Ազատվիր գերությունից

Ազատվիր գերությունից
Ամբողջ աշխարհը համակած «Գրավիր Ուոլլ Սթրիթը» ակցիան տարածում է աշխարհագրությունը: ԱՄՆ-ում սկիզբ առած շարժումն արդեն հասել է Եվրոպա: Երեկ այս շարժմանն է միացել «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժը: Այն ուղղված է ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի եւ ֆոնդային բորսաների կողմից իրականացվող «ահաբեկչությունների» դեմ, որոնց մեքենայությունների արդյունքում են ծագում համաշխարհային ֆինանսական ճգնաժամերը, որոնցից տուժում են շարքային քաղաքացիները: Որքանո՞վ է իրատեսական, որ այս շարժումը մի օր կհասնի Հայաստան, եւ ՀՀ քաղաքացիներն էլ փողոց դուրս գան համանման պահանջներով: Ճիշտ է, ՀՀ բանկային համակարգի գործունեության հետեւանքով համաշխարհային տնտեսական ճգնաժամ չի կարող առաջանալ, բայց որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է պերմանենտ ճգնաժամի մեջ, փաստ է: Իսկ դրանում բանկային համակարգի մեղքը երկրորդական չէ: Այն, որ մի քանի տասնյակ հազար գյուղացիներ՝ իրենց ունեցվածքով, ընտանիքներով, երաշխավոր ազգականներով գտնվում են բանկերի գերության մեջ, բանկերի մեղքով է: Նրանք մի քանի տասնամյակ պետք է աշխատեն, որ կարողանան մարել բանկերից վերցրած վարկերը: Գրեթե նույն վիճակում են նաեւ մյուս խավերը, որոնք դժբախտություն են ունեցել գործ ունենալ բանկերի հետ: Կայուն է միայն բանկային համակարգը: 2009թ., երբ ՀՀ տնտեսությունը 14,4 տոկոս անկում ունեցավ, բանկային համակարգը տարին փակեց եկամտով, ինչն այս ոլորտում տիրող զավեշտալի վիճակի վկայությունն է: Սակայն մեր բանկային համակարգի կայունությունը կարող է հօդս ցնդել, եթե բանկային գերության մեջ գտնվող մարդիկ որոշեն միանալ «Գրավիր Ուոլլ Սթրիթը» շարժմանը: Գուցե այդ դեպքում մեզ մոտ էլ հասկանան, որ բանկերն են մարդկանց համար, եւ ոչ թե մարդիկ՝ բանկերի: