Չարենցի քերթության ճանապարհները

Չարենցի  քերթության  ճանապարհները
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, «Գիրքը եւ կինոն» խորագրի ներքո տեղի ունեցավ Վահրամ Մարտիրոսյանի «Չարենց» գրքի շնորհանդեսը, որը գեղարվեստական կինոնկարի սցենար է:  «Չարենցի համար «ոլորապտույտ» եղան ոչ միայն քաղաքական, այլեւ «Քերթության ճանապարհները»: Հեղափոխական ժխտողականության առաջին ասպետն է նա 1922-ին, «Երեքի դեկլարացիա»-ում «ձեռք է բարձրացնում» իր երեկվա կուռքի՝ Տերյանի վրա, նրան անվանելով «թքոտ»: Շատ ժամանակ չանցած, երբ ինքը դառնա հարձակումների թիրախ, դրանցից պաշտպանվելը կլինի անհնարին. «որբերի սերունդը» նրան կկոչի «մանրբուրժուական», վկայակոչելով ծագումը՝ մի բան, որը հնարավոր չէր ոչ ուղղել, ոչ սրբագրել հետին թվով: Նախ Ազատ Վշտունին, հետո Նաիրի Զարյանը եւ ուրիշներ նրան կներկայացնեն ավելի ու ավելի ծանր մեղադրանքներ, որոնց հետեւանքը կլինի շնորհազրկումը, ապա՝  զնդանը, ինչին կարժանանա թե նա, թե նրա մեծատաղանդ ընկերներ Բակունցի, Մահարու, թե նույնիսկ մոլեռանդ կամ պատեհապաշտ թշնամիների մի մասը:



Իր դավանած լուսավոր գաղափարների այլասերման մասին դառն մտորումների մեջ, կյանքի վերջին տարիների մոլության՝ մորֆինիզմի պատճառով քայքայված առողջությամբ, անտիպ ձեռագրերը միակ վստահելի անձնավորության՝ օրիորդ Ռեգինայի միջոցով հողին պահ տված, իսկ զավակները՝ դռնեդուռ, հայ ժողովրդի թերեւս ամենամեծ բանաստեղծը կկնքի իր մահկանացուն ստալինյան բանտում»,-իր առաջաբանում գրել է գրքի հեղինակը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք Վահրամը հույս ունի, որ մի օր սցենարը կվերածվի ֆիլմի, վերջինս պատասխանեց. «Հույսով չի, սցենարը գրվել է «Շարմ» հոլդինգի եւ «A&G» ընկերության պատվերով, եւ ֆիլմի արտադրության կազմակերպումն ընթացքի մեջ է»: