Համակարգի «գաղտնիքը»

Համակարգի «գաղտնիքը»

Ստեփան Դանիելյանը գրում է. «Երկիրը փլուզելու տեխնոլոգիաները կարելի է երկար թվարկել, սակայն կարեւոր է հասկանալ, որ միշտ չի, որ այն փլուզում են դրսից, չնայած նման օրինակներ շատ կան: Հաճախ երկիրը միտումնավոր կերպով փլուզում են ներսից:



Ո՞րն է պատճառը:



Պարզ է, որ երբ իշխանությունը յուրացնում է հակաժողովրդական խմբավորումը, որի նպատակները տրամագծորեն հակառակն են հանրային շահին եւ սպասարկում են միայն իշխանությունը բռնազավթած խմբավորման շահադիտական նեղ նպատակներին, ապա առաջանում է խնդիր. կատարված բազմաթիվ հանցագործությունների համար օրենքով նախատեսված պատժից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջանում որքան հնարավոր է` երկար պահել զավթված իշխանությունը:



Այդ դեպքում հասարակությունը վերածվում է ոչ թե իշխանության պարտնյորի, հանուն ընդհանրական նպատակների, այլ թշնամու, որը կարող է օրինականության եւ սահմանադրական կարգի հաստատումից հետո պատժել հանցագործներին: Ինքնափրկության բնազդներից ելնելով` հանցախումբը պետք է քայքայի իր պոտենցիալ թշնամուն` հասարակությանը: Քայքայման համար պետք է արժեզրկել այն հնարավոր արժեքային համակարգը, որը կկարողանա միավորել հասարակությանը, որի հետեւանքով հասարակությունը վերածվում է իրար նկատմամբ թշնամությամբ լցված ամբոխի: Բնական է, որ մարդիկ միմյանց մեղադրելու են նման ռեժիմների դեմ չպայքարելու, միավորման անկարողության համար: Արդյունքում «պարզվում» է, որ մեղավորը ժողովուրդն է: Դրա համար վարվում է համապատասխան հարկային, «մշակութային», «կրթական», ինֆորմացիոն քաղաքականություն: Սակայն դա բավական չի:



Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման ռեժիմները լինում են խիստ անկայուն, ոհմակային արժեհամակարգով կառավարվող, եւ օրինականության բացակայության պայմաններում նրանց ներսում տեղի է ունենում իշխանության պայքար, որը երբեմն ավարտվում է հեղաշրջումներով: Այս պայմաններում հանցախմբի թիրախում հայտնվում է ոչ միայն հասարակությունը, այլեւ հենց հանցախմբի բաղադրիչ հատվածները: Իշխանության կողմից աջակցվող ինֆորմացիոն դաշտն «անհասկանալի» կերպով վարկաբեկում է հենց ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներին, որը երբեմն հանրության կողմից ընկալվում է որպես անկախ մամուլի գոյության փաստ: Սակայն իրականությունն այն է, որ իշխանության համար ընթացող իրական պայքարն ընթանում է հենց ռեժիմի ներսում, եւ մամուլի ու կուսակցությունների հիմնական առաքելությունը հանդիսանում է ռեժիմի ներսում բուն դրած «դիսիդենտների» սանձահարումը:



Սա է Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական «գաղտնիքը»: Սակայն բոլորին պարզ է, որ նման իրավիճակն ունի կայունության սահմանափակ հնարավորություններ, որից հետո ռեժիմները կորցնում են ինքնապահպանման վերջին ռեսուրսները: Իքս պահին, երբ առաջանում են կրիտիկական իրավիճակներ, պարզվում է, որ համապատասխան հաստատությունները սաբոտաժի են ենթարկում կենտրոնական իշխանության հրահանգները: Դա նման կարգի ցանկացած իշխանության ավարտն է»: