկայացրել էր 80-ը:



Աշխատել էր պրոֆեսիոնալ ժյուրի՝ լուսանկարիչ Վահան Քոչարի գլխավորությամբ: Առաջին տեղը շնորհվեց խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի երթը պատկերող լուսանկարին, 2-րդ տեղին արժանացած լուսանկարը պատկերում էր բացօթյա առեւտրի թույլտվության համար պայքարողներին եւ նրանց տեսանկարող ոստիկաններին, իսկ 3-րդ մրցանակը տրվեց գյումրեցի մի տղայի:



Հաղթողները համապատասխանաբար պարգեւատրվեցին 100, 70 եւ 50 հազարական դրամներով: Հյուրերից իրավապաշտպան Միքայել Դանիելյանն իր խոսքում նշեց, որ ամենակարեւոր հարցն այսօր Հայաստանում մարդու իրավունքներն են, եւ դրանք պետք է պահել ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր. «Եվ հիշեք, որ ցանկացած դեպքում մարդու իրավունքները միշտ բարձր են ազգային եւ պետական շահերից»:



Մրցանակները հաղթողներին հանձնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որն առանձնակի կարեւորեց ցուցահանդեսի անցկացման վայրը, նշելով, որ մի քանի քայլ վերեւ նախագահականն է, մի քանի քայլ ներքեւ՝ խորհրդարանը, բայց այստեղ ոչ մի կապ պետք չէ փնտրել, որովհետեւ «մարդու իրավունքները՝ որտեղ, իրենք՝ որտեղ...»: Խզմալյանի գնահատմամբ, ցնցող լուսանկարներ չեն եղել, բայց ցնցել է լուսանկարների շարքը, որովհետեւ այնտեղ, որտեղ կա մարդ, կան նաեւ ցավ ու ցասում: Անդրադառնալով լուսանկարներում ֆիքսված այն կադրերին, որտեղ ոստիկանները տեսանկարում են ցուցարարներին, Խզմալյանը կես կատակ նշեց.



«Քանի որ հայկական կինեմատոգրաֆը վերջին տարիներին մահացած վիճակում է, այն պահպանվում է միայն ոստիկանական մեքենաներում, որտեղ ամեն մեկում տեսախցիկ կա, եւ հիմա արդեն ցուցարարներին էլ են նկարում, ուստի մենք պետք է սպասենք, որ հայոց կինեմատոգրաֆի ծաղկումը պետք է գա ոստիկանության շրջանից»:



Ամենահետաքրքիրն այն էր, որ Սիրահարների այգում ոստիկաններ հայտնվեցին, որոնք սկսեցին ուշի-ուշով ուսումնասիրել իրենց գործընկերների անմիջական մասնակցությամբ լուսանկարները: