Աղբակույտից՝ քաղաք

Աղբակույտից՝ քաղաք
Հայաստանի ամենաէքսցենտրիկ քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի թռիչքներին եւ ներկայիս անկմանն ականատես Գյումրին անհանգիստ է: Վարդան Ղուկասյանը քաղաքապետի աթոռի վերջին ամիսներն է վայելում եւ, ինչպես ընդունված է նման դեպքերում, իշխանության մեդալի հակառակ կողմն է լիուլի ուսումնասիրում: Իսկ այնտեղ քաղաքական հակառակորդների ատելությունն է եւ թշվառության մեջ ընկղմված քաղաքի սեւեռուն ուշադրությունը 13 տարի պաշտոնավարած օլիգարխի նկատմամբ: Քաղաքը կանխազգում է, որ իր համար անսպասելի կերպով Սամվել Բալասանյանի հակառակորդը դարձած Վարդանիկը հեշտ չի հանձնվելու: Ահա թե ինչ է գրում մեզ Աննա Մինասովնա ներկայացած մի կին. «Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը, իմանալով, որ էլ չի լինելու քաղաքապետ, սկսել է ամբողջ քաղաքի տարածքները վաճառել, էն էլ՝ չնչին գներով: Իր շրջապատը հողերն առավ, ու մի բան էլ հիմա լավություն է անում՝ ասելով, թե, ժողովուրդ, ում ինչ պետք է, եկեք-տարեք, թող Սամվելին հեչ բան չմնա: Ավագանին ամեն օր նիստ է անում եւ օտարման որոշումներ ընդունում: Բացի էդ, Վարդանիկը սկսել է տանել նաեւ քաղաքապետարանի գույքն ու խալիները, tv-ները»:



Իհարկե, որքան էլ էքսցենտրիկ լինի «Ալեքսանդրապոլ»  կոչվող շքեղագույն անճաշակության  նախկին տերը (հյուրանոցն այժմ Ղուկասյանինը չէ եւ վաճառված է), դժվար թե նա գորգեր ու հեռուստացույցներ (tv-ներ՝ ինչպես նամակագիրն է ասում) տաներ քաղաքապետարանից կամ էլ դուրս գար փողոց կամ եթեր՝ ժողովրդին թալանի կոչ անելու: Ինչ վերաբերում է ավագանու նիստերին, ապա, ըստ քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանի, հուլիսից մինչ օրս 4 այդպիսի նիստ է եղել, որոնցից երկուսը հեռարձակվել են համացանցով:



«Հերիք եղավ կեղծ անուններով նամակներ շրջանառեն: Ավելի շուտ՝ անբարոյական «դանոսներ» են դրանք: Գոնե ավագանու նիստերի մասով շատ անհաջող են մտածել՝ սեւացնելու քաղաքապետին: Քաղաքապետը հոգնել է դավադրություններից»,- կրկնեց Լիլիթն այն, ինչ տարածել էր ԶԼՄ-ներով Վարդան Ղուկասյանի չառաջադրվելու կապակցությամբ: «Այդ նիստերի ընթացքում եղե՞լ են արդյոք հողահատկացման դիմումներ, որոնք դրական պատասխան են ստացել, եւ քանի՞ նման դիմում է եղել» հարցին քաղաքապետի մամուլի քարտուղարը պատասխանեց. «Այդ նիստերին ներկա են եղել 5-6 ՀԿ-ներ: Նիստերի ընթացքում ոչ ավելի, քան 4 նման դիմում է քննարկվել հողահատկացումներին վերաբերող, ինչն օրինական է: Դրանք առօրեական, սովորական հարցեր են քաղաքապետարանի համար: Կասեի նույնիսկ, որ տարվա այս սեզոնի համար այդ քանակությունը, համեմատ մյուս տարիների, դեռ մի բան էլ քիչ է: Մենք այստեղ աշխատում ենք, մնալու ենք մինչեւ հոկտեմբերի վերջը, իսկ նման նամակները համարում ենք լկտի անբարոյականություն մի մարդու նկատմամբ, որն աղբակույտից քաղաք սարքեց: Ցավոք, այդ նամակները շարունակվում են»,- ասաց մամուլի քարտուղարը:



Վերջին շրջանում հայկական մամուլում իրոք մի քանի նմանատիպ նամակ է հրապարակվել Գյումրիի քաղաքապետի դեմ: Սակայն մամուլի խոսնակը խուսափեց «քաղաքական» ենթատեքստի մասին խոսելուց: Մեկ այլ աղբյուր, սակայն, ով մոտ է կանգնած Գյումրիի քաղաքական անցուդարձին, տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանն այնքան էլ «ավարտված» գործիչ չէ: Չի բացառվում, որ Վարդանիկի հակառակորդները զգուշանում են, որ վերջինս ներքին  պայմանավորվածություններ ձեռք կբերի, այդ թվում նաեւ քրեական հեղինակությունների մակարդակով, եւ կտապալի Բալասանյանի ընտրությունը: Ահա ինչու է, ըստ աղբյուրի, գործի դրվում «սեւ»  PR-ը: Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ, որ երկար ժամանակ պայքարեց ավագանու նիստերը «online» ռեժիմով անցկացնելու համար եւ միայն երկու նման հեռարձակում ստացավ իր պայքարի արդյունքում, վստահեցնում է. շատ է եղել, երբ Գյումրիի ավագանին նիստեր է արել, որոշումներ են ընդունվել, որոնք չեն հրապարակվել կամ հրապարակվել են երկու-երեք ամիս անց:



«Մեր ակումբը 2003 թվականից տեղեկատվական հարցումներ է արել, հարյուրավոր որոշումներ ենք ուսումնասիրել: Աբսուրդային  որոշումներ ենք հիշում, որոնք ընդունվել են: Մի 8 տարի առաջ, օրինակ, մոտ 700 դոլարի ռուսական թերթ են բաժանորդագրել ռուսական զորամասին, «շուն զարկելու» համար անտրամաբանական գներ են սահմանվել, օտարումների, ջրի գնով սեփականաշնորհումներ` բոլոր նման փաստաթղթերը մեր կասկածների տիրույթում են: Մենք պատրաստվում ենք գույքի, ունեցվածքի վերաբերյալ բոլոր գործարքների նկատմամբ քաղաքապետի առաջիկա փոփոխությունից հետո աուդիտ անել»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:



Սակայն ոչ միայն հողահատկացումների գործարքներն են այժմ իշխանափոխ քաղաքի քննարկումների ծիրում: Քաղաքացիներն ամենուր թալան են կասկածում: Կադաստրին մոտ մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս օրերին քաղաքապետարանը շատ զգույշ է գույքին վերաբերող գործարքների նկատմամբ: Անգամ շինարարության թույլտվություններն են դադարեցրել: Մյուս կողմից զարկ է տրվել ներքին պայմանավորվածությունների վրա հիմնված փոխշահավետ գործարքներին:  Օրինակ, քաղաքում կան բազմաթիվ բնակիչներ, ովքեր քարաշեն տներ ունեն եւ միաժամանակ բնակարանների հերթում են: Նրանք պետք է ապահովվեն բնակարանով, սակայն ոչ առաջնային կարգով, քանի որ տներ ունեն եւ անօթեւան չեն համարվում:



Այժմ Գյումրիում միտում կա փոխելու այս քարաշեն անշարժ գույքի սեփականության իրավունքը, այն դարձնելու ուրիշի անունով, իսկ բնակչին ներգրավելու առաջնահերթության ցուցակներում: Փոխշահավետ գործարքն ավարտվում է բնակարան ստանալու պահին: Կոռուպցիոն այս սխեման շատ ավելի անվտանգ է իրագործողների համար, քան հողահատկացման ուղիղ որոշումները: Մեր տեղեկություններով, այս ուղղությամբ ստուգումներ են անցկացվելու պատկան մարմինների կողմից: