Սպիտակի քաղաքապետն ապտակել է 71-ամյա բնակչին

Սպիտակի քաղաքապետն ապտակել է 71-ամյա բնակչին
Երեկ` հուլիսի 9-ին միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Միջադեպը եղել է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի և քաղաքում շինարարություն իրականացնող 71-ամյա Լևիկ Մարյանի միջև: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապվեցինք Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ: Վերջինս հաստատեց տեղի ունեցած միջադեպը, այն որակելով որպես «իրար չհասկանալ»: «Առանձնապես բան չի եղել, հիմա պահ էր, իրար չհասկացանք, սաղի հետ էլ կպատահի: Գնացել էինք ջրագիծը սարքենք, ինձ ասեց դու հարց լուծող չես, ես էլ ցույց տվեցի, որ լուծող եմ»,-մենկաբանեց քաղաքապետը:

Միջադեպը, քաղաքապետի մենկաբանմամբ, տեղի է ունեցել այսպես. Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որի ժամանակ աշխատող տրակտորը պատահմամբ վնասել է փողոցով անցնող ջրագիծը: Քաղաքապետարանից, նշված ջրագիծը նորոգելու համար բրիգադ է մեկնել, նրանց հետ Տեր-Սիմոնյան փողոց է գնացել նաև Գագիկ Սահակյանը: Այստեղ էլ տեղի ունեցած վիճաբանությունից հետո վերջինս ապտակել է բնակչին:

Քաղաքացին, ում հարվածել է Գագիկ Սահակյանը, դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին, սակայն սա, քաղաքապետի մեկնաբանմամբ, իր հեղինակության առանձնապես չի կարող ազդել. «Դե հմի ամեն վիճաբանության համար հո ոստիկանություն չեն դիմի, իհարկե դա իմ վրա հետևանքներ չի թողնի»,-ասաց նա:

Միջադեպի հետ կապված նյութերն ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն:

Շուշաննա Գրիգորյան, Լոռու մարզ