Վրաստանի օրինակը

Վրաստանի օրինակը
Վերջին օրերին որ կողմ շարժվում ես՝ խոսում են Վրաստանի եւ այնտեղ կայացած ընտրությունների մասին: Մենք՝ հայերով, այս օրերին ուղղակի սեւ, թունավոր նախանձով ենք լցված մեր հարեւանների հանդեպ: Ինչո՞ւ, ինչպե՞ս կարող էին ոչնչով մեզ չգերազանցող, եթե չասենք՝ զիջող, վրացիներն այդպիսի ընտրություններ անել եւ խաղաղ իշխանափոխություն իրականացնել:



Այն դեպքում, որ Վրաստանում առանց այն էլ խոշոր բարեփոխումներ էին ընթանում, եւ դրանք իրականացնողը հենց գործող նախագահն էր, որն էլ տիրապետում էր բոլոր ադմինիստրատիվ լծակներին եւ ի զորու էր վերարտադրվել: Ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, այսքան դժգոհ մեր կյանքից, մեր իշխանությունից, բայց երբ գալիս է ընտրության պահը, ընտրում ենք գործող իշխանությանը: Ինչպե՞ս է պատահում, որ մեր կյանքը փոխելու կամքն այնքան հզոր չի լինում, որ կառավարի մեզ ու մեր գործողությունները: Նաեւ դիմադրի կեղծիքներին, կտրի այն ձեռքը, որն ընտրակեղծիք է կատարում: Ինչի՞ց է, որ մենք այնքան չմահավան ենք, որ ոչ մեկին նախագահի աթոռին չենք պատկերացնում:



Մի պահ պատկերացրեք՝ եթե մեզանում նախագահի աթոռին հավակներ Բիձինա Իվանիշվիլու նման մեկը, ի՞նչ կանեինք մենք: Ազգովի կփնովեինք, կծաղրեինք, կարհամարհեինք ու հաստատ ձայն չէինք տա: Փոքրամարմին, մեծ հարստության տեր, անհասկանալի անցյալով, առավել անհասկանալի ապագայով մեկն ինչպե՞ս կարող է հավակնել երկիրը ղեկավարելուն: Այսպես կմտածեինք մենք՝ հայերս: Իսկ վրացիները պատրաստ են շանս տալ, հավատալ, օգնել ու ընտրել: Չի՞ ստացվի: Կհանեն: Նորից կելնեն փողոց: Չեն հաշտվի, չեն լռի: Ու նորը կբերեն: Ինչպե՞ս անել, որ մեզանում էլ նոր ուժ, նոր մարդիկ գան ասպարեզ: Ինչպե՞ս թարմացնել քաղաքական ներկապնակը եւ ընտրության հնարավորություն տալ մարդկանց: Ահա խնդիրը: