Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ երիտթեւն ու ՀՀԿ ծերակույտը

Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ երիտթեւն ու ՀՀԿ ծերակույտը
ԱԺ-ում կարծում էին, որ Վրեժ Գասպարյանը չի համաձայնի դառնալ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, սակայն, մեր տեղեկություններով, նրա մնալու հարցը որոշվել է նախագահականում: Բանն այն է, որ Աբրահամյանը վերջինիս նկատմամբ «լիչնի նեպրիյազն» ուներ եւ հենց ամենասկզբից նրա համար աշխատանքի «բարվոք» պայմաններ չէր ստեղծել. տեւական ժամանակ չէր ընդունում, բոլոր գործերը վստահում էր իր հավատարիմ՝ գործերի կառավարիչ, ոչ անհայտ պարոն Համիկին:



ԱԺ կադրերի վարչության պետի, ապա Գառնիկ Իսագուլյանի պաշտոնանկություններց հետո Հովիկ Աբրահամյանի հաջորդ մտասեւեռումը Գասպարյանից ազատվելն էր, որովհետեւ վերջինս համարվում էր նախագահականի մարդ եւ օրենքից դուրս ոչինչ չէր անում: Վ. Գասպարյանի փոփոխությունից եւ ՀՀԿ ողջ պատգամավորական խումբն իրեն ենթարկեցնելուց հետո  Աբրահամյանը փորձում է մնացած կառույցներում նույնպես իր մարդկանց դնել: Ինչպես տեղեկացրել էինք,  հերթը ՀՀԿ երիտթեւին՝ Կարեն Ավագյանին է հասել: Լավատեղյակները պնդում են, որ Կարեն Ավագյանը խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Հանրապետության հրապարակում կազմակերպված հայտնի հանրահավաքից առաջ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել փուչիկների գնային ողջ սանդղակը եւ խորհուրդ հարցրել` ո՞րը գնեն. Հովիկ Աբրահամյանն ասել է` էժանները:



Երեկ Կարեն Ավագյանից փորձեցինք այս առումով մանրամասներ ճշտել, վերջինս ասաց. «Ուզում եմ մեկընդմիշտ իմանաք, որ փուչիկների հետ ես ոչ մի առնչություն չեմ ունեցել եւ չէի էլ կարող ունենալ. իմ ֆունկցիան է եղել ապահովել ընդամենը երիտթեւի մասնակցությունը հանրահավաքին, ինչն էլ արել եմ»: Ինչ վերաբերում  է իրեն Արփինե Հովհաննիսյանով փոխարինելու լուրին, վերջինս ասաց. նրանք, ովքեր նման պնդում են արել, երեւի չգիտեն, թե ինչ է նշանակում ՀՀԿ երիտթեւի ղեկավար, եւ ինչպես է նա ընտրվում:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ