«Թռածները»

«Թռածները»
Արտագաղթողներին Հայաստանում որպես հալածյալ են ընդունում՝ չկարողացան չոր հաց գտնել, հայրենիքը լքեցին, չկարողացան իշխանությունների հետ լեզու գտնել, հեռացան: Բայց քաղաքական ու հասարակական գործիչ Արմեն Զատիկյանն այլ մոտեցում է դրսևորում, նոր ու հետաքրքիր:



Ահա թե ինչ է ինձ գրում. « Բոլոր այս փախածները, որպես կանոն Արևմուտքում բնակության կարգավիճակ են ստանում, որպես «քաղաքական հալածյալներ», բնականաբար՝ սուտ սարքված «քեյսերով», սակայն քաղաքականությունից փախնում են հազար մղոն հեռու: Այս բոլորի մասին պետք է բարձրաձայնել, սա մեկից ավելի հոդվածների թեմա է, ի՞նչ կարծիքի ես...» Հարցն անսպասելի ու արդիական է: Փորձում եմ այն պարզեցնել: Փախստականի աչքերով համարենք Հայաստանը աքսորավայր է, որտեղ մարդիկ սովից եղունգ են կրծում, հալածվում, արհամարհվում են: Նրանք փախչում են, այնտեղ թողնելով իրենց հարազատներին: Հաջորդ քայլը ի՞նչ պիտի անեն: Հաց ստանալ ու լռե՞լ… Տաք տեղ գտնել ու տաքանա՞լ… Ո՛չ, պետք է բարձրաձայնել, պետք է գոռալ ցավից, պետք է գոնե ձայն հանել, չէ՞ որ այն կրակից, որ դու փախել ես, նույն կրակի մեջ ես թողել հարազատներիդ: Այդ առումով քաղաքական գործչի զայրույթը խորն է. «Ա՛յ սա պետք է լինի մեր հիմնական գործը, ի՞նչ է նշանակում Հայրենիքից հարկադրաբար հեռանալ ու նրա փրկության համար դրսում ոչինչ չանել: Բոլոր այս կարգի մարդիկ, պետք է մեկ առ մեկ պիտակավորվեն, որպես «թռածներ»...» Միայն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած ուղևորների թիվը կազմել է 97 հազար: Այս տվյալը հրապարակել է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը: Սա ողբ է, երբ ավելի շատ հայ ունենք դրսում, քան ներսում: Փախնենք բոլորս ու լռե՞նք… Սփյուռքը պետք է ձեռք մեկնի ու կանխի արտագաղթը: Ձեռք մեկնի տիրոջ իրավունքով: Սա է Արմեն Զատիկյանի մոտեցումը: Քաղաքական գործիչը գրում է. «Բոլոր նրանք, ովքեր ապրում են Սփյուռքում, ամբողջ օրը շուրջները տեսնում են փախած «փրկվածների» մի տեսակի, որոնք ամբողջ օրը «օրոճում» են, բլոտ խաղում ու Թաթա լսում: Սրանք մի օր պետք է պատասխան տա՞ն, թե՞ ոչ: Մեր նախնիները այն կոչել են ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ, իրենց մայրը հիվանդ է, եթե ճարահատյալ նրան թողել փախել են, ուրեմն պետք է «ճար» անեն իրենց մորը փրկելու համար, իսկ եթե չեն անում, դրա համար մասսայաբար պատասխան պետք է տան»: Իսկ ճարը նրան մուրացկանի տեղ դնելն ու դոլարով օգնելը չէ: Ճարը, Արմենի բառերով այլ բան է. »Որքա՞ն կարելի է սեփական Հայրենիքում խաչի հանված ժողովրդի վիճակն անտեսել, կրավորական կեցվածքով, լռելայն ու սահուն անցնել «հայրենի իշխանությունների» հայատյաց գործողությունների կողքով: Մի՞թե Հայաստանը միայն այդ հողի վրա ապրողների հայրենիքն է...»: Ինձ հատկապես հուզեց Զատիկյանի » մահացող Հայաստան» տերմինը, որովհետև մեր իշխանական կուսակցությունները երկիրը համարում են ծաղկող, փթթող, բարգավաճող, օրինաց…

Հասմիկ Բաբաջանյան