Լֆիկին ավելի մեծ լավաշ են տալիս. սա է նրա ու երեք լավաշ վերցնողի տարբերությունը

Լֆիկին ավելի մեծ լավաշ են տալիս. սա է նրա ու երեք լավաշ վերցնողի տարբերությունը

Ինչպիսի՞ մարդ լինես, որ իշխանության աչքին դուրալի լինես: Գուշակելու կարիք չկա, կառույցն ինքը մեսիջ է ուղարկում. ստրուկ: Եթե դու իշխանության ստրուկն ես, ճորտը, ուրեմն ինչ որ բան կարող ես ակնկալել: Կարող ես դառնալ պատվավոր քաղաքացի, միակ երգչուհի, պատգամավոր, կարող ես հանցագործություն կատարել ու ազատ ճեմել, դառնալ օլիգարխ կամ էլ կարող ես մի երեք լավաշ ստանալ: Փակ շուկայի մեսիջը պարզ վկայություն է, թե ինչ միջոցներով է իշխանությունը ստրկացնում մարդկանց: Հասցնել այն վիճակին, որ մարդիկ ուղեղներն աշխատեցնեն սովածի բնազդով ու գործի անցնել: Մի կողմում կանգնած է երկրի մտահոգ քաղաքացին, որին անգամ չի ընկճում քաղցը, հետապնդումը, մյուս կողմում մարդիկ, որոնք էլ չեն դիմանում քաղցին ու օրակեր ճանկելու մասին են մտածում: Դրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են ընդունելու իշխանության առաջարկած ստրկությունը: Ովքեր համաձայն են դրան, Լֆիկը մի քանի լավաշ է տալիս՝ անունը դնելով բարեգործություն: Ստրկացե՜ք, ես ձեզ աշխատատեղ կտամ, հետո քթներովդ կհանեմ, այդ մի քանի լավաշի տեղ մի ամբողջ փուռ լավաշ ձեռք կբերեմ: Սա է ընդհանուր տրամաբանությունը, մարդկանց միջից հանել իրենց գնահատելու արժևորությունն ու վերածել ստրուկների: Եվ չեն խորշում այդ ստրուկ հոգիներին հանել իրենց եղբայրների, քույրերի դեմ: Ու հեռվում կանգնած՝ գոհ ու հպարտ ծիծաղել և աչք –ունքով ժպտալ այն ոստիկաններին, ովքեր պատ են կազմում, որ այդ երկու կողմը «չարություն չանեն»: Նույն մեթոդները գործում է նաև վերևում՝ լավաշի տեղ ավելի մեծ բան են շպրտում: Լֆիկն ինքը չի պատկերացնում, որ նա երեք լավաշ վերցնող ու իր հայրենակցի դեմ դուրս եկող մարդուց ոչնչով չի տարբերվում: Նրան ավելի մեծ լավաշ են տալիս՝ տարբերությունը սա է, ուրիշ ոչինչ: Նա նույն ստրկության շղթայով է կապված ու անում է այն, ինչ ասվում է:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ