Անլուրջ ու անպտուղ

Անլուրջ ու անպտուղ
Անլուրջ, շատ անլուրջ ժամանակներում ենք ապրում: Մեկը հայտարարում է, թե՝ իմ տեղը խորհրդարանը չէ, սակայն վերջին պահին, առանց ամոթի, կրկին պատգամավորի թեկնածու է առաջադրվում: Մյուսը թեկնածությունը դնում է ու իբր կամովին մեկ օր անց հանում այն: Երրորդը հայտարարում է, թե առանց այսինչի չի գնա խորհրդարան՝ կարծես խորհրդարան գնալը հարսանիք գնալու նման բան է, եւ առանց ընկերոջ այնտեղ տխուր կլինի: Իսկ ամենազավեշտականն այս քաղաքական գործիչ կոչվածների բախումներն են ու փոխադարձ հայհոյանքները: Ո՞վ կարող է ինձ բացատրել, թե մի հսկա ոլորտի նախարարն ինչպես է կարողանում ամբողջ օրը «լռվել» «Ֆեյսբուքում» եւ լակոտական հումորի իր պաշարն ի ցույց դնել այլ կուսակցությունների անդամներին շշպռելով: Կամ՝ հակառակորդ կողմը, որ տեղն եկած տեղն իրեն լուրջ պառլամենտական է համարում, ինչպե՞ս է հասցնում հետեւել կայքերում իր կամ իր կուսակցության հասցեին ասված ամենափոքրիկ կսմիթներին ու ծանր հրետանին գործի դնելով, պատասխանել ամեն բառին: Կարծես իր գլխավոր առաքելությունն այդ հարձակումներին հակադարձելն է ու քաղաքական դաշտը պղտորող ինտրիգներ սարքելը: Իսկ այս մեկն ընդհանրապես, իր ցուցակում չհայտնվելը դարձրել է հայկական ցեղասպանությանը համազոր վիշտ ու այդ հողի վրա ուղղակի խանգարում ստացել: Ինչպե՞ս անել, որ այս համընդհանուր անլրջության, անիմաստ գզվռտոցի, համատարած արժեզրկման օրերին մենք՝ նախընտրական այս թոհուբոհի մեջ չներգրավվածներս, պահպանենք մեր հոգու խաղաղվածությունը, մեր մտքի սթափությունն ու ողջախոհությունը: Ինչպե՞ս անել, որ մենք էլ չհայտնվենք ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» հորձանուտում եւ չներքաշվենք քայքայող քննարկումների ու վնասակար բանավեճերի մեջ: Ահա օրվա խնդիրը: