Ալեն Դելոնն ու կաթողիկոսը

Ալեն Դելոնն ու կաթողիկոսը
Այսօր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին:Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ կատարել նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքն է  հայտնել  նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար:

Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացել հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին: