ԲՀԿ-ական փոխնախարարները սպասում են վարչապետի հրահանգի՞ն

ԲՀԿ-ական փոխնախարարները սպասում են վարչապետի հրահանգի՞ն
Թեեւ խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխանության հետ կոալիցիա չկազմեց, սակայն նախկինում զբաղեցրած ոչ բոլոր պաշտոններից հրաժարվեց: Կառավարության հասցեին քննադատական շոուներ բեմադրելուն զուգահեռ, գործադիր մարմնում շարունակում են «կառուցողական ընդդիմության» փոխմարզպետներն ու փոխնախարարները ղեկավարել: Չնայած կառավարությունում լուրեր են շրջանառվում, թե մոտ օրերս կլուծվի նաեւ այս հարցը, եւ որոշ վերաբաշխումներ կլինեն, ինչի արդյունքում էլ ԲՀԿ-ականները հարկադրված կլինեն լքել պաշտոնները, որոնք կտրվեն  կոալիցիոն ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին: Իսկ ինչո՞ւ նրանք իրենց կուսակցության կողմից մերժված կառավարության կազմից դուրս գալու դիմումներ չեն գրում: Կամ՝ արդյո՞ք տեղյակ են, որ շուտով ստիպված են լինելու այդքան թանկ աթոռներին հրաժեշտ տալ:



Դե, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը քանի որ ստվերային ձեւով դեռ ԲՀԿ-ինն է, հետեւաբար, փոխնախարար Սամվել Խաչատրյանի համար այդ խնդիրն օրհասական չէ:  Բացի այդ, վերջինս  օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով գտնվում է  Լոնդոնում, ուստի մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել: Կապի եւ տրանսպորտի փոխնախարար, ԲՀԿ-ական Ռուբեն Սինոյանի օգնականը մեզ փոխանցեց, որ շեֆը խորհրդակցության է: Թեեւ մեր կոնտակտները վերցրին` խոստանալով հետ զանգել, սակայն այդպես էլ չզանգահարեցին: Պաշտոնանկության մասին հարցը բավականին ծանր ընդունեց գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:



Վերջինս համակարգում է գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման, հաշվառման եւ գրանցման, լիցենզավորման ոլորտում նախարարության քաղաքականության իրականացման աշխատանքները,  Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության, «Լիցենզավորման կենտրոն» գործակալության, ինչպես նաեւ «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքները: Մեր հարցին, թե իրենց տեղեկացրե՞լ են դիմումներ գրելու մասին, Կարապետյանը մուննաթով հակադարձեց. «Հենա Դուք գիտեք ամեն ինչ, ասում եք՝  սենց բան ասե՞լ ա վարչապետը, ես ի՞նչ իմանամ՝ նման բան ասե՞լ է վարչապետը, թե՞ չէ: Չէ, ինձ չեն ասել նման բան, կասեն՝ առաջինը դուք կիմանաք»: Հարցին, թե ինչու դիմում չեն գրել կոալիցիա կազմելուց հետո, արդյո՞ք հույս ունեին, որ իշխանությունն իրենց կխնայեր, պատասխանեց. «Որովհետեւ դա հայեցողական պաշտոն է: Ուզում եք գրենք, եթե դուք ցանկանում եք կգրենք…  Ի՞նչ տարբերություն՝ ԲՀԿ-ն-ՀՀԿ-ն հո թշնամիներ չե՞ն, հայեր են, նույն պետության մեջ ապրող կուսակցություններ են»:



 - Բայց Ձեր կուսակցության ղեկավարի համար անընդունելի է գործող վարչապետի ղեկավարած կառավարությունը, ինչի պատճառով էլ կոալիցիա չկազմեցին, իսկ փոխնախարարներն անընդունելի կառավարության կազմում շարունակում են աշխատել:



- Հարցն ուղղեք կուսակցության ղեկավարին, էլ ի՞նչ հարց ունեք:



 - Իսկ հնարավո՞ր է դիմում չեք գրում` հույս ունենալով, որ կառավարությունը կաշխատի ԲՀԿ-ական գործընկերների հետ:



- Ինչի՞ պիտի գրենք, եթե մեզ չեն ասել՝ գրեք:



 - Այսինքն սպասո՞ւմ եք, որ ասեն:



- Դուք էնքան «այսինքն» ասիք, Դուք չգիտե՞ք, թե ինչի համար եք զանգել: Հարց տվիք- ասիք՝ վարչապետը նման բան ասե՞լ է, ասի՝ տեղյակ չեմ, ինձ չեն ասել, որ ասի, իհարկե, վարչապետն իմ ղեկավարն ա, որ ասի կուսակցության ղեկավարը, տեղում կենթարկվենք, էլ ի՞նչ ասեմ: Շնորհակալություն, հաջողություն Ձեզ: