Ճամփաբաժանին

Ճամփաբաժանին
Անցնող 2012 թվականին Հայաստանի շուրջ եւ հայկական շահերին առնչվող արտաքին քաղաքական զարգացումներն առանձնապես նպաստավոր չէին: Միաժամանակ, գործընթացները ցույց տվեցին, որ իշխանությունը չունի որոշակի արտաքին քաղաքական հայեցակարգ եւ, ընտրությունների միջոցով կրկին վերարտադրվելու հրամայականից ելնելով, վարում է բացառապես այդ խնդրի իրագործմանն ուղղված արտաքին քաղաքականություն:



 



 



ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓԱԿՈՒՂԻ



 



2012-ը նշանավորվեց ղարաբաղյան կարգավորման գործընթացում բանակցային փակուղու ստեղծմամբ: Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը, պաշտոնական Բաքվի հաջող լոբբինգի արդյունքում, տեղափոխվեց Ադրբեջան եւ ոչ միայն ազատություն ստացավ, այլեւ «հերոսացվեց»: Հերթական անգամ ի հայտ եկավ Հայաստանի արտգործնախարարության փաստացի անգործությունը, թեպետ Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները մինչեւ ստահակի Բաքվում հայտնվելը բազմիցս եւ հրապարակավ տեղեկացնում էին պաշտոնական Երեւանին, որ Ադրբեջանն ինտենսիվ աշխատում է Սաֆարովին ետ ստանալու ուղղությամբ: Որպես տեղի ունեցած ակնհայտ դիվանագիտական պարտության հետեւանք, իշխանությունները, ինչ-որ բան արած լինելու համար, կասեցրին դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Եվ, չնայած տարբեր եվրաչինովնիկների դատապարտումներին ու ափսոսանքներին, պարզվեց, որ չկա որեւէ իրավական մեխանիզմ` մարդասպանին կրկին ճաղերի ետեւ ուղարկելու համար:



 



Բնականաբար, տեղի ունեցածը չէր կարող չազդել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, եւ Սաֆարովի հանձնումից հետո բանակցություններն ակնհայտորեն մտել են փակուղի: Հայաստանը, սակայն, բավարար վճռականություն չցուցաբերեց առհասարակ բանակցային գործընթացը դադարեցնելու եւ գոնե այդ միջոցով միջնորդների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին հարկադրված լինեն ճնշել Բաքվին: Դա սկզբունքորեն միակ ելքն էր Սաֆարովին կրկին ճաղերի ետեւում տեսնելու, բայց պաշտոնական Երեւանը, թերեւս գիտակցաբար, ձեռքից բաց թողեց շանսը: Կարճ ժամանակ անց համանախագահների եւ արտգործնախարարների միջեւ հանդիպումների ձեւաչափը վերականգնվեց, սակայն նախագահների հանդիպումների մասին խոսք չի գնում: Սկզբունքորեն դրա անհրաժեշտությունը չկա էլ:



 



Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն արդեն հերթական նախագահական ընտրությունների նախընտրական ցիկլի մեջ են, եւ կարգավորման գործընթացի շուրջ բոլոր հայտարարություններն ունեն բացառապես նախընտրական նշանակություն: Ըստ այդմ, մինչեւ 2013-ի կեսերը բանակցային գործընթացն ունենալու է իմիտացիոն բնույթ, ինչը համանախագահներն ու արտգործնախարարները կարող են ապահովել նաեւ առանց նախագահների մասնակցության:



 



ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ



 



Սակայն արտաքին քաղաքական զարգացումների հիմնական վեկտորը անցնող տարվա ընթացքում Հայաստանի համար նոր «միութենական» այլընտրանքի ի հայտ գալն էր: 2011-ի վերջին, Ռուսաստանում նախագահական ընտրություններից առաջ, Վ. Պուտինը հրապարակ բերեց Եվրասիական միության ստեղծման գաղափարը, որի ձեւավորումը Կրեմլը տեսնում էր «ԵվրազԷՍ»-ի, ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության հիման վրա: Եվ քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է, իսկ «ԵվրազԷՍ»-ում ունի դիտորդի կարգավիճակ, Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես ապագա Եվրասիական միության անդամության թեկնածու:



 



Պաշտոնական Երեւանն առաջին ամիսներին պարզապես խուսափում էր Եվրասիական միության թեմայով որեւէ դիրքորոշում արտահայտելուց, թեպետ գաղափարը շրջանառության մեջ էր նաեւ քաղաքական դաշտում, եւ տարբեր կուսակցություններ սկզբունքորեն դրական դիրքորոշում արտահայտեցին այդ հեռանկարի կապակցությամբ: Մոսկվայի կողմից ճնշման աճին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները փորձեցին փակել թեման, երբ գործող վարչապետը հայտարարեց, թե Հայաստանն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում չի կարող անդամակցել եռյակի մաքսային միությանը, հետեւապես` նաեւ Եվրասիական միությանը: Սակայն տարվա երկրորդ կեսից կա Մոսկվայի ճնշմանը տեղի տալու միտում:



 



Մասնավորապես, նույն Տիգրան Սարգսյանն արդեն մի քանի անգամ սրբագրել է իր հայտարարությունները, մերթ հայտարարելով, թե Հայաստանն աշխատանքային խմբի շրջանակներում փորձում է ճշտել Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության հետ համագործակցության ձեւաչափն ու հեռանկարները, մերթ էլ կարծիք է հայտնում, թե Եվրասիական ինտեգրացիան չի խանգարում Հայաստանի եվրաինտեգրմանը: Անշուշտ, Հայաստանի հայտնվելը Եվրասիական միության մեջ անցանկալի զարգացում է Արեւմուտքի համար: Այդ իսկ պատճառով վերջին տարվա ընթացքում Եվրամիությունից Հայաստան այնքան այցեր եղան (այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահի մակարդակով), որքան անցած մի քանի տարում: Սակայն, միաժամանակ, Եվրամիության ներքին խնդիրները, տնտեսական ճգնաժամի նոր ալիքը, դրան գումարած իրական բարեփոխումների բացակայությունը Հայաստանում, ինչպես նաեւ ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, եվրաինտեգրման լուրջ հեռանկար չեն խոստանում:



 



Եվրաչինովնիկները, եթե անգամ դրական գնահատեցին վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքը, իրականում չէին կարող չտեսնել համատարած ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի ազդեցությունն ընտրական գործընթացի վրա: Եվ եթե նախընտրեցին աչք փակել այդ իրողության վրա, այսօր չեն զլանում հնչեցնել նախագահական ընտրություններն անբիծ անցկացնելու պահանջը` որպես եվրաինտեգրացիայի հաջողության երաշխիք: Միաժամանակ, թերեւս տեսնելով, որ Հայաստանի իշխանությունները պարզապես մանեւրում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ որեւէ կողմից սեփական վերարտադրության հուսալի երաշխիք ստանալու ակնկալիքով, Բրյուսելն աստիճանաբար խստացնում է ինտոնացիան:



 



Այդպես օրերս Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչը բաց տեքստով հայտարարեց, որ եվրոպական եւ եվրասիական ինտեգրումը զուգահեռելու պաշտոնական Երեւանի հայտարարություններն անհամատեղելի են, եւ Հայաստանը պետք է ընտրի` կամ եվրոպական ինտեգրացիա` ազատ առեւտրի գոտու համապարփակ համաձայնագրով եւ վիզային ռեժիմի աստիճանական մեղմացմամբ (գուցե նաեւ՝ ասոցացված անդամի կարգավիճակ), կամ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միություն, որը նույնն է թե ընտրություն Եվրասիական միության օգտին: Այս պահանջը, փաստորեն, երկրորդվեց Եվրահանձնաժողովի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի եվրակոմիսար Ք. Էշթոնի մամլո խոսնակի կողմից:



 



Հարկ է նշել, որ Հայաստանի իշխանություններն իրենք իրենց անկյուն քշեցին` կանգնելով այսպիսի երկընտրանքի առջեւ: Որովհետեւ, եթե գործող կառավարությունն իրական բարեփոխումներ իրականացրած լիներ, ունենար երկրի զարգացման ռազմավարություն, իրատեսական, ամենակարեւորը` բնակչության մեծամասնության շահերի պաշտպանությանն ուղղված ծրագիր, ոչ մի միության դռները թակելու կարիք չէր լինի, եւ համառ «հրավերներին» էլ կարելի էր շատ հանգիստ պատասխանել. մենք պատրաստ ենք համագործակցության` մեր շահերի շրջանակում, բայց մեր անկախությունից մաս զիջելու ցանկություն չունենք:



 



Բայց երբ երկրի բնակչության մեկ երրորդը (1989-ի տվյալներով) արդեն արտագաղթել է, որից 200 հազարը` վերջին 5 տարում, իսկ մյուսները դեռ երկրում են պետական տարեկան բյուջեին համարժեք արտաքին «տրանսֆերտների» շնորհիվ, որեւէ իշխանություն չի կարող ունենալ ներքին ամրության բավարար պաշար` արտաքին ճնշումներին դիմագրավելու համար: Ընդ որում, ինչպես եվրաինտեգրման գործընթացը, այնպես էլ Եվրասիական միության հեռանկարը Հայաստանին տնտեսական իրական զարգացման լուրջ երաշխիքներ չեն խոստանում խոշոր ներդրումների, նոր աշխատատեղերի ստեղծման առումով, ինչն էլ կարող է միայն կասեցնել ահագնացող արտագաղթը: Միաժամանակ՝ ոչ իշխանությունը, ոչ էլ եվրաինտեգրման կամ Եվրասիական միության կողմնակից որեւէ քաղաքական ուժ չունի այն հարցի պատասխանը, թե պարտադրվող երկու այլընտրանքներից որի դեպքում է որոշակիացվելու Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը:



 



Այսինքն` եվրաինտեգրումը հանգեցնելո՞ւ է ԼՂՀ անկախության ճանաչմանը Կոսովոյի օրինակով, կամ Եվրասիական միության մեջ հայտնվելը կբերի՞ ԼՂՀ ճանաչմանը Ռուսաստանի կողմից, ինչպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում: Այս հարցի պատասխանը, փաստորեն, չկա, բայց պարզ է, որ 2013-ի նախագահական ընտրություններից հետո արտաքին ճնշումներն ավելի կաճեն, եւ հարկ է լինելու ընտրություն կատարել: Եթե, իհարկե, չձեւավորվի լիովին նոր իշխանություն, որը կունենա որոշակի մանեւրի դաշտ, թեպետ ներքին տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ դրա հնարավորություններն էլ առանձնապես մեծ չեն:



 



Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ