ԵԽՏՏԻԿ. Կային կասկածելի պահեր եւ ոչ երեւանցի ընտրողներ

ԵԽՏՏԻԿ. Կային կասկածելի պահեր եւ ոչ երեւանցի ընտրողներ
Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գնահատականը  Երեւանի ավագանու ընտրություններին



 



 



Երեւանի ընտրություններից հետո` Կոնգրեսը հորդորում է հայկական իշխանություններին օգտվել Եվրոպայի խորհրդում նախագահության հնարավորությունից` ընտրողների վստահությունը բարձրացնելու համար



 



Եվրոպայի խորհրդի կոնգրեսի 12 անդամներից բաղկացած պատվիրակությունը, ովքեր ներկայացնում են եվրոպական 9 երկրներ, ներառյալ ԵՄ տարածաշրջանների հանձնաժողովից երեք անդամներ, դիտարկել է Երեւանի Ավագանու ընտրությունները 2013թ.-ի մայիսի 5-ին: Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատվիրակության ղեկավար եւ զեկուցող Ստյուարտ Դիքսոնը (ՄԹ, ILDG) ներկայացրեց քվեարկության դիտարկման նախնական եզրակացությունները, որի արդյունքում ընտրվել է նաեւ Երեւանի քաղաքապետը:



 



Որոշ ընտրատեղամասերում նկատված առանձին միջադեպերի բացառությամբ, ընտրություններն ընթացել են հանգիստ եւ բնականոն եղանակով, եւ որ քվեարկությունը տեխնիկապես լավ էր պատրաստված, չնայած որ ձայների հաշվարկի գործընթացը` երբեմն քաոսային եւ դանդաղ, հետագա բարելավման կարիք ունի: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը /ըստ Ընտրական օրենսգրքի պահանջի ԱԺ-ում ներկայացված յուրաքանչյուր կուսակցություն եւ դաշինք այնտեղ ունի մեկ ներկայացուցիչ, ինչպես նաեւ կա երկու ներկայացուցիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից/  ավելի մեծ հնարավորություն էր ընձեռում մրցակցող կողմերին դիտարկել միմյանց:



 



Յուրաքանչյուր ընտրատեղամասում առկա տեսախցիկները եւ լայնածավալ տեսանկարահանումները, որոնք ստեղծում էին չափից ավել վերահսկվող գործընթացի տպավորություն, ինչպես նաեւ տեղական դիտորդների մեծ թիվը, որոնց պատկանելությունը որեւէ ՀԿ-ի կամ մամուլի կասկածելի մնաց Կոնգրեսի պատվիրակության համար:



 



Արդեն իսկ նախքան ընտրությունների օրը, պատվիրակությունը հասկացավ, որ կուսակցությունների եւ դաշինքների միջեւ առկա է բավական բարձր քաղաքական մրցակցություն, սակայն որոշ հանդիպումների ընթացքում նաեւ լսեց, որ պետական սեկտորի աշխատակիցների նկատմամբ եղել են ճնշումներ` քվեարկելու որոշակի ձեւով եւ նույնի մեջ համոզելու նաեւ այլ ընտրողների, ինչպես նաեւ եղել է ձայների վաճառքի կրկնվող խնդիրը:  Առկա է նաեւ այն քաղաքացիների հարցը, ովքեր այլեւս չեն բնակվում Երեւանում, սակայն մնացել են գրանցված բնակչության ռեգիստրում, եւ այդպիսով նաեւ ընտրացուցակներում: Այս խնդիրներին պետք է շտապ լուծում տրվի հայկական իշխանությունների կողմից, տեղային խնդիրները պետք է լուծվեն որոշակի համայնքում իրապես բնակվող քաղաքացիների կողմից, եւ առանց սպառնալիքների կամ դրամական խրախուսանքի ընտրական մթնոլորտը խիստ էական է քվեարկողների վստահության համար:



 



Հորդորում ենք իշխանություններին օգտվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջիկա նախագահության փաստից բարելավելու համար ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը նշել է, Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը ունի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ներուժ, սակայն միայն օրենքը չի կարող ապահովել դա: Փոփոխությունը կարող է ի հայտ գալ բոլոր շահագրգիռ կողմերի` այսինքն եւ իշխանությունների եւ ընդդիմության կողմից ցուցաբերված քաղաքական կամքի շնորհիվ:  Պետք է լինի արդար խաղ առանց ընտրությունների օրվան նախորդող սպառնալիքների եւ այլ խախտումների, ինչպես նաեւ պետք է լինի արդյունավետ բողոքարկման ընթացակարգ, որի նկատմամբ քաղաքացիները կունենան վստահություն: Միայն նման միջավայրը կարող է ապահովել իրապես ժողովրդավարական ընտրություն եւ այդպիսով բարձրացնել ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Ես լիահույս եմ, որ Հայաստանի նախագահությունը մեկ քայլ առաջ կնշանավորի այս առումով: