Կուսակցությունը կորոշի, թե ես ուր գնամ

Կուսակցությունը կորոշի, թե ես ուր գնամ
Նախօրեին Երեւանի ավագանու խորհրդի նիստում որոշում կայացվեց «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանին տրամադրել 12,95 միլիոն դրամ` շենքերի շքամուտքերի վերանորոգման համար: Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացվում է «Միավորված ազգերի զարգացման ծրագրի» հայաստանյան գրասենյակի հետ համատեղ. հուլիսից  ընդլայնվել է շրջանակը՝ ներառելով նաեւ «անբարեկարգ վիճակում գտնվող Ավան վարչական շրջանի վերանորոգման կարիք ունեցող շենքերի շքամուտքերի նորոգման աշխատանքները»: Շքամուտքերի վերանորոգման համար նախատեսվող գումարը կազմում է 25,9 մլն ՀՀ դրամ. համաձայն Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԶԾ-ի միջեւ կնքված համաֆինանսավորման համաձայնագրի` գումարի 50%-ը` 12,95 մլն ՀՀ դրամը, կհատկացվի ՄԱԶԾ-ի, իսկ մնացած 50%-ը` Երեւանի քաղաքապետարանի կողմից:



Ուշագրավն այն է, որ ընտրվել է մի վարչական շրջան, որն անհամեմատ ավելի բարեկարգ վիճակում  է, քան մյուս համայնքները: Արդյո՞ք Ավան համայնքին տրված առաջնահերթությունը պայմանավորված չէ քաղաքապետի առաջին տեղակալ, Ավանի նախկին ղեկավար Տարոն Մարգարյանի գործոնով: Այս հարցի շուրջ փորձեցինք մեկնաբանություն լսել հենց իրենից: Առավել եւս, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հենց իր վրա է դրվել Երեւանի ընտրություններով զբաղվելու, կուսակցության օգտին քվեներ ապահովելու գործը: Ի դեպ, վերջին շրջանում Տ. Մարգարյանը պարբերաբար երեւում է ոչ թե փոխքաղաքապետի ֆունկցիաներով, այլ  կուստոմսեր  բաժանելիս:



- Պարոն Մարգարյան, ինչո՞ւ ընտրվեց Ավան համայնքը, հնարավո՞ր է, որ դա Ձե՛ր անձով պայմանավորված լինի:



- Չէ, հնարավոր չէ: Դա փուլային խնդիր է, էդտեղից սկսվեց, որովհետեւ համապատասխան վարչությունն է ընտրել համայնքը, մենք որեւէ առնչություն չենք ունեցել: Ով որ ծրագիրն իրականացնում է, իրեն հնարավորություն են տվել, որ Երեւան քաղաքում ընտրի բազմաբնակարան շենքերը, իրենք էլ ընտրել են: Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, կուսակցության խորհրդի անդամ ու նաեւ Ավանի տարածքային կառույցի ղեկավար: Բնականաբար, ես իմ կուսակցական աշխատանքն եմ անում:



- Եթե փուլերով է, ապա ե՞րբ է մյուս վարչական շրջաններին հերթը հասնելու, եւ արդյո՞ք բոլորն են ընդգրկված այդ ծրագրում:



- Եթե ծրագիրը հաջողվի, բնականաբար, մինչեւ վերջին վարչական շրջանի շենքերը կբարեկարգվեն, բայց ծրագրի առաջին փուլն է: Ընթացքում կտեսնենք:



- Իսկ ինչո՞ւ է Ձե՛զ հանձնարարվել ՀՀԿ անդամատոմսերը բաժանելու գործը:



- Ինձ չի տրվել որպես խորհրդի անդամ, բոլոր խորհրդի անդամներն էլ իրավունք ունեն կուսակցականներին տոմսեր բաժանելու:



- Որոշ տեղեկությունների համաձայն, Կարեն Կարապետյանը հրաժարվել է ընտրությունների կազմակերպման դժվարին գործն իր վրա վերցնել, եւ այդ պատճառով Ձեր վրա է դրվել այդ պարտականությունը:



- Ես Հանրապետական խորհրդի անդամ եմ եւ Ավանում տարածքային խորհրդի անդամ, իմ կուսակցական գործն եմ անում՝ աշխատանքիցս հետո:



- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, թե իրենց հանձնվել են ՀՀԿ մեծաքանակ կուստոմսեր՝ ի նշան կուսակցությունից դուրս գալու: Նույնիսկ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ից իրեն ասել են, որ մի քանի անգամ ավելի ՀՀԿ տոմսեր իրենց են հանձնվել: Ի՞նչ կասեք այս մասին:



- Մենք նման լուրեր չունենք, թող ներկայացնեն, թե ովքեր են հանձնել:



- Այսինքն՝ այդ արտահոսքը նկատելի չէ՞ ՀՀԿ-ականներիդ:



- Ոչ, չկա նման բան:



- Իսկ քանի՞ անդամ է Ձեզ հաջողվել այս ընթացքում անդամագրել կուսակցության շարքերը:



- Կազմակերպչական հանձնաժողով ունենք՝ իրենց դիմեք, իրենք են հաշվառում, ես հաշվառում չեմ իրականացնում:



- Պարբերաբար խոսվում է, որ քաղաքապետին վարչապետ են նշանակելու, նրա տեղափոխությունից հետո կշարունակե՞ք հավակնել քաղաքապետի պաշտոնին:



- Նորից կրկնեմ՝ ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, եւ կուսակցությունն է որոշումներ կայացնում: