Համակարգի պահապանները

Համակարգի պահապանները
Առաջիկա ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Դրանց շուրջ շրջանառվող լուրերում գերակշռում են թեկնածուների մասին կռահումները: Կարելի է պնդել, որ լայն հասարակությունը հիմնականում անտարբեր է այդ խաղերի նկատմամբ: Ինչո՞ւ: Պատճառները, անշուշտ, բազմաթիվ են, սակայն պատճառների շարքում կա մեկը, որը գերակայում է մյուսների նկատմամբ, այն է՝ հայաստանյան «քաղաքական» կյանքում անձերի, ուստի նաեւ մոտեցումների ու գաղափարների փոփոխություն չի նկատվում, չնայած հասարակությունը գիտակցում է դրա անհրաժեշտությունը: Նույն մարդիկ նույն խաղն են խաղում արդեն քանի տարի:



 



«Քաղաքական» կոչվող դաշտը խիստ կարծրացած է, դինամիզմից զուրկ: Այն նաեւ անմատչելի ու անհասկանալի է լայն հասարակությանը՝ ամրացված պահապանների մի ստվար զանգվածով: Համակարգի պահապան այդ շարասյան մեջ ուս-ուսի տված՝ առայսօր կանգնած են եղել թե իշխանության, թե ընդդիմության առաջատար ներկայացուցիչները: Նրանք ոչ մի դեպքում չեն ուզում հանձնել համակարգի միջնաբերդը եւ միասնաբար, յուրաքանչյուրն ըստ իր կարողության ու իմացած ձեւերի, նետահարում է նույնիսկ հեռվում երեւացող ամեն մի ասպետի, թեկուզ այդ ասպետն իր գլխավերեւում ծածանի սրբազան գաղափարների դրոշը:



 



Պահապան շարասյան ներկայիս հրամանատարներն են. Սերժ Սարգսյանը՝ իշխանություններից (գլխավոր հրամանատար), Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ընդդիմությունից, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ...չգիտես որտեղից, իսկ վերջերս շարքերն ամրացել են Գ. Ծառուկյանի հուժկու ֆինանսական բազուկներով եւ «քաղաքական» դերասանների իր վաշտով: Շարասյան համար հոգեւոր սնունդ եւ կենսունակություն են ապահովում կուսակցություններն ու տարբեր տեսակի գործիչներ: Նրանց հիմնական խնդիրը ինտրիգների տեսարաններ բեմադրելն է ու հասարակությանը հիմնական խնդրից` կտրուկ փոփոխություններից, հեռու պահելը:



 



Պահապանների մեջ քաղաքական դեմքը միայն Տեր-Պետրոսյանն է, որը, սակայն, երբեմն, հասկացված լինելու համար, իջեցնում է իր մակարդակը` տրվում ինտրիգների: Միայն նրա խոսքում կարող ես լսել քաղաքական վերլուծություն եւ գաղափարներ: Նրա դերը ընդդիմության կողմից որեւէ այլ առաջնորդի աճը կանխելն է: Նա այնպիսի ճշտությամբ ու ջանասիրությամբ է կատարում իր դերը, որ նույնիսկ հարազատ զավակից` ՀԱԿ-ից, թույլ չտվեց մեկ այլ քաղաքական դեմքի աճ:



 



Սերժ Սարգսյանը, որը գավառական գործչի սահմանափակվածությունից այդպես էլ չձերբազատվեց, պետք է շարունակի ու պահպանի երկրում ձեւավորված ասիական վայրենի համակարգն ու ապահովի իշխանափոխության շարունակականությունն իր շրջապատի եւ «ղարաբաղյան» կոչվող խմբավորման համար: Նա հասարակությանը պետք է վարժեցնի, որ վաղը գալու են համակարգի առաջնորդների զավակները:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավոր հրամանատարին խիստ անհրաժեշտ մարդ է: Նրա հիմնական դերը արեւմտյան կողմնորոշման  մարդու պատրանք ստեղծելն է եւ միջնաբերդի այդ կողմը պահպանելը: Իր պարտականություններն անթերի կատարելու համար նա գլխավոր հրամանատարից անընդհատ ընծաներ է ստանում` խորհրդարանի տեղերի տեսքով: Եվ վայելում է միամիտ մտավորականների խավի համակրանքը:



 



Պահապանների մեջ իր ակտիվությամբ աչքի է ընկնում Ծառուկյանը: Ժամանակին, երբ նա նախաձեռնեց իր «կուսակցության» ստեղծման գործը, կային մարդիկ, որոնք կարծում էին, թե այն ստեղծում է՝ իր բիզնեսը «ղարաբաղցիներից» պաշտպանելու համար: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, ճիշտ հակառակն էր՝ նա եկավ համալրելու համակարգի պահապանների շարքերը:  Քաղաքականությունից հեռու, սակայն ինտրիգների վարպետ այդ մարզիկը, որի քաղաքական միտքը կարելի է ներկայացնել մեկ նախադասությամբ՝ «Լավ է, որ լավ լինի», բրոունյան շարժում է կատարում. կարող է հայտնվել ցանկացած տեղ, ցանկացած դերով ու անհայտ ու անհասկանալի ձգտումներով: Նրա հիմնական երկրպագուները ստորին ընկալումներ ունեցող խավերն են, որոնք սպասում են մեկ-երկու արծաթի` մի քանի օր եւս իրենց թշվառ վիճակը երկարացնելու համար:



 



Շարասյունն անընդհատ հասարակության ուշադրությունը շեղող խաղերի մեջ է: Այդ զինախաղերը կանխարգելիչ բնույթ ունեն: Պահապան շարասյան հրամանատարները վախենում են` հանկարծ ու մեկն անսպասելիորեն չմոտենա միջնաբերդի մատույցներին: Եվ որքան էլ ամուր կանգնած լինեն իրենց տեղերում, երկյուղում են միայն մեկ` հեղափոխության ասպետից, որի զրահն այնքան ամուր կլինի, երթն այնքան սրընթաց, որ նրա հայտնվելուն պես համերաշխ հակառակորդն անակնկալի կգա ու ցաքուցրիվ փախուստի կդիմի: Այդ ժամանակ նրանք կկորցնեն ամեն ինչ, իսկ նրանք կորցնելու շատ բան ունեն:



 



Գլխավոր հրամանատարն իհարկե կկորցնի ամենաշատը՝ ամեն ինչ: Հասարակությունը, բնականաբար, գիտի Ս. Սարգսյանի կորցնելիքի միայն մի մասը, իսկ ինչե՜ր ի հայտ կգան հետո՝ միայն Բարձրյալը գիտի:



 



Ր. Հովհաննիսյանը կկորցնի մոլորակի մի անկյունում իր տաքուկ տեղը, եւ, որ ավելի սարսափելի է, նա իր ողջ էությամբ կկանգնի հասարակության առջեւ, եւ կպարզվի, որ այսքան ժամանակ քաղաքականապես մերկ է եղել:



 



Ծառուկյանը, լինելով համակարգի արգասիք մեկ այլ համակարգում, հավանական է դառնա սովորական մի գործարար ու գուցե իր դղյակը հանձնի հասարակությանը՝ հանրօգուտ ինչ-որ կառույց դարձնելու համար: Վախենալու է, չէ՞:



 



Ամենաքիչ կորուստը կունենա Տեր-Պետրոսյանը: Նա ավելի շատ կգտնի: Նա կկորցնի իր շրջապատը, որն ամեն առիթով նրան ստիպում է առաջ գնալ, որպեսզի իրենք էլ հետեւեն նրան, բայց վերջապես կգտնի իր հանգիստն ու անդորրը:



 



Համակարգի պահապանների շարասյունը կազմ ու պատրաստ դիմավորում է առաջիկա ընտրությունները, բայց միասնական կմնա՞ արդյոք, ժամանակը ցույց կտա: Պահապաններից գոնե երեքը, այս կամ այն կերպ, հայտարարել են առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին: Բայց դե, վերջին խոսքը գլխավոր հրամանատարինն է, իհարկե:



 



Իսկապես զավեշտալի վիճակ է՝ նրանցից ցանկացածի հաղթանակի դեպքում հասարակության ու պետության անկումը կանգ չի առնի, քանի որ համակարգը կմնա նույնը: Դե ուրեմն ժամանակն է մերժել արատավոր համակարգի պահապանների վտանգավոր նկրտումները եւ անվախ դիմավորել հեղափոխության ասպետին:



 



Դավիթ ՄԵՍՐՈՊՅԱՆ