Ճառ ասի՞, թե՞ զանգ կախի

Ճառ ասի՞, թե՞ զանգ կախի
«Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը»,- նախօրեի իր ելույթում հայտարարել էր Սերժ Սարգսյանը, մասնակցելով Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի բացմանը: Ըստ էության, սա հայաստանյան իրականության ամենացավոտ հարցն է՝ բիզնեսի եւ իշխանության սերտաճումը, որը Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի  հիմնաքարերից է:



Սակայն նախագահության ավելի քան երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը նույնաբովանդակ բազմաթիվ ելույթներ է ունեցել: Մինչդեռ ոչինչ չի փոխվել: Ի՞նչն է խանգարում երեւույթն արմատախիլ անելուն, մանավանդ որ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն արգելում է պատգամավորին ձեռնարկատիրությամբ զբաղվել:



Մեր երկրում ճիշտ հակառակն է` բիզնեսմեններն ամեն ճանապարհ օգտագործում են օրենսդիր մարմին մտնելու համար, քանի որ իրենց ունեցվածքն են դրանով ապահովագրում: Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ստեղծել բացառապես քաղաքական պետական համակարգ, որը տարանջատված կլինի բիզնեսից: Այս թեմայով զրուցեցինք մի շարք կուսակցականների եւ փորձագետների հետ:



ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը դրա համար առկա իրավական հիմքերն ընդգծելով, նշեց, որ միայն կամք է պետք եւ բիզնես գործունեության համար հավասար պայմանների երաշխիք, ինչը բացակայում է: Իսկ նախօրեին Սերժ Սարգսյանի ելույթը հերթական ճառասացությունների շարքին դասեց: «Սահակաշվիլին հո շատ չէր խոսում, եկավ՝ մի քանի օրվա մեջ 80 հազար ոստիկան ազատեց աշխատանքից, 15 հազար էլ՝ պետավտոտեսչության աշխատակից: Վերջ: Ովքեր փորձում էին օրենքի կողքով անցնել, օրենքը խանգարում էր իրենց, նա ապացուցեց, որ էդպես չի, երկրում կարեւորը օրենքն է, իրենց վարքագծով եւ պահվածքով են էդ մարդիկ ցույց տալիս: Մեզ մոտ ո՞ր պահվածքն է ինձ հուշում, որ էդ մարդիկ ուզում են ինչ-որ բան փոխել: Հակառակը՝ ամեն ինչ անում են, որ իրենց վերարտադրության հարցը լուծեն»,- նշեց ՀԱԿ անդամը:



Ավելին, վերջինիս կարծիքով, Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր «դրսի» լսարանին: «Ինչպես վարչապետ կոչեցյալ Տիգրան Սարգսյանի ելույթն էր Բրյուսելում, այնտեղ էլ նա էր խոսում մրցակցության, մաքսային վարչարարության լավացման եւ այլնի մասին: Իրենք ուզում են ցույց տալ, որ՝ տեսեք, առաջադեմ մարդիկ ենք, ուզում ենք փոփոխություն անենք: Իրականում ոչինչ չեն անում»: Ըստ ՀԱԿ ներկայացուցչի, որպեսզի գործարարը հրաժարվի իշխանությունից, Հայաստանում պետք է հստակորեն գործի սեփականության պաշտպանության մեխանիզմը եւ ապահովվի հավասար մրցակցությունը բոլորի համար, եւ բոլորը հարկային հավասար դաշտում գործեն:



ՀԱԿ անդամը հումորով նկատեց, որ «հավանաբար դահլիճում նստողներից շատերն ասել են, թե էս ի՞նչ եղավ էս մարդուն, էս ինչե՞ր է խոսում, իրանք ամեն օր էդ բիզնեսի մեջ են եւ շատ լավ գիտեն, թե ինչ խաղի կանոններով է բիզնեսն առաջնորդվում: Համոզված եմ, որ իրենք չեն էլ հավատում, էն, ինչ որ ասում է Սերժ Սարգսյանը, ստիպված լսել են դա: Չի բացառվում, որ դրսից հյուրեր լինեին, կամ էդ զեկույցները կներկայացնեն միջազգային կառույցներին՝ հերթական ցուցադրական քայլն իրենց համար, որ ասեն. տեսեք՝ Հայաստանում իշխանությունները պատրաստ են արդեն ընտրություններ անցկացնելու, եւ ինչպես վարչապետն է իրեն պարտավորված զգում նման ելույթներ ունենալու, այնպես էլ Սերժ Սարգսյանը»:



«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով, բազմիցս են նման հավաստիացումներ լսվել, բայց «ինստիտուցիոնալ առումով, քայլերը, որոնք կատարվում են, դեռեւս հույս չեն ներշնչում նման ցանկության»: Պատգամավորը վկայակոչեց մեծամասնական ընտրակարգից չհրաժարվելու փաստը, որոնց միջոցով են հիմնականում գործարարներն օրենսդիր մարմին մուտք գործում: Գաղտնիք չէ, որ ընտրություններին գործարարներն են սեփական միջոցներով ձայներ ապահովում, արդյո՞ք կհրաժարվեն նման ծառայություններից:



«Շատ հանգիստ հնարավոր է տարանջատել, եւ դա պետք է սկսել ցանկացած կուսակցությունից,  չընդգրկելով առհասարակ գործարարության հետ կապ ունեցողներին, որոնք սեփականությունն իրենց զոնքաչի անունով են գրանցել: Բացի դրանից, իշխող կուսակցությունը հո ԽՄԿԿ-ն չէ, դա էլ 70 տարի հետո քանդվեց: Այժմ, սակայն, մենք բարեփոխումները հետաձգելու ռեսուրս չունենք, եւ եթե ցանկանում են, որ անընդհատ ֆորսմաժորային իրավիճակ լինի Հայաստանում՝ անկանխատեսելի ելքով, այդ դեպքում ընտրություն չեն կարող անել»: ԲՀԿ-ից գործարար պատգամավոր Գոհար Ենոքյանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք հնարավոր է իրենց կուսակցության պատգամավորների զտում անել, վերջինս միայն ասաց, թե «կանանց հարցերով» Վրաստանում է եւ ծանոթ չէ ելույթին: Երբ համառոտ ներկայացրինք, միայն ասաց. «Դե որ ասել ա, ուրեմն պետք ա, որ ասել ա: Ես չեմ ուզում ոչ մի բան ասեմ, Ձեր ասելով չի, որ պիտի կարծիք հայտնեմ, ես պիտի կարդամ»: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը նույնպես անիրական համարեց նախագահի ասածը: Իսկ գուցե դուք ձեր կուսակցությունի՞ց սկսեք եւ առաջի՞նը ձեր շարքերից զտեք գործարարներին՝ հարցրինք: «Մենք էդ տեսակ խնդիր չունենք եւ կողմ ենք, որ այդ սկզբունքով ձեւավորվի խորհրդարանը»: Ուզում եք ասել, թե գործարար ՀՅԴ-ական պատգամավորներ չկա՞ն: «Կան, ինչի՞ չկան: Գիտեք, թող սկզբունք ճշտվի, ես չեմ կարող հիմա ասել, որ Դաշնակցությունն էսպես կանի, բայց Դաշնակցությունը միշտ կողմ ա այդպիսի լուծմանը»:



Հակառակ կուսակցականների՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի բացառում, որ ասվածը որոշ վերապահումներով կյանքի կկոչվի. «Միգուցե այս կադրային փոփոխությունները եւ միջազգային հանրությանը տված հավաստիացումները, որ Հայաստանը պատրաստվում է խորհրդային տարիներից սկսած՝ լավագույն ընտրություններն անցկացնել… Գուցե իշխանությունները որոշում են ընդունել օլիգարխներից ազատվել: Բայց գործընթացը՝ բիզնեսը քաղաքականությունից առանձնացնելու, տասնամյակների գործ է»: