Տարոնը կկարողանա՞ ապամոնտաժել «էլիտար բուտիկները»

Տարոնը կկարողանա՞ ապամոնտաժել «էլիտար բուտիկները»
Երեւանի քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես ստանձնելուց հետո Տարոն Մարգարյանը պատրաստվում է շարունակել Կարապետյանի սկսած գործը՝ կրպակների ապամոնտաժումը, որը հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրեց: Երեկ  քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ի թիվս մի քանի հարցերի, նա առաջ է քաշել նաեւ  կրպակների ապամոնտաժման անհրաժեշտությունը: 



Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առկա ինքնակամ ապօրինի, ինչպես նաեւ հողամասերի վարձակալության կառուցապատման իրավունքի պայմանագրերի ժամկետները լրացած կրպակների հետ կապված շեշտել է, որ գործընթացը շարունակվում է: Հատկապես ընդգծել է Աբովյան փողոցի «էլիտար բուտիկների» ապամոնտաժումը շարունակելու հարցը:



«Շարունակելու ենք բանակցությունները սեփականատերերի հետ եւ ներկայացնելու ենք հարցի լուծման ընդունելի առաջարկներ: Միանշանակ է, որ Աբովյան փողոցի բոլոր կրպակները պետք է ապամոնտաժվեն»,-ընդգծել է Մարգարյանը: Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Աբովյան փողոցի էլիտար կրպակների ապամոնտաժումը դադարեցվել էր ընտրություններին չվնասելու պատճառով, քանի որ դրա հետեւանքով առաջացած բողոքի ալիքը սպառնում էր շատ մեծ լինել:



Թեեւ  Կարապետյանը բազմիցս հայտարարել էր, որ անխտիր ապամոնտաժելու են, սակայն նախագահականից արգելել էին՝ հաշվի առնելով դրանց պատկանելությունն ու ընտրությունների ժամանակ նրանց սեփականատերերի դերակատարումը: Նշենք, որ քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը կորոշվի նոյեմբերի 4-ին հրավիրած ավագանու խորհրդի  արտահերթ նիստում: