Մեծ անկման փոքր պաշտոնանկությունները

Մեծ անկման փոքր պաշտոնանկությունները
Վերջին օրերին իշխանական վերնախավը բուռն  անցուդարձի մեջ է, պաշտոններ են հանձնվում, պաշտոններ ստանձնում: Իշխանական բուրգում պաշտոնանկումներ, ավելի հստակ՝ փոխատեղումների շքերթ է սկսվել: Ակնհայտ է՝ փորձ է արվում լավ տպավորություն թողնել հասարակության վրա, իբր պաշտոնից ազատում ենք անգամ յուրայիններին, որոնք «կհանդգնեն» վատ աշխատել: Մինչդեռ, երբ ողջ համակարգն անկման մեջ է, ի՞նչ ազդեցություն կարող են գործել պաշտոնանկությունները: Սա նման է վերջին շրջանում բանակում գրանցված մահվան բազմաթիվ դեպքերին: Եթե մեզ բոլորիս համար բարոյական մահն է արդեն այցի եկել, ապա ֆիզիկական մահերն ըստ էության խնդիր չեն դառնում:



Ավելին, պաշտոնանկումները կարծես ավելի են ակտիվացնում համակարգի անկումը, մեկին հանում-տանում են ուրիշ տեղ, մյուսին բերում երրորդի տեղը եւ... ինչ է փոխվում դրանից. ընդամենը այսպիսով առավել ցայտուն են դարձնում համակարգի անկումային եւ ծայրահեղ վիճակը: Կարճ ասած՝ սա հերթական պոպուլիստական բլեֆն է իշխանությունների՝ մեծ անկման փոքր անկումները՝ պաշտոնանկությունները: Ինչ են ուզում ցույց տալ. Ալիկին տարավ իր մոտ, Վովային բերեց Ալիկի տեղը, ի՞նչ կփոխվի սրանով: Անգամ բոլոր պաշտոնյաներին եթե նույն ձեռքը պաշտոնանկ անի, չի փոխվի համակարգը, չեն անցկացվի ազատ ընտրություններ:



Կգան նորերը, որոնք կրկին կենթարկվեն իրենց այդտեղ բերողին... Մտածողությունն է պետք պաշտոնանկ անել: Այս ամենն արվում է ընտրություններն ավելի պրոֆեսիոնալ կեղծելու համար, հակառակ կարծիք ունենալն ուտոպիայի ժանրից է: Իհարկե, այս շարքում պետք է առանձնացնել քաղաքապետի հրաժարականը, որն ըստ ամենայնի անձի խնդիր էր, ինքն ուրիշ տեսակ էր, ոչ թե լավ կամ վատ, այլ ուրիշ, եւ տեսակների բախման հարց էր առաջացել: Տեսած տղա էր եւ կարծես ուզում էր լավ բան անել եւ կուլ չգնաց:



Ինչեւէ, ամեն դեպքում իշխանավորները ձեռի հետ խաղեր են անում, իբր թե կյանքը շտկվում է, տեսեք՝ աշխատում ենք, սակայն տեսականորեն եւ գործնականում ամեն բան մնում է նույնը: Հեռուստաեթերը որոշ ժամանակ կողողվի իրենց քաջագործությունների մասին պատմող նյութերով, հասարակության մոտ հերթական անգամ լավ ապրելու հույսի զգացում կառաջանա, բայց էականորեն մեր կյանքում ոչինչ չի փոխվի:



Նորայր Այվազյան, նկարիչ-դիզայներ