Զգույշ, չգժվես

Զգույշ, չգժվես

«Կենդանի ձուկը լողում է հոսանքին հակառակ,սատկածը քշվում է հոսանքով»





              Վերջ, համբերել, առավել եւս դիմանալ այլեւս հնարավոր չէ, հիմա խորը շունչ կքաշեմ, դեմքիս անհոգ արտահայտություն կտամ, դուրս կգամ ընդհանուր միջանցք եւ հանգիստ կհայտարարեմ, որ… ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԻԺ ԵՄ: Ձեր նման մի գիժ եմ, էլի, ձեր եղբայրն եմ, խոսում եմ ձեր լեզվով ու ձեր նման, քայլում եմ ձեր նման, ուտում եմ ձեր նման, մի խոսքով, էլ ձեզնից ոչնչով չեմ տարբերվում: Գոնե այսքանից հետո ինձ հանգիստ կթողնեն, հնարավոր է միանգամից չհավատան, ինչպես չհավատացին իմ նախկին հարեւանին եւ շարունակեցին հալածել այնքան, մինչեւ որ խեղճը իսկապես խելքը թռցրեց եւ հիմա գժից էլ գիժ է: Բայց իմն ուրիշ է: Ես այլեւս անկարող եմ դիմադրել, ախր ես շատ վաղուց եմ այստեղ, այնքան վաղուց, որ հիմա կոնկրետ չեմ էլ հիշում, թե ոնց հայտնվեցի այստեղ, հիշում եմ բոլոր գլխավոր բժիշկներին, բոլորին էլ փորձում էի համոզել, որ ես ԳԻԺ ՉԵՄ, բայց ապարդյուն: Յուրաքանչյուր «գլխավոր» ինձ փոխանցում էր հաջորդին, երեւի ասելով՝ «պինդ է, բայց անհույս չի, մի օր անպայման կկոտրվի ու կընդունի իր գժությունը...»: Բայց ես դեռ դիմանում եմ, ժամանակին մտածում էի փախչել հարեւան գժանոցներ, նրանցից մեկը վերջերս դիսպանսեր է դարձել. հիմա էնտեղ ազատ ելումուտ կա, բայց իմ հիմար խելքից կապվել էի էստեղի կյանքին ու հարեւաններիս, խղճում էի նրանց, հույս տալիս, որ մի օր էլ մեր մոտ դիսպանսեր կդառնա, կամ գուցե ընդհանրապես գժանոցը փակվի:





              Էստեղ ինչ տիպի գիժ ասես կա: Հարեւանս, օրինակ, անընդհատ ինձ համոզում է, որ ձեւ անեմ, թե իսկապես գժվել եմ, ու հանգիստ ապրեմ: Չնայած պնդում է, որ ինքն իսկապես գիժ է: Էս վերջերս Նապոլեոն է խաղում, բայց ես նրան հիշում եմ  Լյուդովիկոսների «տարբեր ժամանակներից»: Մի օր չդիմացա ու, նրա բացակայությունից օգտվելով, փորփրեցի պահարանը. ինչ ասես կար՝ սկսած Լենին պապու ժամանակվա պլակատներից ու Լյոդովիկոսների կեղծամներից մինչեւ նապոլեոնական գլխարկներ: Դե պարզ է՝ դա ինձ վրա էժան չնստեց, մինչեւ հիմա ամեն անգամ հիշելիս ջարդված քիթս ցավում է, ախր էդ գժերը շատ ուժեղ են: Բա դիմացիս պալատի հարեւանը. ժողովրդի ասած՝ իրեն դրել է միամիտի տեղ՝ վանքի հավերն է ուտում, ամեն օր համոզում է, որ գիժ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, ինչ եմ կպել, «թե գիժ չեմ ու վերջ»: Էլ չեմ ասում միջանցքի սկզբի պալատների բնակիչների մասին, այ, դրանք վտանգավոր են, ամեն անգամ ինձ տեսնելիս գոռում-գոչյունով հարձակվում են վրաս ու սկսում անխնա ծեծել, հայհոյել, մինչեւ անգամ ոտքերս են կծոտել տուզիկ շների նման. դրանցից պրծում չկա: Փրփրած բերանով իրար հերթ չտալով՝  ծեծում ու գոռում են՝  «ասա, որ գիժ ես, ասա, որ գիժ ես»: Ստիպված ասում եմ, որ գիժ եմ, որ հանգիստ թողնեն:





Լսելով բաղձալի պատասխանը՝ վազում են տերերի մոտ, դե նրանց, էլի, որ սրանց գժանոցում տիրություն են անում, որ հարեւան գժանոցների գժերը չնեղացնեն, ու վայելքից ոռնալով գոռում՝ «նա էլ գժվեց, մի գիժ էլ ունենք»: Դե, տերերն էլ, իրար հրմշտելով, վազում են նրա մոտ ու շտապում թուքները կուլ տալով զեկուցել, որ ես արդեն գժվել եմ: Հա, մոռացա ասեմ, որ «նա»-ն գեներալն է. նրան այստեղ բոլորն այդպես են կոչում: Ազդեցիկ դեմք է, նույնիսկ գլխավոր բժիշկն է հարգանքով խոսում: Բազմում է անդամալույծի մաշված սայլակին, որը վերջերս նրա շակալները խլեցին մի խելոք գիժ-վետերանից, որն ամեն օր պատմում էր, թե ինչպես է Հիտլերին ապտակել մի քանի անգամ, տարբեր թվականներին, եւ սիգար ծխելով լսում է իր հավատարիմների շնչակտուր զեկույցները, օրինակ, այսինչն էլ երկրորդ մասնաշենքից գժվեց, շեֆ ջան, ես եմ գժվացրել, նրան ընդհատում է մեկ ուրիշը, թե «չէ, չէ, շեֆ ջան, ես եմ գժվացրել, իմ ականջը քորի»: Ծիծաղս հազիվ եմ զսպում, գլուխս հանում եմ սենյակից ու գոռում. «Այ դալտոնիկներ, ես կարմիր գույնը տեսնում եմ, ու գիժ ՉԵԵԵԵԵԵԵՄ», իսկույն հաջորդում է լուտանքների տարափը ու ցավից կաղկանձի ձայնը. դա գեներալն է աքացիներով պատժում անբաններին:





              Այսօր էլ… նայում եմ գեներալի դեմքին, անխռով նստել ու լսում է՝ մերթընդմերթ հավանություն տալու համար փնչացնելով հավատարիմներից մեկի զեկույցը, թե երեկ ինչպես են համոզելով խլել վերեւի հարկի ծեր գիժ-նկարչի հենակները, միայն թե վախենում են, որ սա բողոքի գլխավոր բժշկին: Գեներալը մի պահ խոժոռվեց, հետո ծանր-ծանր նետեց՝ «մի բան կանեմ»: Բայց դեմքի խոժոռությունը չանցավ, հաստատ մտքում երեկվա միջադեպն է վերլուծում, հա, հաստատ էդպես է, նույնիսկ  դեմքը բարկությունից շառագունեց, երեկ կաս-կարմիր էր կտրել: Դա նրա համար ծանր հարված էր, խայտառակ լինելու նման մի բան: Նույնիսկ ես էի զարմացել, որ այստեղ տեսել եմ շատ-շատ ավելի գժական բաներ:





              Երեկ նոր հիվանդի բերեցին, վտիտ մի երիտասարդ էր, ժամանակից շուտ ճերմակած մազերով, հագին զինվորական տաբատ էր ու մաշված երկարաճիտ կոշիկներ, ուսերին հնաոճ պիջակ, երեւի աղբանոցից էր գտել, այտերը սափրված չէին, աչքերն էլ փայլում էին գժի աչքերի պես, չնայած հիմա եմ հասկանում, որ ուղղակի քաղցած էր: Սա մտավ ներս, կանգնեց ընդհանուր միջանցքում, հեռուստացույցի մոտ ու հայտարարեց. «Ես գիժ չեմ»: Ամեն ինչ մի պահ կարծես թե քարացավ, դիմացիս հավակերը թողեց օրացույց ուսումնասիրելը, զարմանքով նայեց նորեկին, հետո ինձ, երեւի մտքում համեմատեց մեր կազմվածքը՝ ենթադրելով, թե վերջինս ինչքան երկար կդիմանա, որպես չափանիշ վերցնելով իմ փորձը: Իսկ այդ ժամանակ նորեկն արդեն տեղավորվել էր բազմոցին, գեներալի հարեւանությամբ, եւ հեռուստացույց էր դիտում:





Լռությունը խախտվեց գելխեղդների ու շակալների գռմռոցից, որոնք սպասում էին տիրոջ հրամանին, վերջինս, սիգարը ծամծմելով, լուռ ուսումնասիրում էր նորեկին. աչքերը հառելով մաշված զինվորական կոշիկներին՝ ատամների արանքից հեգնանքով  նետեց. «Էս ո՞ր մի գզվռտոցից ես դուս պրծել, հը՞»: «Կարգին կռիվ էր, համ էլ դու դժվար թե հիշես, շատ շուտ է եղել»,- չուշացավ պատասխանը, որն անհավատալի լկտիություն էր գժանոցի ընդունված կարգերով: Մոտակա մի ժամը ինձ լրիվ ծանոթ տարբերակով էր զարգանում՝ գռմռոցներ, հայհոյանք, ջարդվող կահույքի ու աթոռ-սեղանի ձայներ եւ անպակաս «ասա գիժ եմ»-ը :





              Ի զարմանս բոլորի, նորեկը բավականին պինդ տղա դուրս եկավ, կարողացավ մի քանի րոպե դիմադրել, իսկ մնացած ողջ ծեծի ընթացքում լուռ մնաց, նույնիսկ չհայհոյեց, մենակ մերթընդմերթ տնքում էր: Վերջապես գեներալի ձեռքի նշանով ծեծը դադարեցվեց: Նորեկին դույլի միջի կեղտաջրով ուշքի բերեցին եւ ծնկաչոք կանգնեցրին գեներալի առաջ: Մի փոքր առաջ գալով՝ գեներալը նոր, դեռ չծամծմած սիգարի կոթով հպվեց նորեկի ծնոտին եւ վեր բարձրացնելով՝ հարցրեց.





- Դու գոնե գիտե՞ս, թե ես ով եմ:





- Իհարկե գիտեմ,-  պատասխանեց նորեկը՝ դանդաղորեն բարձրանալով,- ես եւ եղբայրներս ժամանակին Ձեր զինվորներն ենք եղել:





- Իսկապե՞ս, բա ինչի՞ շուտ չասացիր, այ տղա,- արագ-արագ վրա տվեց գեներալը եւ հետո, դառնալով ամենամոտ կանգնած քծնողներից մեկին, հրամայեց.





- Հենց հիմա խմելու բան բեր, աթոռ տվեք՝ թող նստի,- ապա ավելացրեց:- Տղաս, իսկ ե՞րբ եք իմ մոտ ծառայել:





- Պատերազմի ժամանակ,- հետեւեց պատասխանը, որը բավականին չոր էր:





- Աաաաա, ուրեմն կհիշես էն փառապանծ օրերը, իմ հաղթանակները, հը՞,- հարցրեց գեներալը:





- Ձեզ հիշում եմ այն ժամանակներից, երբ մեր մոտ, գյուղում, հայրենասիրական ճառերով ստիպում էիք ջահելներին զինվորագրվել, խոստանում էիք մեկ-մեկ բոլորին վերադարձնել իրենց տները, երբ պատերազմն ավարտվի, նրանց հետ կիսել պատերազմի բոլոր դառը եւ ծանր օրերը, հայրություն անել եւ մի վայրկյան իսկ աչքից բաց չթողնել: Ու մի օր էլ, երբ դու («դու»-ի վրա գեներալը շրթունքը կծեց, բայց չնկատեց) հարեւան գյուղում ճառից հետո ոտքերիդ տակ մորթած գառն էիր ուտում, բերին եղբորս դին. դու նրան ու էլի շատերին աչքաթող էիր արել: Հետո, նրա վրեժը հանելու համար, պատերազմ գնացինք ես եւ մյուս եղբայրս: Արդյունքում նա անդամալույծ դարձավ, ես՝ հաշմանդամ:





              Կարծես թե այդ խոսքերից հետո ներկաները նկատեցին, որ նորեկի ձեռքի մատները չկան:





-         Դե նա խելքը գլխին է, թեկուզ եւ հաշմանդամ, բայց պարզ բան է, որ նրանից վնաս չկա, իսկ ես էլի եմ ասում՝ ԵՍ ԳԻԺ ՉԵԵԵԵԵԵԵՄ:





Նրա գոռոցը ցնցեց  օդը, եւ չգիտեմ, թե հաջորդ պահին ինչ կլիներ, եթե շնչակտուր ներս չվազեր Լյուդովիկոս 18-րդը եւ գեներալին կիսաձայն չասեր, որ գլխավոր բժիշկն է գալիս: Բոլորը մկների նման այսուայն կողմ փախան, սենյակում մնացին գեներալը, նրա ամենամոտիկ օգնականները եւ նորեկը:





Գլխավորը ներս մտավ իր շքախմբով եւ կանգ առավ, ակնհայտ էր, որ նման տեսարանի նա չէր սպասում: Մի քանի վայրկյան անց սթափվելով՝ դեմքին ժպիտ սվաղեց եւ, մոտենալով նորեկին, հարցրեց.





- Օօօօօ, տեսնում եմ քո մոտ ամեն ինչ լավ է,- ապա, դառնալով գեներալին, հարցրեց,- հը, ի՞նչ կասեք, ո՞նցն է:





- Սա գիժ չէ,- փնչացրեց գեներալը,- ի՞նչ գործ ունի սա մեզ մոտ, գժանոցի փողերն աննպատակ հո չե՞նք վատնելու, տարեք սրան էստեղից:





- Ափսոս,- գլուխը տարուբերեց գլխավորը,- դե որ ասում եք՝ կտանենք:





              Եվ նշան արեց ուղեկցող բժիշկներից երկուսին, որոնք մտան նորեկի թեւատակերից եւ քարշ տալով՝ տարան: Դռների մոտ նորեկը շրջեց գլուխը եւ նայեց իմ ուղղությամբ: Նա նայում էր ինձ այնպիսի հայացքով, որ կարծես թե ինձ իսկապես տեսնում էր, թեեւ ես թաքնված էի իմ դռան հետեւում եւ ամենին հետեւում էի հաստ փոքր ապակու ետեւից: Ես որսացի նրա շրթունքների շարժը, եւ ինձ թվաց, թե նա պարզ ասում է. «Զգույշ, չգժվես, դիմացիր»: Այո, այո, հաստատ դա էր ասում՝ «զգույշ, չգժվես»:





              Ու հիմա այսօր ես որոշել եմ հագնել այդ հիմար ու անդուր ընդհանուր գժանոցային համազգեստը, որ այսքան ժամանակ այդպես էլ չկարողացան ստիպել, որ ես հագնեմ, պատռեմ եւ լցնեմ զուգարանը իմ այս օրագիրը եւ, դուրս գալով միջանցք, հայտարարեմ. «Ես նույնպես գիժ եմ»:





              Ես չդիմացա ու համաձայնեցի գժվել:





ԱՌՈԼ