Հայաստանում չարժե տեսահոլովակների վրա մեծ գումարներ ծախսել

Հայաստանում չարժե տեսահոլովակների վրա մեծ գումարներ ծախսել
Հարցազրույց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ.



-Սոնա, ի՞նչ նորություններ ունես, կարծես մենահամերգիցդ հետո լռեցիր, այդպե՞ս է:



- Հա, մենահամերգիցս հետո մի քիչ լռեցի, բայց ոչ թե լռեցի, ուղղակի ինձ համար անելիքները մենակ տեսահոլովակները չեն: Մենահամերգից հետո էլի տարբեր միջոցառումների ներկա եղա, գրեթե անընդհատ վազքի մեջ էի ու մենակ համերգների չեմ երգել, նաեւ խնջույքների, առհասարակ կորպորատիվների, գեղեցիկ երեկոների: Բայց այս տարվա համար էլ շատ պլաններ ունեմ ու հերթով իրագործում եմ: Ես ավելի շատ սիրում եմ որակով երգ լինի, եւ ուղղակի տեսահոլովակ չունենամ, հետո՝ մարդիկ ինձ հիշում են շատ-շատ, թիվիներով եմ ելույթ ունենում, ինտերնետային կայքերում կամ հարցազրույցների տեսքով, այսինքն՝ չեն մոռանում:



- Ինչի՞ պիտի մոռանան, տեսահոլովակներ նկարում ես ամեն դեպքում:



- Այո, նկարել եմ 2 տեսահոլովակ, երկուսն էլ աշխատանքի մեջ են, մի քանի օրից կլինի «Վերեւ նայիր» երգը, մյուսն էլ «Հարսի շորն» է լինելու: Բացի այդ, ունեմ նաեւ դուետներ, մեկը՝ ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի հետ, մյուսն էլ՝ օտարերկրացի մի երգչի հետ, որի հետ դեռ պայմանավորվածություն ենք տանում: Հետո, աշնանը ուզում եմ նաեւ իմ վեբ-կայքը թողարկել իմ համերգի դիվիդիի հետ: Աշնանը նաեւ դրսում համերգներ ունեմ, բացի այդ, այստեղ էլ են լինում շատ համերգներ, միջոցառումներ, ինչու չէ՝ հարսանիքներ, ու էն, որ ինձ հոգեհարազատ ա, լավ մարդիկ են կազմակերպում՝ ես մասնակցում եմ, հիմա մենք էլ ենք փող աշխատում, որովհետեւ համերգները շատ չեն լինում, բայց ինչ էլ որ լինում ա, ես կամ, այսինքն՝ իրանք են ինձ զանգում-հրավիրում:



- Դե, այդքան տեսահոլովակ նկարելը փող արժե, իսկ դրա համար հասկանալի է, որ պետք է աշխատես:



- Մի բան ասեմ. ես չեմ մտածում, որ Հայաստանում այսօր տեսահոլովակը մեծ արժեքներ ունի, ճիշտ է, մենք փոքր... չնայած ես չեմ սիրում ասել՝ մենք փոքր ազգ ենք, որովհետեւ դա կապ չունի, Ղազախստանն էլ ա փոքր, բայց այսօրվա դրությամբ 7-8 ոսկի ունեն օլիմպիադայում: Ուղղակի մեր Հայաստանում ես չեմ գտնում ճիշտ, որ տեսահոլովակի վրա ծախսես այդքան մեծ գումարներ, մեկ ա՝ ինքը պետք ա մեկ ամիս եթերով լինի ու վերջ:



- Ուզում ես ասել, որ Հայաստանում տեսահոլովակները երկար կյանք չունե՞ն:



- Երկար կյանք չունի, ու ես կարծում եմ՝ դա այն մարդկանց ա պետք, որ նոր են շոու-բիզնես մտնում եւ ուզում են շատ շքեղ տեսահոլովակներ անել, որ հիշվի, սիրվի, բայց դա կապ չունի. ինձ համար կարեւորն ու առաջնահերթը երգն ա, կամ պետք ա տեսահոլովակը լավը լինի, կամ՝ երգը: Ես կարծում եմ՝ երգչուհին հենց երգելու համար ա, տեսահոլովակների համար չի, կարեւորը, որ երգը շատ որակյալ լինի ու արժեքավոր երգ լինի:



- Եթե տեսահոլովակները կարճ կյանք ունեն, էդ դեպքում արժե՞ր տեսահոլովակ նկարելու համար գնալ Եգիպտոս:



- Ես Եգիպտոս չեմ հասել տեսահոլովակ նկարելու համար, ուղղակի գնացել էի հանգստանալու եւ նկարեցի, բայց իմ ուզածով չեղավ, էնտեղի կադրերը դուրս չէին եկել, այստեղ եկա ու ավելի գեղեցիկ վայրում նկարեցի:



- Գեղեցիկ կադրերի հետ կապված՝ ռեժիսորների հետ տարաձայնություններ շա՞տ ես ունենում:



- Չէ... հետո մի բան ասեմ. ռեժիսորը ստեղից չի, սփյուռքահայ ա, ես ստեղի ռեժիսորների հետ չեմ համագործակցի. ոչ թե մերոնք վատն են, ստեղի ռեժիսորներից ոմանց ես շատ սիրում եմ եւ աշխատել եմ, ուղղակի առիթ եղավ, որ նա լինի, ու քանի որ նա դիզայներ էլ ա, ավելի լավ մտքեր ունի, ավելի ոճային, իր հետ աշխատեցի, բայց միտքը համատեղ ենք ընտրել: Հետո, ես կոնֆլիկտներ չեմ ունենում ոչ մեկի հետ, իմ հետ թեթեւ է անցնում: Բայց բնական ա, եթե մի բան չեմ հավանում, ասում եմ, որովհետեւ գործից հասկանում եմ, ու իմ գործը մենակ երգելը չի: Լավ արդյունք ենք ստացել, համենայնդեպս չի կրկնում ոչ մեկին. թե երգը, թե ես, թե տեսահոլովակը ոչ մեկին նման չի: Ես չեմ սիրում ինչ-որ մեկին նմանվել կամ ինչ-որ մեկից մի բան գողանալ:



- Իսկ քո ոճը, քո մտքերը գողանալու դեպքեր եղե՞լ են:



- Բաներ կան, որ գողանում են, բայց հերքում են դրա մասին: Բայց երբ 2010-ին «Նոր ալիքում» գլխի այդ աքսեսուարները կապեցի, հագա այդ «կամբինիզոնչիկները», դեռ ոչ մեկ չէր հագնում, ինչից հետո արդեն ստեղ բոլորն այդպես էին անում: Շատ բաներ ունեմ, որ վերցրել են, նույն ձայնային այդ էֆեկտները, որ կոնկրետ ես եմ անում: Կամ վոկալիզ երգեցի՝ դասական գործ, մարդիկ հետո սկսեցին նորից նույն գործիքներով ինչ-որ բաներ անել, բայց չստացվեց բնականաբար, ես հիմա ուրիշ բան եմ անելու, տեսնեմ դրանից հետո ինչ են անելու:



- Ուրիշներից ուզում ես անպայման առանձնանալ թե հագուկապով, թե քո ձայնով:



- Ես ուզում եմ տարբերվել եւ կարողանում եմ տարբեր ոճերում ներկայանալ: Եթե ես իմանայի, որ մենակ սոուլ ոճում եմ կարողանում երգել, մենակ այդ ոճում կերգեի, բայց համ դասական եմ երգում, համ ժողովրդական, համ սոուլ, դա իմ մեջ կա, որովհետեւ դա գենետիկորեն է եկել, ու դա ոնց որ Աստծո շնորհն է:



- Այս տարի «Նոր ալիքում» Սուրեն Առուստամյանն էր մասնակցում, նայե՞լ ես մրցույթը:



- Սուրեն Առուստամյանին սիրում եմ որպես տղա, ինքը շատ լավ երաժիշտ ա, եւ միշտ կողմ եմ եղել, որ նա գնա, իմ մեջ ընդհանրապես նախանձ չկա՝ դուք գիտեք, որոշ մարդիկ խոսում են այլ բան, հետեւից՝ ուրիշ բան, դա իրանց սովորությունն ա, բայց ես իսկապես ուրախ էի իր համար.... ուղղակի երեկ իմացա, որ «Կիսաբաց լուսամուտներում» Արչին իրան հարց ա տվել ոչ թե իմ ռուսերենի հետ կապված, այլ որ ռուսերենի իմացությունը մինո՞ւս ա, թե՞ պլյուս, Սուրենն էլ ասել ա՝ մեծ մինուս... բայց ես ձեզ մի բան ասեմ, որ այս տարվա մասնակիցներն էլ, որ ընտրվել են, չփայլեցին ռուսերենից: Ես լսել եմ, որ ընդհանրապես ոչ մեկ չի կարողացել ռուսերեն խոսալ, այսինքն՝ մենակ ես չեմ եղել... հետո ասեմ, մարդիկ կան, որ հայ լինելով՝ հայերեն չեն կարողանում երկու բառ խոսել ու միշտ խոսում են ռուսերեն...



- Հիմա դու նեղացե՞լ ես Սուրենից:



- Չէ, ես նեղացած չեմ, նա իր կարծիքն է հայտնել, հետո հարցն ընդհանուր է տվել, ոչ ինձ վերաբերող, որովհետեւ ոչ մեկ իրավունք չունի ինձ վերաբերող հարց տա, որովհետեւ այդ ժամանակ ես ուրիշ ձեւ կվարվեի, բայց ասեմ, որ ես ընդհանրապես Սուրենի հետ կոնֆլիկտներ չունեմ, ինքն ասել ա, որ դա նկատի չի ունեցել, դա էլ է ինձ տեղ հասել: Հետո, դա երգի մրցույթ ա, լեզուների մրցույթ չի, ու լավ եմ արել, որ տենց եմ խոսացել, ես գնացի հաղթելու եւ հաղթեցի, ամոթ բանը չերգելն ա, որ պլյուսներով են երգում:



- Սոնա, անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ ունես:



- Այս ընթացքում, երբ այստեղ չէի, ինձ ամուսնացրին, ծիծաղալով եմ ասում, որովհետեւ նման բան չի եղել, ինձ հարց են տվել հանգստանալու վերաբերյալ, գրել են ուրիշ բան. եթե ամուսնանայի, բոլորը կիմանային:



- Իսկ ո՞ւմ հետ էին ամուսնացրել:



- Չգիտեմ, ասել էին՝ ընկերոջ հետ ա գնացել Իտալիա, բայց դա տենց չի, ես մորաքրոջս ու իր ընտանիքի հետ եմ գնացել: Հետո ընտրյալ, ընկեր ունենալը ամուսնության հետ ընդհանրապես կապ չունի, որովհետեւ մարդ կարող ա ընկեր ունենա, չամուսնանա, կամ հակառակը ստացվի:



- Դու հիմա ունե՞ս ընտրյալ, ընկեր:



- Հա, բայց ինքն այս ոլորտից չի:



- Բայց գնացե՞լ ես նրանց տուն, ծանոթացե՞լ ես ծնողների հետ, թե՞ դեռ այդ փուլում չեք:



- Չէ, այդ փուլում ենք, ուղղակի ես իմ անձնականից չեմ սիրում խոսալ, իմ հոգում, սրտում ինչ կատարվում ա, ուզում եմ մենակ ես իմանամ, հետո արդեն կյանքը ցույց կտա:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ