Ով քանի մեխ է խփել Թերլեմեզյանում

Ով քանի մեխ է խփել Թերլեմեզյանում
Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ առաջացած խմորումները դեկտեմբերի 14-ին կհանգուցալուծվեն, երբ խորհրդի կողմից վերջապես կընտրվի քոլեջի տնօրենը: Իսկ մինչ այդ Թերլեմեզյանի խնդրով մտահոգ նախաձեռնող խմբի հավաքները շարունակվում են:



 



Նախօրեին Նկարիչների միությունում տեղի էր ունեցել եւս մի հավաք, որին այս անգամ մասնակցում էին միայն Թերլեմեզյանի դասախոսներն ու ուսանողները. վերջիններս առավոտյան ուսումնարանում թռուցիկներ էին բաժանել հանդիպման վայրի եւ ժամի մասին, որպեսզի չվախենան եւ գան: Պարզվում է՝ վախենալու բան կա: Ինչպես տեղեկացանք նախաձեռնող խմբից, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը սադրանքների է գնում, մասնավորապես ահաբեկում է ուսանողներին՝ «Ֆեյսբուքում» գրառումներ անելու, բողոքի ակցիաներին եւ ստորագրահավաքներին մասնակցելու համար: Անգամ դեպքեր են եղել, երբ թե ուսանողներին եւ թե նախաձեռնող խմբի անդամներին կանչել են ոստիկանություն, պատճառը Թերլեմեզյանի ֆեյսբուքյան էջի հետ է կապված, որին այսօր մոտ 1800 օգտատեր է միացել, եւ որտեղ պարբերաբար տեղադրվում են ժողովների մասին ծանուցումներ, տեղի են ունենում քննարկումներ: Իսկ ուսանողները ոստիկանություն են կանչվում, քանի որ ԺՊ-ի կողմից բողոք է գրվել, թե այդ էջում ապօրինի գործունեություն է ծավալվում եւ ապօրինի տեղեկատվություն է դրվում:



 



Նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Պողոսյանի խոսքերով, ոստիկանության փոխարեն հիմա էլ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից են զանգահարում եւ ծնողներին ասում, որ նշված օրը, նշված ժամին իրենց երեխայի հետ ներկայանան ոստիկանություն՝ բացատրություն գրելու համար: Բացի այդ, ըստ Գեւորգ Պողոսյանի, Մնացականյանը կոնկրետ սադրանքների է գնում՝ պայքարի մեջ ներգրավված դասախոսներին եւ ուսանողներին իրար դեմ է փորձում սրել, իսկ իրեն հավատարիմ ծառայողներին պարգեւատրում է, մասնավորապես այն դասախոսներին, ովքեր գնացել էին նախարարության մոտից ուսանողների բողոքի ցույցը ցրելու, փոխտնօրեններ է նշանակել:



 



Այդուհանդերձ, դե յուրե ոչ մեկին ԺՊ-ն աշխատանքից չի հանել, 2 հոգի իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Մյուսների հետ նա այլ կերպ է աշխատում, մասնավորապես դասախոսներից մեկին` Լաուրա Սուքիասյանին, 2 նկատողություն է տվել, ինչը, ըստ Աշխատանքային օրենսգրքի, ենթադրում է, որ 2 նկատողությունից հետո պետք է հաջորդի աշխատանքից ազատելու հրամանը: Բայց Սուքիասյանն ինքն է դատի տվել Աննա Մնացականյանին՝ ապօրինի նկատողություն անելու համար: «Ինքը մամուլում անընդհատ հայտարարում է, որ 10-15 հոգի է իր դեմ բողոքում, չնայած որ 850 հոգի միայն նախարարի նամակի տակ է ստորագրել, որից 300-ն ուսումնարանի ուսանողներն են, 20 էլ՝ դասախոսներ»,- նշեց Գեւորգ Պողոսյանը՝ ավելացնելով, որ ժողովի ժամանակ ներկաներն անդրադարձել են նաեւ Ալվարդ Պետրոսյանի այն հայտարարությանը, որ եթե որեւէ մեկը կարող է ասել, որ բացի իր որդուց, իրենից ու հարսից Թերլեմեզյան ուսումնարանում որեւէ մեկը մեխ է խփել պատին, ինքը հրապարակավ ներողություն կխնդրի. «Նախաձեռնող խումբը բաց նամակով դիմել է Ալվարդ Պետրոսյանին, որպեսզի նա ներողություն խնդրի, քանի որ մեխ խփողներ շատ են եղել ուսումնարանում, նամակի տակ մոտ 30 դասախոս է ստորագրել, չնայած նախաձեռնող խումբը նույնպես կստորագրի: Այս ամեն ինչն արվում է նաեւ բոլոր այն մարդկանց անունից, ովքեր առհասարակ ինչ-որ մեխ ունեն խփած այդ քոլեջում»:



 



Նախաձեռնող խումբը, հիմա արդեն ում էլ նշանակեն, համաձայն է, Աննա Մնացականյանից բացի, չնայած նրան, որ թերլեմեզյանականների թեկնածուն Դավիթ Դավթյանն է, բայց թերլեմեզյանականները դրական են տրամադրված նաեւ երրորդ թեկնածուի ՝ Արմեն Հարությունյանի հանդեպ, ով թեեւ «Հայբուսակ» համալսարանի դասախոս է, բայց կարեւորը՝ սովորել եւ ավարտել է Թերլեմեզյան քոլեջը: