Իմ գործս լուսանկար քաշելն է (լուսանկարներ)

Իմ գործս լուսանկար քաշելն է (լուսանկարներ)
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Բարեւ ձեզ» խորագիրը:



 



Ցուցահանդեսը ներառում է աշխարհահռչակ լուսանկարչի աշխարհի տարբեր անկյուններում եւ ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկար: «Ստամբուլի աչք» անունը կրող Արա Գյուլերը լուսանկարել է իր ժամանակի ամենահայտնի մշակութային եւ քաղաքական դեմքերին` Բեռնար Ռասել, Ուինսթոն Չերչիլ, Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան, ստացել լուսանկարչության ոլորտում եւ Թուրքիայի կառավարության կողմից տրվող բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւները, ճանաչվել դարի լուսանկարիչ: «Ֆոտոժուռնալիզմի առաջին քաշած ֆոտոգրաֆս Աթաթուրքի արձանի կոտրելն էր 1948-ին,- պատմում է լուսանկարիչը լրագրողների հետ զրույցում ու շարունակում: - Իմ գործս լուսանկար քաշելն է, արվեստը սուտեն կելլա, արվեստը սուտ բան է….ամեն գիշեր Համլետ կը մեռնի, քանի՞ Համլետ կա աշխարհքին վրա: Օրինակ թատրոնը, կինոն արվեստ է, ռեժիսորը կորոշի ընթացքը, դա իրականության հետ կապ չունի, բայց լուսանկարը եղած բան մըն է` իրականության մասը, իրականությունն էլ սուտ չէ, սուտ չըլլալուն համար արվեստ չէ»: Մարդուն լուսանկարելիս Գյուլերն ուշադրություն է դարձնում ոչ թե նրա գեղեցկությանը, այլ բնույթին, իսկ Հայաստանի մասին նոր շարք անելու հարցին պատասխանում է՝ իր տարիքը հիշեցնելով. «85 տարեկան եմ, այդ տարիքում ի՞նչ պիտի էնես»: Գյուլերը պատմում է, որ 4 անգամ պատերազմ է գնացել, ու ակնարկում, որ պատերազմում իր տեսածից հետո հնարավոր է հիմա մեր դիմաց «մահացած» մարդ է նստած: Ապա, պատասխանելով երջանկության մասին տրված հարցին, ասում է, որ միշտ վազել է երջանկության հետեւից, բայց այդպես էլ չի կարողացել այն ձեռք բերել, իր համար երջանկությունն այն է, ինչ օբյեկտիվի միջից տեսնում է, իսկ երջանիկ պահի մասին ասում է` «չեղավ»:



 



Նշանավոր լուսանկարիչը նաեւ ընդգծեց, որ հայ լինելն առավելություն է, երբեք չի թաքցրել իր հայ լինելը, եւ դա իր համար ոչ մի խնդիր չի առաջացրել Թուրքիայում. «Մամայես կողմեն 400 տարվա պոլիսցի եմ, պապայիս կողմեն Շապինգարահիսարից եմ»: Այնուամենայնիվ, չցանկացավ խոսել քաղաքականությունից. «Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները թող գրողի ծոցը գնան»: Խոսելով Խորհրդային Միության ժամանակ Հայաստան կատարած իր վերջին այցի մասին, Գյուլերը նշեց, որ այսօր շատ բան է փոխվել այստեղ. աչքի զարնող առաջին փոփոխությունը բարձրակրունկ կոշիկներ հագած աղջիկներն են. «Բարձր, բարձր կրունկներ են հիմա բոլորն այստեղ հագնում»:



 



Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի