Ինչպես հանդարտվեցին իջեւանյան կրքերը

Ինչպես հանդարտվեցին իջեւանյան կրքերը
Դեռ անցած տարի մենք ականատես եղանք, թե ինչպես ՏԻՄ ընտրություններում հաղթեց «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն:  Խոսքը նոյեմբերին Իջեւանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին է, որոնց արդյունքում ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը հաղթեց գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Դրանից հետո ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին լուրջ խոչընդոտների հանդիպեց: ՀՀԿ-ական ավագանին բոյկոտում էր նիստերն ու խանգարում նորընտիր քաղաքապետին: Ամիսներ շարունակ հնարավոր չէր լինում ավագանու նիստ անցկացնել քաղաքի 2012թ. բյուջեն հաստատելու համար: Քանի որ ավագանու անդամները նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցներն ու ազգականներն էին, քվորում չէր հավաքվում: Այլ դավեր էլ էին նյութվում Ղալումյանի դեմ. Ներսիսյանի կողմնակիցները գիշերով քաղաքապետարան էին մուտք  գործել եւ այնտեղ գույքահարկի հետ կապված ինչ-որ տվյալներ փոխել: Վարկած կա, որ դա արվել է նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ: Ինչեւէ, երեկ զրուցեցինք Ղալումյանի հետ, ով թեեւ նշեց, որ խոչընդոտներ եղել են, բայց դրանք չկապեց ՀՀԿ-ի հետ:



- Այդ ի՞նչ խոչընդոտներ էին, որ ես չգիտեմ, էդ ո՞վ ա գրել, ես չգիտեմ: Կուսակցական ոչ մի թեմա չկա:



- Բա Դուք էիք բարձրաձայնում, որ քաղաքային բյուջեն չի հաստատվում, որ Ձեր բնականոն աշխատանքը խոչընդոտում են:



- Դրանք կուսակցական խնդիրներ չէին, ավագանու անդամներն էին դա անում, եւ դա ընդամենը նախկին քաղաքապետի կողմնակիցներն էին:



- Իսկ ո՞նց վերջացավ այդ կոնֆլիկտը, ի՞նչ ճանապարհներով,  ավագանու անդամներից մի քանիսը Վարուժան Ներսիսյանի բարեկամներն էին, հիմա է՞լ են նրանք շարունակում անդամությունը:



- Ավագանու  կողմից դադարեցվեցին այն երեք անդամների լիազորությունները, որոնք չէին ներկայանում ավագանու նիստերին եւ տապալում էին դրանք: Արդեն քվորում ապահովվում է, եւ ավագանու նիստեր էլ տեղի են ունենում:



- Հեռացվածները Ներսիսյանի կողմնակիցնե՞րն էին, որոնք խոչընդոտում էին…



- Չէին խոչընդոտում, ուղղակի չէին ներկայանում նիստերին: Նրանց լիազորությունները դադարեցվել են մեկ տարվա ընթացքում ավագանու նիստի կեսից ավելիին չներկայանալու պատճառով: Հիմա ես չգիտեմ՝ դրանք Ներսիսյանի հարազատնե՞րն են, թե՞ չէ: Ես Ներսիսյանին ընտրություններից հետո չեմ էլ տեսել, չեմ հանդիպել, սկի հանձնում-ընդունում անել չի եղել:



- Առաջիկայում բազմաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն մտադի՞ր է այլ համայնքներում էլ իր կուսակցականների հաղթանակն ապահովել, եւ  իշխող կուսակցությունն արդյո՞ք դա թույլ կտա, ինչպես եղավ Ձեր ղեկավարած համայնքում:



- Կարա՞ք մի օրինակ բերեք, որ ինչ-որ մի տեղ քաղաքապետ կամ գյուղապետ ա ընտրվել, եւ խանգարել են, որ նա պաշտոնը վերցնի, որ հիմա ասում եք՝ թույլ կտա՞.. Որտեղ ընտրվում են, այնտեղ էլ նշանակվում են:



- Իջեւանի ընտրությունների ժամանակ Ձեր կուսակիցներն էին բարձրաձայնում, որ ՀՀԿ-ական քաղաքապետը կաշառք է բաժանում, ընտրախախտումներ անում…



- Ինչը ես եմ հայտարարել, խնդրում եմ դրա՛նց վերաբերյալ ինձ հարցեր տվեք:



- Ստացվում է՝ ժողովուրդն այնքան էլ չի սիրում ԲՀԿ-ականներին, որովհետեւ միայն մի քանի համայնքների ղեկավարներն են ԲՀԿ-ականներ:



- Ես կողմնակից եմ, որ հարցերը ոչ թե հեռախոսով տաք, այլ՝ մոտիկից… Հետո էլ՝ դա նշանակովի պաշտոն չի, կուսակցությունն առաջադրում է, բայց ժողովուրդն է ընտրում: Խոսքն արժանիի կամ անարժանի մասին չի, գյուղացիների, մարդկանց մեծամասնությունն է ընտրում եւ նշանակում: Ժողովրդի կարծիքն է, շատ մարդիկ կան, որ արժանիքներ ունեն, բայց դա ժողովրդի գնահատականն է:



- Այն, որ Ձեր կուսակցությունն արդեն մի քանի ամիս է՝ կոալիցիա չի կազմել ՀՀԿ-ի հետ, որեւէ կերպ ազդե՞լ է Ձեր աշխատանքի վրա: Նախկինի եւ հիմիկվա տարբերությունը մե՞ծ է:



- Ես իմ աշխատանքի մեջ որեւէ խոչընդոտ չեմ ունեցել եւ չունեմ: Որ ասում են՝ ՀՀԿ-ԲՀԿ լարվածություն կա, մեզ մոտ ոչ մի նման բան էլ չկա: Ես չգիտեմ՝ կոալիցիա չմտնելը ճի՞շտ էր, թե՞ սխալ, որ հարցնում եք: Բայց ասում եմ՝ դա իմ աշխատանքի վրա չի ազդել: