Նախախորհրդարանի հայտարարությունը

Նախախորհրդարանի հայտարարությունը

Շուրջ մեկ ամիս առաջ` 2012 թ. նոյեմբերի 20-ին, Հայաստանի երեք տասնյակ քաղաքացիներ նախաձեռնեցին ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ձևավորման գործընթացի  մեկնարկը, և որպես այդ գործընթացի նախաձեռնող խումբ` իրենց հռչակեցին Նախախորհրդարան:



 Սա պայմանավորված էր այն արձանագրումով, որ Հայաստանում առկա է պետականության գոյությանը սպառնացող բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական,  ժողովրդագրական և կառավարման` օրեցօր խորացող համակար-գային ճգնաժամ. որն իրական  վտանգ է հանդիսանում հայրենիքում բնակվող հայության ֆիզիկական գոյության համար:



 Նախախորհրդարանը համակարգային ճգնաժամի հաղթահարման առաջնային պայման է համարում արդյունավետ այլընտրանքային կառավարման ապահովումը, որին հասնելու համար հետամուտ է լինելու լուծել հետևյալ խնդիրները.









  • մշակել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ռազմավարական հայեցակարգը,


  • նախադրյալներ ստեղծել Հայաստանում և արտերկրում բնակվող համապատասխան կադրային ռեսուրսի ներգրավման համար,


  • ապահովել նոր որակի պետության ձևավորման մեկնարկի համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմնի` Հիմնադիր խորհրդարանի կազմավորումը:




 Այս խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելով, Նախախորհրդարանն արդեն անցկացրել է մի քանի լիագումար նիստ, որոնց ընթացքում մշակել է իր գործունեության կանոնակարգային ու մեթոդաբանական փաստաթղթերը, կազմավորել է ռազմավարական հայեցակարգի մշակման ոլորտային աշխատանքային խմբեր: Այդ խմբերում ներգրավվում են Հայաստանում և արտերկրում բնակվող փորձագետներ և խորհրդականներ: Խմբերի աշխատանքը զուգահեռաբար կատարվում է երկու` ռազմավարական հայեցակարգի նախագծի տեքստի մշակման և հանրային լսումների կազմակերպման ուղղությամբ: Լսումներին որպես բանախոսներ են հրավիրվում տվյալ ոլորտում հայտնի մասնագետներ և վաստակ ունեցող անհատներ: Լսումները լինելու են բաց, և հեռարձակվելու են ինտերնետային կապով:



 Արդեն կազմակերպվել է առաջին հանրային լսումը, որը նվիրված է եղել “Հայրենադարձությունը և ազգային անվտանգության մարտահրավերները” թեմային: Կարևորվում են նաև Նախախորհրդարանի արտագնա նիստերը, որոնցից առաջինը կայացել է Գյումրիում: Սկսել են նաև հանդիպումներ համակիրների հետ արտերկրում, մասնավորապես կազմակերպվել են Նախախորհրդարանի և նրա քարտուղարության անդամների հանդիպումներ Եվրոպայի մի շարք երկրներում  և ԱՄՆ-ում:



 Նախախորհրդարանի ծնունդը համընկավ Հայաստանում դասական կուսակցական քաղաքական դաշտի փլուզման հետ և սա պատահական չէր: Ներկայացուցչական ժողովրդավարության սնանկացումը պետք է ծներ անմիջական ժողովրդավարական, քաղաքացիական դաշտի անհրաժեշտ վերակազմակերպում՝ նոր ներկայացուցչական մարմինների անհրաժեշտ սաղմնավորմամբ:



 Մենք, փաստորեն, ականատեսն ենք մեր երկրի քաղաքական պատմության քսանամյա շրջանի ավարտին և նորի ծնունդին: Նախախորհրդարանը վստահ է, որ մեր ժողովուրդը հաղթահարելու է քայքայվող քաղաքական դաշտին հատուկ հեղծուկ գորշությունը, դրանից բխող հասարակական անտարբերությունն ու հուսահատությունը: Իրենց մարդկային և ազգային արժանապատվությանը տեր կանգնելու պատրաստ քաղաքացիները հանրությանը համախմբվելու են արժանի նպատակի` նոր որակի  պետության ձևավորման առանցքի շուրջ և ապահովելու են քաղաքական արատավոր շրջանից երկրի դուրսբերումը:



 Քրեա-օլիգարխիկ վարչախմբի ու նրան լեգիտիմացնող ընդդիմության վերնախավի գործակցությամբ ձևավորված ”քաղաքական” գործընթացներում՝ “նախագահական ընտրություններ” կոչվող բեմականացման մեջ ժողովրդին վերապահված պասիվ դիտորդի վիճակը ժամանակավոր  է:



 Քաղաքական թմբիրից արթնացող քաղաքացիների համար ակնհայտ է, որ ներկայիս “ընտրախավը” հանդիսանում է հանցագործ ու անձեռնհաս կեղեքիչների խումբ, որը պետությունը  վերածում է գաղութի. և որը,  ազգային շահերին համապատասխան կառավարելու փոխարեն, հարմարվելով միջազգային կոնյուկտուրային, իր նպատակն է դարձրել սեփական կլանային շահերի  իրացումը ժողովրդի, երկրի ու պետության հաշվին:



Քաղաքացիները այլընտրանքային ընտրությունների միջոցով ծնելու են մեր պատմությանը արժանի իսկական ընտրախավ` Հիմնադիր խորհրդարան,  նրան տալով իրենց  դեմքը լինելու, հանցավոր վարչախմբին հեռացնելու և քաղաքական ճահիճը մաքրելու լիազորություններ:



Շնորհավորելով մեր ժողովրդի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը ` Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ կուտակելով մտավոր ու մասնակցային անհրաժեշտ ներուժ, այն առաջիկա տարում կառուցիկ և անկոտրում ընթանալու է դեպի  նշված նպատակի իրականացումը: