Կեսար

Կեսար




"Կեսար"   պատմվածաշարից



1



Գոլորշու տակ կարմիր ու խմոր: Բադակտուց բերանով սափորը թեքվում է, ջուր հորդում: Բերանից վարդի թերթիկներ են ընկնում. թեւ, թեւը գոլորշուց դուրս է, հանգչում է լպրծուն մարմարին: Սրբազան ջուրը թեւի տակ ճոճվում է մանկան օրորոցի քնքշությամբ, ցուցամատին արյուն չի խփում, գետերը տանում են նոր կճպված կեղեւների հոտը, հազարավոր ծաղիկների կտրված գլուխներից ճզմված ու եփված մեռոնը, բազիլիկաների սյունաշարերն ու մանրակտոր հատակները: Խտությունից անշարժացած յուղերի միջով հոսում է արծաթի մանրափոշին, օշինդրը՝ խաղաղեցնող բալզամներն ու քաղցրիկ թմրադեղերը:



Հաճույքի ցավից թեւի մեջ տրոփում են գետերը, ու ամեն զարկի հետ նա զգում է իր մարմնի անխուսափելի ծավալը. հեշտանքից կիսափակ փեղկերը սեւեռում է ցուցամատի ծայրին, որից կառչել է աշխարհը: Բերանը կափկափում է թռչուններ չունեցող տիեզերքին. «Աշխարհը հոսում է թեւիս միջով: Իմ վաշտը միշտ առաջինը կլինի, առաջինը ամեն ինչում` զորավարժություններում, շարայինում, հրաձգարանում: Իր վրա առաջինը կվերցնի թշնամու հարվածը, առաջինը հետ կմղի նրան, առաջինը կմտնի քաղաք, բոլորին կհրամայեմ խփել, բոլորին` կին, երեխա, ծեր, բութս կպարզեմ ներքեւ ու կհրամայեմ` կրա՛կ. թող մենակ պատերազմ սկսվի, մենակ սկսվի պատերազմը»:



Ափը դանդաղորեն դեմքին տարավ, գոլորշու կաթիլներն ասես խառնեցին հայացքը, որ նրան թվում էր՝ միշտ անշարժ է, որովհետեւ ժամանակ առ ժամանակ հայելու առջեւ մարզում էր. երկար նայում էր հայելու մեջ ու միանգամից սաստում դեմքին հայտնված մկանի ամեն մի կծկում, նյարդի թրթիռ: «Ոչ մի զգացմունք, ոչ մի հույզ»,- կրկնում էր ինքն իրեն ու մտածում մարդկային կամքի զորության ու ինքնակառավարման համակարգի անխափան աշխատանքի մասին, որը լիարժեք գործի դնելուց հետո վերջնականապես կքերթեր դիմախաղի մնացուկները:



2



Անկողնու գունատ սավանը կինը խնամքով ծալել-դրել էր թիթեղյա տաշտի լայն թռիչքով բռնակին: Երբ տաշտի պռունկներին հենվելով բարձրացավ, ուսից ու կոնքից գոլորշու փոքր պատառներ պոկվեցին: Կապիտանը մատներով խոցեց պատառները, վերցրեց սավանը, փաթաթեց մարմնին ու գոռաց կնոջը` «Գիրքս բեր»: Հաճելի եղանակ էր, քամին խփում էր երկար հոսքերով ու իր հետ տաք երակ էր բերում, որի մեջ նոր թխած հացի համ կար: Երկինքն առանց թռչունների էր: Կապիտանը, ոտնաթաթերին հետեւելով, առաջացավ այգու ցանկապատին հենված շան բնի մոտ, որի կողքը դրված էր իշոտնուկը: «Պիտի նուրբ քայլել, ոտնաթաթերը դնել մի փոքր իրարից հեռու, աստվածների պես` փափուկ ու վստահ, որ ջրի կաթիլները հատ-հատ ընկնեն` ինչպես հասած մրգերը»:



Մինչ կմոտենար իշոտնուկին, կինը, փսլինքներ թափելով, փլվեց ոտքերին, մեկիկ-մեկիկ հագցրեց հողաթափերը, հետո բարձրացավ, շրթունքների արանքը ծխախոտ դրեց, վառեց ու տվեց գիրքը: Կապիտանը երկու մատը քսեց կնոջ ուսին, որի գզգզված մազերը թափվել-ծածկել էին երեսը: Հետո բերանը մոտեցրեց ականջին ու շշնջաց. «Եթե մեր շան լափը խաշել ես, բեր՝ թող ուտի»:



3



Սվետոնիոս «Տասներկու կեսարների կյանքը», արծաթավուն կազմով գիրքը կապիտանը գնել էր, իր նշանակման հրամանից մի քանի շաբաթ առաջ ու մինչև զորամաս ներկայանալը կարդում էր ամեն օր, էջերին մատիտով նշումներ էր անում, նոթատետրի մեջ արտագրում քառակուսու մեջ վերցված հատվածները: Մի քանի մուխ քաշելով ու կազմին փչելով՝ նա բացեց գիրքն ու սկսեց ընթերցել նշումներից. «Մի հռոմեացի հեծյալի, որը կտրել էր իր երկու պատանի որդիների ձեռքերի բթամատերը, որպեսզի ձերբազատի նրանց զինվորական ծառայությունից, նա հրամայեց աճուրդով վաճառել…



Թշնամու առջեւ նահանջած փաղանգներում նա մահապատժի էր ենթարկում յուրաքանչյուր տասներորդին… Ռազմակարգը լքող ցենտուրիոններին, ինչպես նաեւ շարքայիններին պատժում էր մահվամբ, մնացյալ զանցանքների համար տարատեսակ խայտառակիչ տույժեր էր տալիս` հրամայում էր, օրինակ, մի անբողջ օր կանգնել պրետորական վրանի առջեւ, երբեմն` միայն շապիկով եւ գոտիով, ուրիշ անգամ՝ ձեռքին կանգունաչափ կամ ճիմ»:



Կապիտանը փակեց գիրքը: Շան բնից հեկեկոցի ձայն լսվեց:



4



Կարճ ժամանակահատվածում նորանշանակ կապիտանը զորամասում աղմկոտ համբավ ձեռք բերեց: Վերցնելով երրորդ գումարտակի ամենաանկարգ վաշտը՝ նրանից ընդամենը մեկ շաբաթ պահանջվեց, որպեսզի գնդի հրամանատարի կողմից արժանանա պարգեւատրման ու դրվատանքի: Առավոտյան տողանին վաշտն այնպիսի ճշգրտությամբ ու հուժկու քայլեց, որ ողջ շտաբին թվաց, թե հրապարակի ասֆալտը տատանումից կճեղքվի: Վաշտը շարային էր անում, երբ բոլորը հանգստանում էին: Վաշտը քայլում էր, երբ բոլորը կանգնած էին: Ծնողների հետ տեսակցությունը կապիտանն արգելեց, իսկ նամակներ ուղարկվում էին միայն իր գրասեղանին, իր մասնակցությամբ սղվելուց հետո:



Նա զորքին հրաձգարան էր տանում ամենադժվար եղանակին` սելավին ու սաստիկ տապին մեջքներին կապելով ավազով լցված պարկեր: Հրաձգարանի ճանապարհին նրանք կտրում-անցնում էին համարյա ծանծաղ մի առու: «Ռուբիկոնս», «Իմ Ռուբիկոնը», - առվի վրայով թռչելով՝ մտքում կրկնում էր կապիտանն ու ժպտում: Լինում էր, որ գիշերով գալիս էր առվի մոտ ու վրայով անընդհատ հետուառաջ թռչկոտելով՝ բարձր բղավում. «Ռու-ռու-ռուբիկոն», «Ռուբիկոն»: Հետո, գումարտակ վերադառնալով, կրկին կարդում էր այն հատվածը, որտեղ հիշատակվում էր Կեսարի՝ Ռուբիկոնն անցնելու պատմությունը: Զենքով վարժությունները տեւում էին այնքան, մինչեւ արեւը գազարի գույն էր առնում:



Եթե որեւէ մեկը չէր ենթարկվում հրամաններին, պատժվում էր ողջ վաշտը: Կարգազանցի աչքի առաջ շարքից յուրաքանչյուր հինգերորդին նա ծեծում էր, հետո անցնում հաջորդ հինգերորդին, հետո՝ հաջորդին: Ճաշարան չէր թողնում մտել այնքան ժամանակ, մինչև բոլորը փակ աչքերով անգիր արտասանում էին զինվորական կանոնադրությունը: Ստուգատեսին ոտքից գլուխ տնտղում էր հագուստները: Զինվորներից մեկի կիսակոշիկին ու գոտուն նայելիս, եթե չէր երեւում քթի ծայրը, 10 օր կալանքի էր ուղարկում, իսկ վաշտին երեք օր ստիպում էր քնել առանց կիսակոշիկները հանելու:



Բոլորը շշուկով էին տալիս անունը, գնդի հրամանատարը կապիտանին տեսնելիս մատները խրոխտ աղեղած էր պատիվ առնում: Բոլոր սպաները, զինվորները գալիս էին ու հեռվից ապշանքով նայում շարահրապարակում AK-74-ով կատարյալ վարժություն անող վաշտին: Բոլորը մատով էին ցույց տալիս, ասում էին` «Կեսարի վաշտը», եւ շարահրապարակի անվերջանալի թվացող տարածությունում չկար մի անկյուն, որտեղ լսելի չլիներ նրա «ի զենը»:



5



Կինը վերադարձավ, ձեռքի ափսեն դրեց բնի դռնից դուրս եկած շղթայի մոտ ու արագ հեռացավ: «Ռեքս, Ռեքս, Ռեքսո,- գիրքը ձեռքից ցած դնելով՝ գոռաց կապիտանը:- Դուրս արի, որ սովից մեռար, հորդ ի՞նչ պատասխան եմ տալու»: Բունը սկսեց ցնցվել: Տախտակների ճեղքերից սրթսրթոցներ էին թռչում: «Քո հետ չե՞մ, ասում եմ դո՛ւրս»: Կապիտանը բռնեց շղթայից ու ուժգին քաշեց: Վզկապով զինվորը դուրս ընկավ ու թաց երեսը սեղմեց կավագույն հողին: Գլխին կեպի չուներ, խեբեն կորել էր ցեխի ու տեղ-տեղ չորացած սննդի թանձրուքի մեջ: Պարանոցից սկսած` մեջքը հանկարծակի ալիքվում էր, թվում էր՝ ողնագծով օձ է իջնում:



Կապիտանը բութ մատի ծայրով երկու անգամ խփեց զինվորի ճակատին: «Բա գիտեիր հեշտ ե՞ս մարսելու՝ վաշտիդ հրամանատարին սաղ  զորքի մոտ հայհոյելով ու թռնելով: Դե հիմա էլ փախի, ձենդ փորիցդ դուրս չի գալի՞ս, այ կատու»: Նա աչքերը պտտեց ներքեւ, զննեց մարմինը ծածկող սավանը, որի մռայլ կնճիռներն ամեն անգամ նույնացնելով հռոմեական տոգայի ծալքերին՝ հաճույքից քարանում էր: «Է՜հ,- հոգոց հանեց կապիտանը,- Ռեքսիկ, Ռեքսիկ, էս ի՜նչ օրն ես ընկել, ո՜ւր հասար, դե գլուխդ բարձրացրու, ձավարդ լըկի»: Զինվորը չէր շարժվում:



Կապիտանը կռացավ, բթով ու ցուցամատով վերցրեց ափսեն, վերեւից խաշած ձավարը սկսեց լցնել նրա գլխին: Զինվորը ցատկ արեց ու ատամները խրեց կապիտանի ոտքը: Մի պահ ցավից ու շփոթմունքից անակնկալի գալով` կապիտանը սկսեց բռունցքներով հարվածել տղայի գլխին: Զինվորը ատամներն այնքան պինդ ու խորն էր խրել, որ կապիտանին մի պահ թվաց, թե ոտնաթաթը ուր որ է կկորցնի: Տղայի ուշքը գնաց, բայց ատամները չթողեցին ոտքը: Կապիտանը ցավից տնքում էր, սավանի ծոպերը կարմրել էին: Կաղալով՝ նա մտավ տուն, վերցրեց ատրճանակը, լիցքավորեց ու դուրս եկավ: Զորամասի կողմից լսվեց երբեք անակնկալ չհնչած, բայց ծանոթ տագնապի սուր ազդանշան: «Պատերազմը սկսվեց»,-երջանկությունից գլուխն ափերի մեջ առնելով՝ բղավեց կապիտանը:



6



Զորամասի շարահրապարակում քաոս էր: Գունդը ցաքուցրիվ էր եղել: Զինվորները  վազում էին այս ու այն կողմ` ավտոմատներն ու փամփշտակալները թափթփելով ու հավաքելով: Հուսահատ դեմքերով սպաները փորձում էին դասավորել շարքերը: Մեկը սկսեց օդ կրակել: Հառաչանքի ու լացի ձայն լսվեց: Զենքն ուսին կապիտանը կաղալով` շերտ առ շերտ ճեղքեց իրար գլխի լցված դասակները, որոնք փակում էին շարահրապարակն ամբողջապես տեսնելու հնարավորությունը: Վերջապես մեծ ճիգերով նրան հաջողվեց շրջանցել բոլորին:



Երբ բացվեց տեսադաշտը, քիչ հեռվում ուրվագծվեց ժայռի մի կտոր: Զինված վաշտը հրամանի էր սպասում: Նա մոտեցավ իր զորքին ու թոքերում եղած ողջ ուժով ողջունեց: Վաշտը պատասխանեց հրամանատարի ողջույնին, ու թվաց՝ այդ պատասխան թնդյունից զինվորները սթափվեցին ու սկսեցին վերադասավորվել: Կապիտանն արագորեն ստուգատես անցկացրեց ու հանկարծ նկատեց, որ շարքերում երեք զինվոր բացակա է: Նորից հաշվեց դասակները` ճիշտ էր նկատել: Դուրս կանչելով ավագներին ու սերժանտներին՝ հարցրեց զինվորների գտնվելու վայրը: Լռում էին:



Բռունցքներով հարձակվեց զինվորների վրա ու սկսեց անխնա հարվածել. «Դավաճաններ, դավաճաններ, անասուններ, ո՞ւր են դրանք, ո՞ւր են»: Զինվորներից մեկը կամացուկ շշնջաց, որ տագնապի ազդանշանից առաջ նրանց գետի մոտ է տեսել: «Գետի մո՞տ. գետի մոտ ի՞նչ էին անում»: «Լողանում էին»,- հազիվ արտաբերեց զինվորը: Զենքն առաջ պարզելով՝ կապիտանը վազեց: Ցավից ու այտուցից ոտքն այլեւս չէր զգում, բայց վազելու ընթացքում մերթընդմերթ նայում էր ներքեւ, թվում էր՝ զինվորն իր ատամներով դեռ կախված է ոտքից: Դուրս եկավ զորամասի ետնամասից, գետի խշշոցը մոտենում էր: Մթության մեջ կողմնորոշումը թույլ էր, բայց մացառների արանքներում արահետի պոչը բռնելով՝ հեշտությամբ ելավ ուղիղ ափ: Զենքն ուսը գցելով` չորս բոլորը մի քանի անգամ ձայն տվեց: Գետն էր:



Կանգնելով գլաքարին՝ նայեց ջրին: Գետն ասես հոսող խավար լիներ, որ հեւում էր շնչասպառ մարդու ծանրությամբ: «Կեսա՛ր»: Շրջվեց: Ավտոմատների երեք փող հպվեցին կրծքավանդակին: Հետո պոկվեց գետնից ու հոսեց` հայացքը տիեզերքից չկտրելով: