Թարմ առաջարկների ակնկալիքով

Թարմ առաջարկների ակնկալիքով
«Ժառանգություն» կուսակցության ուրբաթ օրվա համագումարն այդպես էլ չքննարկեց՝ նախընտրական դաշինքով միանո՞ւմ է «Ազատ դեմոկրատներին», թե՞ առանձին է գնում ընտրությունների: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր երկար ելույթում խոսեց ամեն ինչի մասին եւ միայն ողջունեց նախընտրական դաշինքի գաղափարը, ճիշտ այնպես, ինչպես դա ողջունեցին հրավիրվածներից Կարապետ Ռուբինյանն ու «Ազգային համաձայնության» նախագահ Արամ Հարությունյանը: Միեւնույն ժամանակ պարոն Հովհաննիսյանը ողջունեց ինչպես խորհրդարանական ընդդիմության հետ, այնպես էլ ՀԱԿ-ի եւ այլ կուսակցությունների հետ համագործակցությունը: Փոխարենը համագումարը որոշում ընդունեց, որ ընտրությունների հետ կապված հարցերը խորհուրդը քննարկելու է մարտի 18-ին: Ձգձգման պատճառը թերեւս այն է, որ «Ժառանգությունը» սպասում է նոր առաջարկների: «Ժառանգության» ղեկավարին զայրացրել էր արտահայտությունը, թե «Ժառանգությունը» դրսից ղեկավարվող ուժ է: «Եվ ով է խոսում դրսի ուժի մասին»,-հռետորական հարց հնչեցրեց Հովհաննիսյանը` հավելելով, որ բոլորին պետք է լյուստրացիայի ենթարկել:



Կուսակցության համագումարի քաղաքական ներկայացվածությունը բավական խայտաբղետ էր: Եկել էին քաղաքական դաշտի նախկին ու ներկա, հայտնի ու անհայտ գործիչները` օրերս ԲՀԿ-ացած Վարդան Օսկանյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ Սասուն Միքայելյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը, ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար կազմը` Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ, եւ այլն: Ներկա չէին միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:



Մինչ կսկսվեր համագումարը, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքով են եկել համագումարին, սպասո՞ւմ են, որ որոշում կկայացվի դաշինքի հետ կապված: «Կարծում եմ, որ համագումարը կընտրի վարչություն, որն էլ կտա այդ հարցերի պատասխանը, իսկ մենք հիմա որպես հյուր ենք մասնակցում համագումարին: Բնականաբար, պրոցեսներ կան, աշխատանքային քննարկումներ կան, եւ շատ շուտով, կարծում եմ, մենք վերջնական կպատասխանենք բոլոր հարցերին»: Հետաքրքրվեցինք, թե կա՞ համաձայնություն ցուցակների հետ կապված: «Որեւէ ցուցակ, որեւէ ցուցակների հետ կապված հարց չի քննարկվել: Քննարկվել է մի բան միայն` համատեղ հանդես գալու հարցը: Այդ հարցի լուծումից հետո ցուցակների հարցը զուտ տեխնիկական հարց է, որը շատ արագ լուծում կստանա»:



Համագումարի ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի ելույթի տեսքով «Ժառանգությունը» համագործակցությունը շարունակելու առաջարկ ստացավ ՀՅԴ-ից: Վահան Հովհաննիսյանը, հիշեցնելով հայ-թուրքական արձանագրությունների, 100 տոկոսանոց համամասնականի շուրջ համագործակցությունը` հայտարարեց. «Մենք պետք է ամեն ինչ մեզանից կախված անենք, որ հաջորդ ընտրություններից հետո ժողովրդի պոռթկալու պատճառ չլինի: Իսկ պատճառ չի լինի, եթե մենք հաղթենք, որովհետեւ այլ տարբերակ մենք չունենք։ Եթե իշխանությունը ներկայացնող ուժն իսկապես հաղթի, մենք կողջունենք, բայց ես խիստ կասկածում եմ, որ երկրի այս վիճակում այդ ուժը կարող է օրինական ճանապարհով հաղթել։ Ուրեմն, մենք պետք է հաղթենք կամ պետք է թույլ չտանք, որ մեր հաղթանակը գողանան։ Եվ ես հուսով եմ, որ մեր համագործակցության դռները բաց են, հնարավորություններն օգտագործված չեն ամբողջությամբ, եւ մենք միասին դեռ անելիքներ ունենք»։ «Պատգամը գայթակղիչ էր»,-  արձագանքեց Ռուբեն Հակոբյանը։



ՀԱԿ-ից եւ «Բարգավաճ Հայաստանից» ելույթ ունեցողներ չեղան: Սա, սակայն, չի նշանակում, որ համագործակցության առաջարկներ չեն լինի:



Փոխարենը ելույթ ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, թե իրենք եկել են համագումարին՝ հաստատելու  իրողությունը, որ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգության» հետ երկար ճանապարհ ունեն անցնելու։ Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց լիարժեք համագործակցություն հաստատել ոչ միայն «Ժառանգության», այլեւ քաղաքական այն ուժերի հետ, որոնց համար թիվ մեկ խնդիրը ՀՀ-ում ազատ ընտրություններ անցկացնելն է։



ՀԱԿ ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանին հարցրինք, թե հնարավո՞ր է դաշինքով համագործակցություն «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» հետ, Դեմիրճյանը նման պատասխան տվեց. «Ոչ: ՀԱԿ-ն ինքը դաշինք է: Այլ ուժերի հետ դաշինք կազմելու հարց օրակարգում չկա: Իսկ այլ ուժերի հետ համագործակցել արդար ընտրությունների շուրջ, իհարկե, կարելի է եւ պետք է»:



Ի վերջո, համագումարը որոշեց «կոչով դիմել ազգային-ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը՝ կատարելու համարձակ ու համատեղ քայլեր շոշափելի համախմբման ուղղությամբ, օգտագործելով հնարավոր բոլոր ուղիները` ընտրությունից մինչեւ հրապարակային միասնություն: Ողջունել «Ժառանգության» հեռանկարային համագործակցությունը քաղաքական ու քաղաքացիական գործընկերների հետ եւ քաջալերել սույն բանաձեւի գնահատականների ու լուծումների հիման վրա էական համերաշխության կենսակոչումը»: Երբ արդեն պարզ էր, որ «Ժառանգության» համագումարն այդպես էլ չքննարկեց «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով գնալ-չգնալու հարցը, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանին հարցրինք, թե ինչպես է գնահատում, որ չհայտարարվեց դաշինքի մասին, եւ դա թողնվել է ավելի ուշ: «Կարծում եմ, դա մեկնաբանության հարց է: Ես կարծում եմ, որ հայտարարվեց»,-ասաց Զուրաբյանը: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է «Ժառանգությունն» ակնկալում է, որ այլ առաջարկներ լինեն, ոտքը կախ է գցում, Զուրաբյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չեմ կարծում, որ բազմաթիվ են այլ ուժերը, բազմաթիվ առաջարկություններ եւ այլն: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական դաշտն արդեն հստակ ուրվագծվել է եւ փոփոխության շատ քիչ դեպքերի կարող է ենթարկվել»: